Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է գերմանական ակումբ տեղափոխվելուն
Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը մոտ է գերմանական «Նյուրնբերգ» տեղափոխվելուն, հաղորդում է Kicker-ը՝ հղում անելով խորվաթական Sportske Novosti-ին։
Սպասվում է, որ առաջիկայում կողմերը պաշտոնապես կհայտարարեն 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նյուրնբերգը» հրաժեշտ է տվել պաշտպաններ Ռոբին Կնոխեին, Օնդրեյ Կարաֆիատին, Թիմ Դրեքսլերին և հիմա փնտրում է պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ։
«Նյուրնբերգի» գլխավոր մարզիչը Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն է։ Թիմը հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում, որի 20-րդ տուրից հետո 26 միավորով 10-րդ տեղում է։
Ստյոպա Մկրտչյանը 2023թ. հուլիսին «Արարատ-Արմենիայից» է տեղափոխվել «Օսիեկ», որի կազմում 19 հանդիպման է մասնակցել այս մրցաշրջանում։ Հայաստանի հավաքականում պաշտպանը նորամուտը նշել է 2022 թվականին ու մինչև օրս անցկացրել է 23 խաղ։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։