ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.01.2026 | 21:00Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Factor TV-ի եթերում պարզաբանումներ է ներկայացրել TRIPP ընկերության ստեղծման վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության, դրանում տեղ գտած սահմանային նոր մեխանիզմների վերաբերյալ։ Խոսելով փաստաթղթի իրավական կշռի մասին՝ պատգամավորը հստակեցրել է.
«Այս փաստաթուղթը, այս հայտարարությունը իրավական ուժ չունի, որովհետև այն պայմանագիր չէ և չի վավերացվելու։ Սա արտգործնախարարի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի համատեղ ընդունած հայտարարություն է, և դրանից հետո է, որ իրավական փաստաթուղթ է կազմվելու և ստորագրվելու։ Սա շրջանակն է, սա այն հանձնառությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստանձնում են՝ իրականացնելու TRIPP նախագիծը»։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե, իբր, Հայաստանի պետական մարմինները չեն իրականացնելու վերահսկողություն, Խանդանյանը հերքել է այդ պնդումները՝ նշելով.
«Ստացվում է ճիշտ հակառակը։ Ստացվում է, որ այս փաստաթղթով, ինչպես մի քանի անգամ նշվում է, Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունները ունենալու են լիակատար ներկայություն ենթակառուցվածքների վրա, անցակետերում և այլն, և իրականացնելու են իրենց լիազորություններից բխող գործառույթներ»։
Խանդանյանը մանրամասնել է հայտարարության մեջ նշված «Front Office» (առաջնային գրասենյակ) և «Back Office» (հետին գրասենյակ) մոդելը՝ ընդգծելով, որ դա նորարարություն է լինելու Հայաստանի սահմանային անցակետերում.
«Լինելու է այդ Front Office, Back Office կամ ընդունարան-գրասենյակ մոդելով տարբերակը, որտեղ Front Office-ի աշխատակիցները, որոնք կարող են լինել մասնավոր ընկերության աշխատակիցներ՝ ընտրված «Թրամփի ուղի» ընկերության կողմից, աջակցող, սպասարկող գործառույթներ են իրականացնելու։ Փաստաթղթերն են հավաքելու, համապատասխան վճարումներն են հավաքելու, աջակցելու են քաղաքացիներին… Բայց հետո արդեն միգրացիոն գրասենյակում, անձնագրային գրասենյակում որոշումները կայացնում են պետական մարմինները։ Այդ որոշումների կայացումը լիակատար, միանշանակ իրականացնելու են Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայությունների աշխատակիցները»։
Անդրադառնալով այն հստակեցնող հարցին, թե արդյոք ՀՀ մաքսային և անվտանգային ծառայողները զննելու են բեռները կամ անձանց, Խանդանյանը պատասխանել է.
«Այո, միանշանակ։ Բոլոր ձեր նկարագրած իրավիճակներում այդ գործառույթներն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության մաքսային, սահմանային, իրավապահ համակարգի մարմինների աշխատակիցները։ Նրանք հասանելիություն են ունենալու ամբողջ ենթակառուցվածքների, բոլոր տեսակի ենթակառուցվածքների, ողջ տարածքի վրա… Այդ գործառույթները, Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը սահմանային, մաքսային հսկողության վրա անքննարկելի և բացարձակ է»։
Պատգամավորը նաև շեշտել է, որ այս նախագծի շնորհիվ Հայաստանի տարածքով տարանցումը պետք է լինի արագ և արդյունավետ, ինչը բխում է նաև Ադրբեջանի շահերից, եթե վերջինս օգտվի այդ ճանապարհներից.
«Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը ևս շահագրգռված է, որ իր տարածքով, թե՛ Ադրբեջանի հիմնական տարածքով, և թե՛ Նախիջևանով անցումը լինի արագ»։
Անդրադառնալով ռուսական կողմի, մասնավորապես՝ Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին, թե Ռուսաստանը կորցնում է Հայաստանը և որ ՌԴ-ն պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, Խանդանյանը նշել է.
«Ռուսաստանի հետ Հայաստանի առնվազն առևտրատնտեսական հարաբերությունները իրենց տեղում են, քաղաքական հարաբերություններն են իրենց տեղում, և Հայաստանը որևէ միտում չունի խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան