Երևանն ու Անկարան պայմանավորվել են, իսկ խաղաղության պայմանագիրը սպասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.12.2025 | 20:00Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը․ դրանից հետո ՀՀ վարչապետը խաղաղության մասին պարբերաբար խոսում է որպես կայացած փաստի։ Factor TV-ն ներկայացնում է 2025-ի ընթացքում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ քայլերն ու բաց մնացած հարցերը։
«Երկար ժամանակ է՝ 35 տարի, իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են և ընկերներ են լինելու երկար ժամանակ»,- հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի նախաստորագրումից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հռչակագրի տակ, որպես վկա, իր ստորագրությունը դրեց նաև ԱՄՆ նախագահը։ Մի քանի օրից հրապարակվեց նախաստորագրված փաստաթղթի տեքստը։ Ըստ այդմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հանձն են առնում փակել թշնամանքի էջը, հաստատել դիվանագիտական, առևտրային և տրանսպորտային կապեր, վեճերը լուծել խաղաղ ճանապարհով, հրաժարվել միմյանց դեմ միջազգային իրավական հայցերից։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»,- սեպտեմբերի 28-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահն էլ սեպտեմբերի 8-ին հայտարարեց․ «Ես համոզված եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու, մենք կշրջենք առճակատման, արյունահեղության էջը և պայծառ, ապահով ապագա կապահովենք մեր երեխաների համար»։
Թրամփն այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակ չստացավ, սակայն համաձայնագրից հետո նոր թափ ստացան տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ քննարկումները։ Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի առանցքային բաղադրիչը «Թրամփի ուղին» է։ Այն ենթադրում է Մեղրիի տարածաշրջանով՝ Արաքսի ափով ձգվող 42 կմ երկարությամբ երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության, ինչպես նաև էներգետիկ և այլ ենթակառուցվածքների կառուցում։ Նախագիծը, որը հավակնում է դառնալ Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի հարավային առանցքը, նախատեսվում է իրականացնել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության միջոցով։
Ինչպիսի՞ն պետք է լինի անխոչընդոտ անցումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, գրված է փաստաթղթում։ Չնայած դրան՝ Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրենց խոսույթը։
««Զանգեզուրի միջանց», դա մեր երկրի մասին չէ։ Իրենք իրենց երկրի տարածքում ինչ անուն ուզում են, թող դնեն։ Դա մեր երկրի մասին չի»,- նշեց Փաշինյանը։
Մինչ հայկական կողմն ասում է՝ պատրաստ են հենց այսօր ստորագրել Խաղաղության պայմանագիրը, Բաքուն շարունակում է բարձրացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, որում, ըստ Ալիևի, կան տարածքային պահանջներ։
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Սահմանադրության մշակվող նախագծում Անկախության հռչակագրին հղումը կհանվի։ Նախաստորագրված համաձայնագրում խոսվում է նաև միջազգային ատյաններում ներկակայացված հայցերից հրաժարման մասին։
«Իմ պատկերացմամբ՝ ցանկացած բան, որը կարող է խոչընդոտ ստեղծել խաղաղության հաստատման համար, ուղղակի վերացման ենթակա է»,- Factor TV-ի հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Վաշինգտոնյան հռչակագրի նախաստորագրումը չի հանգեցրել ադրբեջանական զորքերի դուրսբերման 2021-2022 թվականների ներխուժումների հետևանքով գրավված ՀՀ տարածքից։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ այդ հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում։ Այնինչ, 2024 թվականին Տավուշում շուրջ 13 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումից հետո այլ հատվածներում գործընթաց դեռ գետնի վրա չի երևում։
2025 թվականին նորությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները որոշել են՝ սահմանազատումը կշարունակվի ամենահյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
Խաղաղության համաձայնագրի տեքստում գերիների ու պահվող անձանց վերադարձի մասին մասին խոսք չկա։ Ադրբեջանում պահվող հայերի ստույգ թվի շուրջ տեղեկությունները հակասական են։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23-ից 33 հայ բանտարկյալի առկայությունը, մինչդեռ հայ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց թիվը գերազանցում է 80-ը։
«Կարծում եմ՝ դա արդյունավետ կլինի։ Այսինքն, ասում եք՝ կա 23 քրիստոնյա, որոնց կցանկանայիք դուրս բերել։ Այդ 23-ի՞ն։ Որովհետև ես պատրաստվում եմ նրան խնդրել դա անել։ Կարծում եմ՝ նա դա կանի ինձ համար։ Այո՛։ Դա կարևոր է, եթե կարողանայիք, այնպես չէ՞»,- հայտարարել է Թրամփը։
Հայտարարությունից ավելի քան 4 ամիս է անցել, սակայն այս ուղղությամբ որևէ տեսանելի քայլ դեռևս չկա։ Մինչ այդ, նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ քարտուղարությունը պաշտոնապես հայտարարեց Մինսկի խմբի և նրան առնչվող կառույցների գործունեության ավարտի մասին։ Որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա և հաստատվել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների կոնսենսուսով։
Շուրջ 30-ամյա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ երկաթուղով բեռ եկավ։ Նոյեմբերի 6-ին Հայաստան մտավ ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ շուրջ 1000 տոննա։ Երկու օրից ղազախական ցորենի խմբաքանակ եկավ՝ կրկին 1000 տոննա։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն։
Իսկ դեկտեմբերին Հայաստան հասավ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն։ SOCAR-ի AI-95 տեսակի բենզինի ներմուծողները հայկական երկու ընկերություններ են՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ»-ը և գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Շիշա Ուորլդ»-ը։ Սա երկու երկրների միջև տասնամյակների ընթացքում կնքված առաջին ուղղակի առևտրային գործարքն էր։ Գնե՞լ, թե՞ չգնել շուկայականից մոտ 90 դրամով էժան վաճառվող ադրբեջանական բենզինը․ վերջին օրերին հանրության շրջանում թեժ քննարկումներ էին։
Դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Ավելի քան 3 տարի անց Անկարան դեռ գործնական քայլ չի արել։ Տարեվերջին խորհրդանշական քայլի հավանականության մասին ակնարկեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ ավելի ուշ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը։ Խումբը եղավ Թուրքիայի տարածքում, այնուհետև ուսումնասիրություններ կատարեց Հայաստանի տարածքում։ Կարծում եմ՝ արդեն ժամանակ է, որ շոշափելի առաջընթաց որպես փաստ ունենանք»,- ասաց նա։
Նախատեսվում է, որ ՀՀ-Թուրքիա սահմանը 3-րդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կբացվի 2026 թվականի սկզբին․ «Օրինակ՝ սիմվոլիկ մի քայլ կարող է մինչև տարվա սկիզբ տեսնեք»։
Հայաստանի հետ հարաբերությունները հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապող Թուրքիայի կողմից առարկայական քայլեր կլինեն, թե՝ ոչ, պարզ կդառնա մոտ ապագայում, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, գոնե առաջիկա ամիսներին, էական առաջընթաց սպասել պետք չէ՝ հաշվի առնելով Բաքվից հնչող նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան