Ովքեր են ՔՊ-ում ամենաՉսիրվածները. վարկանիշային քվեարկության առաջին փուլի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.02.2026 | 20:15Ներկուսակցական ընտրություններին մասնակցած ՔՊ պատվիրակներից 38-ը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանին տեսնել կառավարման երրորդ ժամկետում։ Երեք օր տևած քվարկությամբ իշխող ուժը ռեյտինգավորեց կուսակցական և անկուսակցական թեկնածուներին 2026-ի ընտրական ցուցակում ներառելու համար։ Ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական, վավեր է եղել 932 քվեաթերթիկ։ Նրանցից 894-ն է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։ 38 կուսակցական է դեմ եղել Փաշինյանի առաջադրմանը։
Այնուհանդերձ, գործող վարչապետը վարկանիշով առաջատարն է իր ղեկավարած կուսակցությունում։ Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է՝ 780 քվեով։ Պապիկյանը ներկուսակցական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էր պաշտպանության ոլորտի ձեռքբերումները։
Երրորդ տեղը զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարար, նախկինում ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը՝ 765 քվեով, նրան հաջորդում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս դասավորությունը, սակայն, փոփոխության է ենթարկվելու։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց։
«Օրենքի պահանջի համաձայն՝ ցուցակը կբերվի ԸՕ-ի պահանջին համապատասխան տեքսի, կլրացվեն կանանց քվոտաները, դրան կհաջորդի շատ քվե ստացած առաջին 50 թեկնածուների երկրորդ փուլի քվեարկությունը»,- նշում է նա։
Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ուղեկցությամբ իր պարային ունակությունը ցուցադրած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ 13-րդ տեղից դիրքերը կբարելավի միանգամից 10 հորիզոնականով և 554 քվեով կզբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ լինելով առաջին կին թեկնածուն։ Պապոյանն ու Միրզոյանը Ավանեսյանից հետո կլինեն ցուցակում, իսկ նրանց կհաջորդի պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Այս պահի ցուցանիշներով՝ ցուցակը շարունակվում է հետևյալ կերպ․ Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, Արուսյակ Ջուլհակյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան, Հասմիկ Հակոբյան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 13-րդն է լինելու։
ԱԺ նախագահին հաջորդում է վերջերս երաժշտական ձգտումներով հանրությանը ներկայացած աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նրան հաջորդում են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
18-րդ համարն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է։ Նա ցուցակի առաջին անկուսակցականն է։ Ի դեպ, 50-յակի մեջ Գալյանը միակ անկուսակցականն է։ Մարտին տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցելու են միայն շատ քվե ստացած հիսուն թեկնածուները։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով պատգամավոր դառնալու հայտ էր ներկայացրել 274 թեկնածու։ Թե նրանցից քանիսն է անկուսակցական, ՔՊ-ից այսօր պաշտոնապես չասացին։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ խոսքը 30-33 թեկնածուի մասին է։ Նրանք ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ին վճարել են 1,5 մլն դրամ։ 30 թեկնածուի ընդհանուր վճարած գումարը կազմում է 45 մլն դրամ։ Եվս կես մլն դրամ էլ վճարել են կուսակցական թեկնածուները, ընդհանուր՝ 122 մլն դրամ։ Այս գործընթացով ՔՊ-ն իր բյուջե մուտքագրեց շուրջ 170 մլն դրամ։ Թեկնածուները, անկախ հավաքած քվեներից և վերջնական ցուցակ ընդգրկվել-չընդգրկվելուց, այս գումարը հետ չեն ստանալու։
Անդրադառնալով երկրորդ փուլի համար ձևավորված հիսունյակին և ՔՊ գործող պատգամավորներին՝ նշենք, որ երկրորդ փուլի մրցապայքարից դուրս է մնացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրան հաջորդ խորհրդարանում տեսնելու ցանկություն է հայտնել 225 ՔՊ-ական։ Գագիկ Մելքոնյանը, որն անկուսակցականի կարգավիճակին վերջերս էր հրաժեշտ տվել, նույնպես երկրորդ փուլ չի անցել։ Նրանց բախտին է արժանացել նաև հանձնաժողովի նախագահներից Վաղարշակ Հակոբյանը։ ՔՊ-ում, ըստ այս արդյունքների, բավարար ռեյտինգ չունի նաև արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ինքնատիպ լուսանկարով քարոզարշավի դուրս եկած Խանդանյանին 282 քվե է բաժին հասել։ Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերն առանց քննարկման կիսող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը ևս լավագույններից ցանկում չէ՝ 135 քվեով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան