Հայաստանում կա ֆուտբոլի զարգացման մեծ ներուժ․ հարցազրույց «Ալաշկերտի» սպորտային տնօրեն Ֆյոդոր Բուրդիկինի հետ
Ֆուտբոլի Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտը» Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի սկզբնամասում առաջատարն էր, սակայն ձմեռային ընդմիջման գնաց չորրորդ տեղում։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 15 խաղից հետո ունի 29 միավոր և «Ուրարտուի» ու «Փյունիկի» հետ կիսում է 2-4-րդ տեղերը՝ առաջատար «Արարատ-Արմենիային» զիջելով 5 միավոր։
Factor TV-ի հետ հարցազրույցում «Ալաշկերտի» սպորտային տնօրեն Ֆյոդոր Բուրդիկինն ամփոփել է առաջնության առաջին հատվածը, խոսել ակումբի նպատակների, ծրագրերի ու այլ թեմաների մասին։
-Պարոն Բուրդիկին, մրցաշրջանի մեկնարկից առաջ դուք նշանակվեցիք «Ալաշկերտի» սպորտային տնօրեն։ Ինչպե՞ս տեղի ունեցավ ձեր նշանակումը և ի՞նչ գիտեիք Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին մինչ այդ։
– Հունիսի սկզբին զանգ ստացա Տիգրան Մկրտչյանից և Ալեքսեյ Բալիբերդինից՝ առաջարկ ստանալով ստանձնել ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։ Մի քանի մանրամասն քննարկումներից հետո բավականին արագ եկանք փոխադարձ ըմբռնման, և արդեն հունիսի 20-ին ես Երևանում էի։ Ինձ համար շատ կարևոր էր ոչ թե հեռավար աշխատել, այլ անմիջապես տեղում ներգրավվել բոլոր աշխատանքային գործընթացներին։
Ինչ վերաբերում է իմ ծանոթությանը Հայաստանի և հայկական ֆուտբոլի հետ, չեմ կարող ասել, որ առաջնությանը 100 տոկոսով հետևում էի, սակայն Հայաստանի առաջնությունն ինձ համար երբեք անծանոթ չի եղել։ Ես հետևում էի ինչպես ներքին առաջնությանը, այնպես էլ միջազգային մրցաշարերում գրանցված արդյունքներին, հատկապես՝ եվրագավաթներում, որտեղ հայկական ակումբները (հատկապես «Նոան») վերջին տարիներին կարողացել են իրենց մասին բարձրաձայնել։ Բացի այդ, ֆուտբոլում երկար տարիների աշխատանքի ընթացքում ձևավորվել են մասնագիտական լայն կապեր, և բավականին շատ ծանոթ ֆուտբոլիստներ ու մասնագետներ տարբեր ժամանակահատվածում խաղացել են և շարունակում են խաղալ Հայաստանի առաջնությունում։ Սա ինձ թույլ էր տալիս պատկերացում ունենալ Հայաստանի առաջնության իրական մակարդակի մասին։
-Մինչև այդ դուք աշխատել եք տարբեր երկրներում։ Ի՞նչով է առանձնահատուկ Հայաստանի առաջնությունը։
-Այո՛, ես իսկապես աշխատել եմ տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Բուլղարիայում, իսկ այժմ՝ Հայաստանում, և սա ինձ համար շատ արժեքավոր փորձ է։
Ռուսաստանում առաջնությունն ավելի կառուցվածքային է, այնտեղ ավելի բարձր են ֆինանսական հնարավորությունները, խաղացողների տրանսֆերային շուկան ավելի խորն ու լայն է։ Միևնույն ժամանակ, ակումբները հաճախ կախված են պետական բյուջեից, ինչը երբեմն նվազեցնում է ճկունությունն ու որոշումների կայացման արագությունը։ Ցավոք, հաճախ շեշտը դրվում է պատրաստի խաղացողների վրա և «արդյունք՝ այստեղ և հիմա» սկզբունքի վրա։
Բուլղարիայի առաջնությունում հիմնականում կենտրոնացած են խաղացողներին արտասհաման դուրս բերելու վրա։ Ակումբները լավ են աշխատում երիտասարդների և լեգեոնականների հետ, սակայն հաճախ տուժում են անկայունությունից՝ թե՛ ֆինանսական, թե՛ կառավարման տեսանկյունից։
Հայաստանն առանձնանում է նրանով, որ այստեղ չափազանց մեծ դեր ունի կառավարման արդյունավետությունը։ Ակումբների բյուջեները համեմատաբար համեստ են, շուկան՝ ավելի նեղ, և դրա համար չափազանց կարևոր են կետային սկաուտինգը, լեգեոնականների ճիշտ ընտրությունը, խաղացողների արագ ադապտացիան, ինչպես նաև սպորտային տնօրենի, գլխավոր մարզչի և ղեկավարության սերտ համագործակցությունը։ Մեկ այլ առանձնահատկություն է այն, որ առաջատարների և միջին խմբի թիմերի միջև տարբերությունն այնքան մեծ չէ, որքան կարող է թվալ դրսից։ Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանում այսօր կա զարգացման մեծ ներուժ լիգան զարգանում է, ակումբներն ավելի շատ են մտածում կառուցվածքի և երկարաժամկետ մոդելների մասին։
-Առաջնությունում այժմ լարված պայքար է ընթանում առաջին հինգ թիմերի միջև։ Ինչպե՞ս կգնահատեք «Ալաշկերտի» ելույթը մրցաշրջանի աշնանային հատվածում։
-Եթե օբյեկտիվ գնահատենք «Ալաշկերտի» ելույթը աշնանային հատվածում և դիտարկենք այն մրցաշարային աղյուսակի համատեքստում, ապա կարող եմ ասել, որ թիմն անցկացրել է կայուն և մրցունակ հատված՝ հատկապես հաշվի առնելով այն պայմանները, որոնցով մենք սկսեցինք մրցաշրջանը։
Այս պահին մենք գտնվում ենք առաջատարների թվում։ Առաջին հնգյակում թիմերի դասավորվածության խտությունը շատ բարձր է, տարբերությունը՝ նվազագույն, և սա խոսում է առաջնությունում մրցակցության մակարդակի աճի մասին։
Շատ կարևոր է ընդգծել, որ այս արդյունքի մեջ առանցքային դեր ունի մեր գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և նրա մարզչական շտաբը։ Խիտ օրացույցի, սահմանափակ ժամանակի և որոշ կադրային խնդիրների պայմաններում նրանք կարողացան կառուցել կազմակերպված ու կարգապահ թիմ։ Մեզ համար աշնանային հատվածը շատ առումներով անցումային փուլ էր։ Ոչ բոլոր որոշումներն էին հնարավոր ընդունել նախապես, որոշ փոփոխություններ կատարվում էին արդեն մրցաշրջանի ընթացքում, և այստեղ կրկին կարևոր է շտաբի աշխատանքը։ Թիմը կարողացավ շատ արագ ադապտացվել։
Անշուշտ, կան կողմեր, որոնք պետք է բարելավել, բայց կարևորն այն է, որ այդ հարցերը հստակ գիտակցված են թե՛ մարզչական շտաբի, թե՛ ակումբի կողմից։ Մենք դադարն օգտագործում ենք որպես հնարավորություն՝ թիմն ավելի ուժեղ դարձնելու համար։

-Թիմում քիչ չեն լեգեոնականները, բայց մեկնարկային կազմում մշտապես տեղ ունեն նաև 5-6 հայ ֆուտբոլիստները։ Ինչպե՞ս կգնահատեք հայ ֆուտբոլիստների խաղը լեգեոնականների հետ մրցակցության ֆոնին։
-Ինձ համար շատ կարևոր է ընդգծել, որ «Ալաշկերտը» պարզապես լեգեոնականների թիմ չէ։ Սա ակումբ է, որտեղ հայ ֆուտբոլիստներն առանցքային դեր ունեն թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նրանց ներդրումն ինչպես ընթացիկ արդյունքներում, այնպես էլ թիմի ներսում մթնոլորտի ձևավորման մեջ իսկապես շատ մեծ է։
Կարեն Նալբանդյանն այս մրցաշրջանում լավագույն ռմբարկուն է բոլոր հայ ֆուտբոլիստների մեջ։ Արսեն Բեգլարյանը համարվում է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը, և այն փաստը, որ նա այս մրցաշրջանում հատել է կարիերայում 100 «չոր» խաղի սահմանը, խոսում է նրա կայունության և բարձր կարգի մասին։ Բայց սխալ կլինի առանձնացնել միայն երկուսին։ Դավիթ Տերտերյանը, Ռոբերտ Հակոբյանը, Սերոբ Գրիգորյանը, Արսեն Սադոյանը, Յուրի Գարեգինյանը, Էդգար Փիլոյանը և մեր մյուս բոլոր տղաները հավասար մրցակցում են օտարերկրացի ֆուտբոլիստների հետ և ամեն օր ապացուցում են իրենց տեղը հիմնական կազմում։
Կցանկանայի նաև ընդգծել նրանց դերը հանդերձարանում։ Հենց հայ ֆուտբոլիստներն են ակումբային մշակույթի, մտածողության և ճիշտ արժեքների կրողները։ Նրանք օգնում են լեգեոնականներին ավելի արագ հարմարվել ոչ միայն առաջնությանը, այլև կյանքին Հայաստանում։ Մեզ մոտ չկա բաժանում տեղացիների և օտարերկրացիների միջև․ կա մեկ թիմ և մեկ ընդհանուր նպատակ։
Համոզված եմ, որ առանց այսքան ուժեղ հայկական միջուկի թիմը չէր կարող լինել այսքան մրցունակ։
-«Ալաշկերտի» կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք պարբերաբար հրավիրվում են Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներ։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց առաջընթացը։
-Մեզ համար՝ որպես ակումբ, մեր ֆուտբոլիստների հրավերները հավաքականներ ճիշտ աշխատանքի ցուցիչ են։
Մենք շատ ուրախ ենք Հայաստանի հավաքականում Կարեն Նալբանդյանի նորամուտի համար։ Սա կարևոր պահ է թե՛ ֆուտբոլիստի, թե՛ ակումբի համար։ Կարենը լիովին վաստակել է այս հնարավորությունը իր խաղով, կայունությամբ և գործին իր վերաբերմունքով։ Կցանկանայի նաև նշել Արսեն Սադոյանի հրավերը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ հավաքականի մարզչական շտաբն ուշադիր հետևում է առաջնությանը և օբյեկտիվորեն գնահատում ֆուտբոլիստներին։ Իսկ Արսեն Բեգլարյանը շարունակում է կայուն կերպով հրավիրվել ազգային թիմ և ես հույս ունեմ, որ մոտակա խաղերում նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։
Առանձին կցանկանայի խոսել երիտասարդական հավաքականի և Էդգար Փիլոյանի մասին։ Նա հրավիրվել էր երիտասարդական հավաքական աշնանային խաղերին, և այստեղ կարևոր եմ համարում հրապարակավ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պրոֆեսիոնալ և կառուցողական մոտեցման համար։ Վերջին ամիսներին Էդգարը խաղում էր փոքր վնասվածքով, և ֆեդերացիան ոչ միայն լսեց մեզ, այլև ընդառաջ գնաց՝ ցուցաբերելով ըմբռնում և հոգատարություն ֆուտբոլիստի առողջության նկատմամբ։
Կցանկանայի հատկապես ընդգծել, որ հավաքականի բժշկական շտաբը մշտական կապի մեջ էր մեր բժշկական անձնակազմի հետ։ Մենք միասին էինք անցկացնում հետազոտություններ և փոխանակվում տեղեկատվությամբ։ Այսպիսի համագործակցությունը ակումբ–հավաքական կապի օրինակելի ձև է, և դրա համար մենք իսկապես շատ շնորհակալ ենք ֆեդերացիային և նրա բժշկական շտաբին։
Այս պահին Էդգարը վերականգնողական փուլ է անցնում արտերկրում, որպեսզի լիովին պատրաստ լինի մրցաշրջանի երկրորդ հատվածին, ինչպես նաև երիտասարդական հավաքականի խաղերին։ Մենք տեսնում ենք նրա առաջընթացը, հավատում ենք նրա ներուժին և համոզված ենք, որ նման մոտեցմամբ նա կկարողանա հաջորդ քայլն անել և ապագայում հրավիրվել ազգային հավաքական։

-Ձմռանն ի՞նչ փոփոխություններ են սպասվում ակումբում։ Արդեն կա՞ հստակություն ծրագրերի վերաբերյալ։
-Ձմռանը կտրուկ կամ խառնաշփոթ փոփոխություններ չեն նախատեսվում։ Թիմը պայքարի մեջ է և ցուցադրում է մրցունակ ֆուտբոլ։ Սակայն միևնույն ժամանակ ցանկացած ակումբ միշտ ձգտում է ավելի ուժեղ դառնալ, և «Ալաշկերտը» բացառություն չէ։ Հնարավոր ուժեղացումների ուղղությամբ աշխատանքը տարվում է ամեն օր։ Մենք ուշադիր դիտարկում ենք, թե որտեղ կարող ենք ավելացնել որակ և շատ զգույշ ենք մոտենում յուրաքանչյուր որոշման։
Մեզ համար սկզբունքային է, որ ձմռանը եկող յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրականում ուժեղացնի թիմը, այլ ոչ թե պարզապես մեծացնի խաղացողների քանակը։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա հունվարի կեսերին թիմը հավաքվելու է և սկսելու ենք լիարժեք նախապատրաստությունը մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ թիմի կորիզն արդեն ձևավորված է։ Ունենք ուժեղ միջուկ հայկական ֆուտբոլիստներով համալրված, որակյալ լեգեոնականներ և հրաշալի մարզչական շտաբ, որը լավ գիտի ֆուտբոլիստների հնարավորությունները։ Այդ պատճառով ձմեռային բոլոր փոփոխությունները կլինեն կետային, մտածված և լիովին համահունչ գլխավոր մարզչի պահանջներին։
-Ո՞րն է թիմի հիմնական խնդիրը ընթացիկ մրցաշրջանում։
-Մեր սկզբունքն է շարժվել խաղից խաղ։ Մեզ համար ամենակարևոր խաղը միշտ հաջորդն է, և հենց դրա վրա են կենտրոնացած բոլոր մտքերն ու էներգիան։ Մենք չենք նայում շատ առաջ, որովհետև այսպիսի խտությամբ առաջնությունում ցանկացած կենտրոնացման կորուստ կարող է շատ թանկ արժենալ։
Մենք ցանկանում ենք, որ թիմը յուրաքանչյուր խաղի դուրս գա այն գիտակցությամբ, որ պետք է պայքարի հաղթանակի համար՝ անկախ մրցակցից կամ մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքից։ Մեզ մոտ չկան ուլտիմատիվ խնդիրների պատճառով ճնշում, փոխարենը կա առողջ ամբիցիա, կենտրոնացում և վստահություն թիմի ու մարզչական շտաբի նկատմամբ։
Եթե կարճ ձևակերպենք, ապա մեր գլխավոր խնդիրը մրցաշրջանում յուրաքանչյուր հաջորդ խաղը անցկացնելն է նախորդից ավելի լավ և խաղադաշտ դուրս գալը միայն հաղթելու մտքով։
Դավիթ Եղիազարյան