Դիլիջանում «Հայկական գործվածքի թանգարան» կբացվի

Լուրեր

10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 12:02
Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:53
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան բազաներին
10.06.2026 | 11:45
Երազում են ՔՊ-ից պատգամավոր վերցնել. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:44
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիլիջանում փետրվարի 7-ին, ժամը 13:30 Կալինինի 5 հասցեում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարան»-ը։ Ծրագիրն իրականացվում է Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես կգա նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը տեղակայված է Դիլիջանի պատմամշակութային նշանակության շենքում, որը կառուցվել է 1896 թվականին և սերտորեն առնչվում է հայ մշակույթի նշանավոր դեմքերի գործունեության հետ։ Թանգարանը նպատակ ունի վերաիմաստավորել գործվածքի դերը հայ մշակութային ինքնության, ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից համայնքային զարգացման համատեքստում։ 

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի  անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, ով բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։ 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանն իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը։

Թանգարանի հավաքածուն բաղկացած էր ժողովրդական արվեստի առարկաների նրա անձնական հավաքածուից, նշանավոր գիտնական Սերիկ Դավթյանի անձնական հավաքածուից, ինչպես նաև Դիլիջանում այդ պահին գործող վարպետների աշխատանքներից: Թեև ներկայացված էին ժողովրդական արվեստի ոլորտի տարբեր ճյուղերը, սակայն հիմնական շեշտադրումը հայկական գործվածքի ուղղությամբ էր: Դա պայմանավորված էր նրանով, որ Հովհ. Շարամբեյանը և Սերիկ Դավթյանը համատեղ կազմել էին հայկական ասեղնագործության և ժանյակի վերակենդանացման մեծ ծրագիր, իսկ թանգարանը դարձրել էին ֆիզիկական այն միջավայրը, որտեղ ամփոփվում էր ծրագրի առանցքային մասը: 

Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ Դիլիջանի թանգարանն ի սկզբանե ունեցել է հայկական գործվածք ներկայացնելու հատուկ շեշտադրված նպատակ: Հետագայում ժողովրդական արվեստի մյուս ճյուղերը աստիճանաբար սկսեցին ավելի լայն կերպով ներկայացվել թանգարանում:

2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով շենքում սկսվել են վերականգնման աշխատանքները: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

Այսօր Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ իրենց տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ: 

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրը և կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը: 

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը, էթնիկ ինքնության ձևավորմանը և համայնքային մշակութային կյանքի ակտիվացմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը՝ առաջարկելով բովանդակային, ամբողջական և ժամանակի պահանջներին համապատասխան թանգարանային փորձառություն։ Վերականգնված շենքի համեմատաբար կոմպակտ չափերը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։