Կույրերի միավորման նախագահն արձագանքել է միավորման անդամների մեղադրանքներին
Հասարակություն
10.02.2026 | 11:44
«Կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն արձագանքել է Factor TV-ի «Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով» հրապարակմանը։
Հիշեցնենք, որ «Կույրերի միավորման» անդամները Factor TV-ին ահազանգել են միավորման տարածքները շուկայականից մի քանի անգամ էժան գնով և երկարաժամկետ վարձակալության հանձնելու և մի շարք այլ խնդիրների մասին։
Ռաֆիկ Խաչատրյանի հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։
–Պարոն Խաչատրյան, միավորման անդամների պնդմամբ՝ Կույրերի միավորումը նախկինում երկարաժամկետ պայմանագրեր է կնքել և միավորման տարածքները էժան գնով տվել վարձով, հետո դրանք ենթավարձակալության են վերցրել շուկայականից երեք, չորս, հինգ անգամ թանկ գնով։ Ընդ որում՝ կան նաև տարածքներ, որոնք ոչ թե նախկին նախագահի, այլ Ձեր նախագահության օրոք են տրվել վարձակալությամբ։ Այսինքն՝ Դուք էլ եք շարունակում պրակտիկան։
– Պրակտիկան նույնը չէ։ Նախ՝ տարածքները չեն տրվում երկարաժամկետ, երկրորդը՝ չեն տրվում էժան։ Ամեն մի պայմանագրի մեջ, ամեն մի վարձակալված տարածքի մեջ պիտի խորանալ։ Կան տարածքներ, որոնք տարիներով ազատ են եղել, եթե ոչ հարյուրավոր, տասնյակ մարդիկ եկել են, և այն գինը, որով ցանկություն է եղել դրանք վարձով տալ, չեն տվել։ Ինչո՞ւ եք մոռանում ժամանակները։ Այսօրվա գինը տասը տարի առաջ չկար։
-Բնական է, որ տասը տարի առաջ և այսօր տարածքների վարձակալության գինը փոխվել է, բայց Ձեզ մեղադրում են ոչ թե 10 տարի առաջվա, այլ ներկայում՝ Ձեր նախագահության օրոք Կույրերի միավորման տարածքները շուկայականից էժան գնով վարձակալության հանձնելու մեջ։
-Ժողովուրդը մի խոսք ունի, ասում են՝ «լեզուն ոսկոր չունի, ինչ ուզեն կասեն»։ Էդ նույն մարդկանցից մեկը մեր նախագահության անդամ է անքան ժամանակ, ինչքան ես նախագահ եմ աշխատել։ Բագրատ Մակարյանի մասին եմ ասում։ Մակարյանը քանի՞ որոշման է դեմ քվեարկել, իսկ այդ բոլոր որոշումները նախագահության նիստով են անցել։ Քանի՞սն է դեմ քվեարկել, քանիսն է ասել, որ էժան է։ Իսկ որն առերևույթ էժան է թվում, նրա տակ էլի ինչ-որ բան կա․ կա՛մ անհարմար է, կա՛մ վիճակը շատ վատ է և բավականին ծախս է պահանջում։
-Օրինակ՝ Կոմիտասի պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի տարածքը բարեկարգ է, բայց Ձեր օրոք այդ տարածքի վարձակալության պայմանագիրը վերակնքվել է ու սահմանվել մոտ 2 մլն դրամ։ Դա էժան չէ՞ այդ տարածքի համար։
-Հակառակը, իմ օրոք երկու անգամ «ՍԱՍ» սուպերմարկետի վարձավճարը բարձրացվել է։
-Շուկայականին համարժե՞ք է բարձրացվել։
-Այդ ո՞վ է ասում՝ շուկայականը ինչքան է։
-Նույն հատվածում ավելի թանկ գնով տարածքներ կան վարձակալությամբ տրված։
– Հիմա ես կպատմեմ «ՍԱՍ» սուպերմարկետի պատմությունը։ Իմ օրոք չի տրվել, բայց «ՍԱՍ» սուպերմարկետի տարածքը միավորմանն է փոխանցվել քայքայված, ավերված վիճակում։ Վարձակալելուց հետո «ՍԱՍ» սուպերմարկետը և՛ առաջին հարկն է առաջ բերել, մտցրել մեր վկայականի մեջ (մենք կարող ենք ցույց տալ նախկին չափը և հիմիկվա վկայականները), և՛ նկուղ է փորել, տարածք ստեղծել, ու նույն գնով վերցնում է, զրոյական նկուղը՝ վերևի գնով, որը ինքն է ստեղծել, ինքն է սարքել։ Նույնը՝ Իսահակյանի «ՍԱՍ»-ն է արել, իր չափով նկուղ է փորել, դարձրել բարեկարգ և պայմանագրի մեջ մտցրել։ Դե հիմա ասեք՝ թա՞նկ է, թե՞ էժան։ Ես գտնում եմ, որ էլի էժան է, բայց դա տրվել է սրանից 15 տարի առաջ և իմ օրոք երկու անգամ էդ գինը բարձրացվել է և էլի պիտի բարձրացվի։
-Ինչքա՞ն պիտի բարձրացվի։
-Դա ինձանից չի կախված, իրանց բարի կամքից է կախված։ Ինքը կարող է ընդհանրապես չբարձրացնի, չհամաձայնվի, որովհետև պայմանագրում գրված է՝ փոխադարձ համաձայնությամբ։ Կարող է ընդհանրապես ասի՝ չեմ էլ բարձրացնում։
-Ասում եք, որ Ձեր օրոք Կույրերի միավորման տարածքները երկարաժամկետ չեն տրվել վարձակալության։ Բայց ես հիշում եմ, որ պայմանագրերում վարձակալներից մեկին՝ Մարինե Հասրաթյանին մինչև 2038 թվականը վարձակալությամբ տարածք է տրամադրվել Ձեր նախագահության ժամանակ։ Դա երկարաժամկետ չէ՞։
–Այդ տարածքը անբարեկարգ վիճակում էր։ Մի տեղ, որ համալսարան է գործել տասնյակ տարիներ, դրանից հետո ի՞նչ վիճակում կլինի։ Իսկ մենք ի վիճակի չենք դա վերանորոգելու։ Իսկ վերցնողը չի վերցնում մեզ համար, չի կարող հա՛մ վերանորոգել, հա՛մ նույն գնով, ինչ որ մեզանից վերցրել է, տալ ուրիշի կամ ինքը օգտագործել։ Բնական չի՞, որ նա էլ իր շահը պետք է ունենա։ Այդ տարածքի մասին էի ասում, որ մի տարուց ավելի համալսարանից հետո դա ազատ է մնացել։ Ես նոր էի նախագահ դարձել, 16 ամսվա աշխատավարձի պարտք ունեինք։ Մի տարի տառապեցինք, չկարողացանք վարձակալության հանձնել, միայն մի սենյակն էր տրված։ Հետո այդ մարդը վարկ վերցրեց, որը մենք չէինք կարող, ու էդ տարածքը բարեկարգեց։
-Ասում եք՝ տառապեցինք, չկարողացանք վարձով տալ, ի՞նչ ձևով էիք փորձում վարձակալ գտնել։ Հրապարակային հայտարարություն կա՞ր որևէ տեղ։
-Այո, հայտարարություններ են եղել List.am-ում և «Գինդ»-ում։ Գալիս էին, ասում՝ վերանորոգում չկա, ես ինչի՞ պիտի մեկ քառակուսու համար 5000 կամ 6000 դրամ Ձեզ վճարեմ։ Չէին տալիս։ Վերջը մարդը փող է դրել, տոկոսով բանկից փող է վերցրել, իր տունը գրավ է դրել։ Բնական չի՞, որ նա եկամուտ պիտի ստանա։ Միավորման եկամուտը վերջին յոթ տարում՝ իմ աշխատած ժամանակ, կրկնապատկվել է վարձավճարների բարձրացման հաշվին։ Ես ձեզ ապացույցներով կարող եմ ասել, թե ինչքան սխալ ինֆորմացիա են Ձեզ տրամադրել։
- Հրապարակման մեջ ասվում է, որ Իսահակյան 18-ում 4000 քառակուսի մետրը ծառայում է ոչ կազմակերպության հիմնական նպատակներին, այլ հանձնված է վարձակալությամբ։ Մինչդեռ այս շենքը 3361.5 քառակուսի մետր է, որից որոշ հատված օգտագործվում է նախագահի աշխատակազմի, հրատարակչություն և երաժշտական կոլեկտիվների կողմից։ Վարձակալության տրված է ընդամենը 2102 քառակուսի։
- Հայտնում են, որ միավորման տարածքները նախկին և ներկա նախագահների և նախագահության անդամներին փոխկապակցված անձանց տրված է վարձակալությամբ։ Նախկին նախագահին փոխկապակված անձանց եղել է, բայց ներկա նախագահին փոխկապակցված անձի որևէ տարածք առկա չէ։
- Նշվում է, որ Քաջազնունի 1 հասցեում նախկին տնօրենի հարս Ռուզաննա Գևորգյանը 94.080 դրամով տարածք է վարձակալել մինչև 2035 թվական։ Ժամկետը ճիշտ է նշված, բայց վարձակալության վճարը 2017 թվականի մարտի 1-ին դարձել է 234, 19-ին՝ 257, 22-ին՝ 351։ Ասում եք, որ այդ տարածքը տրված է ենթավարձակալության 500 հզ դրամով, բայց վարձակալը եկամտային հարկ է վճարում, մյուս հարկերը, իրեն չգիտեմ՝ հարյուր հազար մնում է, թե՞ չէ։
- «Ծիրան» սուպերմարկետի վերաբերյալ։ Ձեզ հայտնում են, որ այդ տարածքը «Էդմանս» ՍՊԸ-ին վարձակալության է հանձնված 286 հզ դրամով, բայց իրենք մեզ վճարում են 450.000, իսկ «Ծիրան» խանութին ենթավարձակալության են հանձնել 1 մլն դրամից ավելի գնով։ Այո՛, ճիշտ է, շատ էժան է տված այդ տարածքը, ճիշտ է շատ երկար ժամկետով է տրված, դա չեմ վիճարկում։ Բայց դա եղել է գալվանական արտադրամասի տարածք։ Այստեղ կիսլատայով են աշխատում, ամբողջ պատերը, առաստաղը, հենասյուները քայքայվել էին։
- Ասվում է, որ Կույրերի միավորման ընդհանուր գույքի կադաստրային արժեքը 11 միլիարդ դրամ է, բայց 10 մլրդ 845 միլիոն է։
- Վահե Արզումանյանն ասում է, որ Արզնիի առողջարանը 70 հզ դոլարով վաճառելու մասին խոսք է եղել, իրենք չեն համաձայնել, մինչդեռ իրականում հենց ես չեմ ցանկացել վաճառել։ Իրենք դրանից անգամ տեղյակ չեն եղել, հետո ես եմ իրենց պատմել։ Ամեն ինչից զատ՝ մենք վաճառելու իրավունք չունեինք․ կանոնադրությունն արգելում էր։
- Վահեն ասում է նաև, որ չունենք աուդիոգրադարան, ուսումնական ոչ մի պրոցես չի իրականացվում, օտար լեզուներ և այլն։ Մինչդեռ ինը աուդիոգրադարան ունենք։ Եվ հետո՝ մենք ուսումնական կենտրոն չենք, մենք հաշմանդամների հասարակական կազմակերպություն ենք, մենք ի՞նչ գործ ունենք ուսումնական ծրագրերի հետ։ Մենք ինչ կարողանում ենք, անում ենք, ինչի պահանջը լինում է, անում ենք։ Երիտասարդների համար գեղարվեստական, պարի, սպորտային միջոցառումներ ենք անում, մեծերին ֆինանսապես ենք օգնում, տնտեսապես ենք օգնում։ Մենք ծրագիր ենք իրականացնում՝ տեսողություն խնդիր ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում։ Հենց Վահեն էլ էդ ծրագրում աշխատում է՝ որպես դասընթացավար։
-Եթե Դուք բարեխիղճ եք գործել, այդ դեպքում միավորման անդամներն ի՞նչ են ուզում Ձեզնից։
-Դե գիտեք՝ առանձին զրույցներ են լինում, ես չեմ ցանկանում ամեն ինչը ջրի երես հանեմ կամ ուրիշների համար հասանելի դարձնեմ։ Ես չէի ուզի էս մասին գրել։ Վերջիվերջո, միավորումն այդ երեք անձինք չեն, որոնց հետ Դուք խոսել եք։ 1200 հոգի է։
Նշենք, որ մինչև տեսանյութի հրապարակումը Factor TV-ն փորձել էր կապ հաստատել Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի հետ, սակայն մեր զանգերը մնացել էին անպատասխան։
Արաքս Մամուլյան