Ի՞նչ է սպասվում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովին և քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին՝ Հայաստան վերադառնալուց հետո․ հարցազրույց նրանց փաստաբանի հետ
Քաղաքականություն
05.11.2018 | 22:40Factor.am-ի հարցազրույցը Յուրի Խաչատուրովի և Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ
-Պարոն Պողոսյան, Ձեր պաշտպանյալը՝ Յուրի Խաչատուրովը, այլևս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը չէ, իր հետ խոսե՞լ եք, ի՞նչ ծրագրեր ունի, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան, որովետև կալանքը փոխելու միջնորդության մեջ հիմնականն այն էր, որ նա Մոսկվայում կարևոր գործեր ունի։
-Չեմ խոսել իր հետ, այս պահին որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել, մոտ օրերս դրա վերաբերյալ դիրքորոշում կունենանք։
-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովն անձեռմխելի էր, հիմա նա, փաստորեն, զրկվում է այդ կարգավիճակից։
-Տեսեք, երբ դատարանում կալանքը վիճարկվում էր, նաև այդ հանգամանքն էինք ի ցույց դրել, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը անձեռնմխելիությունից օգտվող անձ է, սակայն Հայաստանի դատարանները՝ հիմք ընդունելով արտգործնախարարության՝ նախարարի տեղակալի ինչ-որ մի գրություն, արձանագրեցին, որ Յուրի Խաչատուրովն անձեռնմխելիություն չունի։ Այսինքն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ անձեռնմխելիություն ունենալու հանգամանքը չի հաստատվել և որևէ ազդեցություն չի ունեցել այն, որ նա ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն էր այդ միջնորդության քննարկման ժամանակաշրջանում։ Թեև, մինչ այժմ մենք Վճռաբեկ դատարանում վիճարկում ենք նաև այդ հանգամանքը։
-Արդյո՞ք հիմա, երբ Ձեր պաշտպանյալն արդեն ՀԱՊԿ ԳԽ չէ, անիմաստ չի դառնում այդ հայցը։
-Ոչ, որովհետև այդ առումով նրբություններ կան, որոնք պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ այս պահին չեմ բարձրաձայնի, բայց այս պահին էական է, որ դրանք արձանագրվեն։ Մենք կարծում ենք, որ այդ ժամանակաշրջանում Յուրի Խաչատուրովն օգտվում էր անձեռնմխելիությունից։
-Դուք հայտնել էիք, որ նախաքննական մարմինը 3 ամիս է՝ որևէ քննչական գործողություն չի կատարել Ձեր պաշտպանյալի նկատմամբ, Դուք ակնկալո՞ւմ էիք նման գործողություններ, և եթե այո՝ ի՞նչպիսի։
-Մենք իրականում որևէ գործողություն չէինք ակնկալում, ուղղակի տրամաբանական էր, որ այդ գործողություններն իրականացվեին, որովհետև մենք ի սկզբանե պնդել ենք, որ առաջադրված մեղադրանքի հետ Յուրի Խաչատուրովն առնչություն չունի, ինչը նաև արձանագրել է դատարանը։ Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշման մեջ դատարանն արձանագրել էր, որ առաջադրված մեղադրանքի հետ, այսինքն՝ սահմանադրական կարգը տապալելու հետ, Յուրի Խաչատուրովն առնչություն չունի։
-Այսինքն՝ իր նկատմամբ մեղադրանքը վերաորակվե՞լ էր։
-Չէր պարզաբանվել, թե ի՞նչի հետ առնչություն ունի, այդ իսկ պատճառով դիմել էինք Վերաքննիչ դատարան, դրանից հետո էլ՝ Վճռաբեկ, ու դեռևս Վճռաբեկ դատարանից որևէ պատասխան չունենք։ Բայց նորից եմ ասում՝ ներկայացված նյութերով դատարանն արձանագրել էր, որ նա առնչություն չունի այդ հանցանքի կատարման հետ։ Ինչ վերաբերում է հարցին, թե վերաորակվե՞լ է, եթե վերաորակված լիներ, ապա քրեական դատավարությունը սահմանում է ընթացակարգ՝ նոր մեղադրանք առաջադրելու կամ հինը վերացնելու կամ լրացնելու հետ կապված, բայց մեզ հետ նման դատավարական գործողություն չի իրականացվել։
-Իսկ ՀՔԾ նոր բացահայտումը, որ Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը կեղծել է պարկուճները, արդյո՞ք նոր ելևեջներ է մտցնում Ձեր պաշտպանյալի մասով գործում, որովհետև, սա, ըստ էության, նշանակում է, որ բանակը, որի փաստացի ղեկավարն էր Խաչատուրովը, 2008-ին, իրոք, օգտագործվել է ժողովրդի դեմ։
– Այդ, որ ասում եք՝ բացահայտում, համաձայն չեմ, այդպիսի հանգամանք հաստատված կարող է լինել միմիայն դատարանի վճռով։ Եվ ինչպես տեղեկացված եք՝ Վահագն Հարությունյանը նշել է, որ որևէ այդպիսի գործողություն չի իրականացրել, և այդ հանգամանքը քանի դեռ ապացուցված չէ, չի էլ կարող համարվել հաստատված։
-Բայց Դուք ենթադրո՞ւմ եք, որ մեղադրանքը այս մասով ևս կլինի։ Այսինքն, որ կոնկրետ Վահագն Հարությունյանի հանդեպ առաջ քաշված մեղադրանքը առնչվում է նաև Խաչատուրովին։
– Ես այդ առաջադրված մեղադրանքների կապը չեմ տեսնում, ավելին՝ և՛ Յուրի Խաչատուրովի, և՛ Վահագն Հարությունյանի հետ կապված, մեր դիրքորոշումն այն է, որ անհիմն մեղադրանք է առաջադրվել։ Ըստ որում, պարոն Հարությունյանը նշեց, որ կեղծ և շինծու մեղադրանք է։
-Իսկ Ձեր պաշտպանյալ Վահագն Հարությունյանը չի ցանկանու՞մ վերադառնալ Մոսկվայից։
-Տեսեք․ինքը գտնվում է Մոսկվայում, որպեսզի զբաղվի իր առողջական խնդիրներով։ Մինչև դրանք չլուծվեին, ինքն, ամեն դեպքում, չէր վերադառնալու։ Հիմա, երբ մենք արդեն իսկ ունենք նման դատական որոշում և նման պայմաններում, առողջական խնդիրները լուծելուց հետո, երբ քննարկման առարկա կդառնա նրա վերադառնալ-չվերադառնալու հարցը, ինքս՝ որպես պաշտպան, հորդորելու եմ պարոն Հարությունյանին ևս մեկ անգամ նժարի վրա դնել՝ թե Հայաստան վերադառնում է ին՞չ անկնկալիքով։ Այսինքն՝ եթե դատական համակարգը սենց վիճակում է, եթե գործի քննությունը հայտարարությունների, ճնշում գործադրելու պայմաններում է իրականանում, մենք գալիս ենք էս դատարաններում արդարություն փնտրելու ու արդյո՞ք այս դատարանն ի վիճակի է արդարադատություն իրականացնել, որպեսզի Վահագն Հարությունյանը կարողանա գալ։ Այսինքն՝ իր դիրքորոշումն այն է, որ բուժման կուրսն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան, բայց բուժման կուրսն ավարտելուց հետո, կրկնեմ, ինքս՝ որպես պաշտպան, պարոն Հարությունյանին խորհուրդ եմ տալու՝ ևս մեկ անգամ մտածել ու քննարկման առարկա դարձնել, թե ինչ ակնկալիքով է վերադառնում Հայաստան, որովհետև դա շատ կարևոր հանգամանք է, ու ի սկզբանե այս ամենի նպատակն այն էր, որ անձը երկընտրանքի առաջ կանգնի՝ կամ պայքարի արդարության համար, սակայն գնա և կալանավորվի, կամ չվերադառնա Հայաստան, որպեսզի հետագայում դա շահարկվի որպես մեղավորության զգացում, քննությունից խուսափել և Հայաստան չվերադառնալ։
-Իսկ ե՞րբ է ավարտվում իր բուժման կուրսը։
-Եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 20-ի կողմերը բուժման կուրսի առաջին փուլը, ինչը որ խորհուրդ էր տրվել հոկտեմբերի 10-ին, ավարտվում է։
-Փաստահավաք խմբի անդամներից Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ Ձեր պաշտպանյալի նկատմամբ ոչ թե մեկ, այլ բազում մեղադրանքներ պետք է առաջադրվեին, այդ թվում, որ ձախողել է մարտիմեկյան սպանությունների բացահայտումը, նախաքննությունը այդքան վկաների ու ապացույցների առկայության դեպքում։
-Մեղադրանքը շատ լուրջ քրեաիրավական ինստիտուտ է, մեղադրանքը աչքաչափով չի իրականացվում, այլ կոնկրետ փաստական տվյալների հիման վրա։ Այսինքն՝ երբ արդեն նշվում է, որ գոնե ինչ-որ մեղադրանք պետք է առաջադրվեր, դա նշանակում է, որ այստեղ քմահաճույքի դաշտում է այդ մեղադրանքը։ Բացի այդ, Փաստահավաք խմբի անդամներից Սեդա Սաֆարյանը՝ իմ հարգարժան կոլեգան, որևէ խնդիր չի ունեցել այս տարիների ընթացքում երկրի բարձրագույն իշխանությանն ինչ-որ թերացումների ու գործողությունների հետ կապված որևէ մեղադրանք հնչեցնելու հարցում։ Քրեաիրավական առումով չէ, այլ որևէ բացթողման վրա ուշադրություն հրավիրելու որևէ կաշկանդվածություն չի ունեցել։ Այսինքն՝ Սեդա Սաֆարյանն այն անձը չէ,որ ինչ-որ բանից կաշկանդված է եղել, ու այս պարագայում, այս տասը տարվա մեջ երբևէ չի քննարկվել Վահագն Հարությունյանի կողմից որևէ անօրինական գործողություն կատարելու հանգամանք։ Ու այս ամենը սկսում է քննարկվել միայն այն բանից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հատվածներ է հրապարակում։
-Սեդա Սաֆարյանը, Անդրանիկ Քոչարյանը նախկինում ևս նման հայտարարություններ արել են, ուղղակի, այն ժամանակ քաղաքական իրավիճակը այլ է եղել, դրանց ընթացք չի տրվել։
-Ամեն դեպքում, ես տեղեկացված չեմ նման հայտարարությունների մասին, ու այս վերջին 6 ամսում էլ, երբ քաղաքական իրավիճակը «այլ » էր, որևէ անգամ չի քննարկվել։ Մոտ մեկ ամիս առաջ դեպք ունեցանք, երբ պարզվեց, որ ՀՔԾ-ն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարության հետ պլանավորված՝ հասարակության մեջ որոշակի վստահություն վայելող անձանց հետ համագործակցում է և նրանց հորդորում է ելույթներ ունենալ, գործի հանգամանքների հետ կապված ինչ-որ նյութեր հրապարակել, դիրքորոշումներ հայտնել։ Այսինքն՝ հասարակությանը ներկայացնել ինչ-որ կարծիքներ։ Եվ ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսային խոսակցությունից ակնհայտ է, որ առնվազն մեկ նման դեպք տեղի է ունեցել։ Եվ մենք որևէ կերպ կարո՞ղ ենք բացառել, որ տասը տարվա լռությունից հետո այս պարագայում, երբ խոսեն Վահագն Հարությունյանի մասին, դա ևս ինչ-որ համագործակցության արդյունք չէ։
-Ձեր պաշտպանյալը հետախուզման մեջ է, իր հետ կապվելու խնդիր ունե՞ք։ Նաև՝ Ձեզ նախաքննությունը չի հարցնո՞ւմ, թե որտեղ է Վահագն Հարությունյանը։
-Կա փաստաբանական գաղտնիք, նման բան հարցնելու իրավունք չունի նախաքննությունը, իսկ Վահագն Հարությունյանի պաշտպանությունն իրականացնում եմ ողջ ծավալով։ Բացի այդ, հետախուզում հայտարարելու որոշումն էլ մեր կողմից գնահատվում է որպես անհիմն, որի վերաբերյալ Գլխավոր դատախազին ներկայացրել ենք բողոք։
Անի Սահակյան