«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
Քաղաքականություն
15.02.2026 | 13:44
Մենք նպատակահարմար գտանք խնդրել ռուս գործընկերներին՝ հեռանալ օդանավակայանից, հեռանալ մի քանի վայրերից, որտեղ նրանք հսկում էին հայ-ադրբեջանական սահմանը։ Եթե նպատակահարմար համարենք, կսկսենք խոսել Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին, բայց այս պահին մենք դա չենք քննարկում։ Ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին, որ Երևանից հավաստիացումներ են հնչում Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան չի փակվի, արդյո՞ք այն ծառայում է Հայաստանի շահերին։
«Եկեք նայենք քարտեզին, թե որտեղ է գտնվում Հայաստանը և ինչ մարտահրավերներ ունի։ Ենթադրենք, ես չեմ ասում, որ ռուսական ռազմաբազան հարյուր տոկոսանոց երաշխիք է այն ամենի, ինչ հնարավոր է, բայց, միևնույն ժամանակ, մեր տարածաշրջանում, առավել ևս՝ ներկայիս իրավիճակում, սրել և շատ կտրուկ քայլեր անելը սխալ է։ Գուցե դա լավ հնչի, բայց ռեալ քաղաքականության մեջ, իրականում դա այդպես չէ»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ռազմաբազան Գյումրիից հանելու դեպքում Ռուսաստանը կարող է ներխուժել Հայաստան, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ չգիտի, հակառակի երաշխիք չկա։
«Դուք հիշատակեցիք Ուկրաինան, մենք հիմա բոլորս խոսում ենք Ուկրաինայոււմ պատերազմի մասին։ Եվ, ենթադրենք, ինչ-որ երկիր, չանվանենք այն Ռուսաստան, X ինչ-որ երկիր հարձակվում է Հայաստանի վրա։ Ի՞նչ է անելու աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը։ Ի՞նչ է անելու ՆԱՏՕ-ն։ Հայտարարություններ, հայտարարություններ և ոչինչ։ Ահա մենք, սա հասկանալով, առաջ ենք գնում, փորձում ենք հավասարակշռել»,- ընդգծել է նա։