Ճանապարհ դեպի Եվրոպա․ Հայաստանի «տնային աշխատանքը»՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար
Քաղաքականություն
18.11.2025 | 19:53
2024 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի անցնելու բոլոր պայմանները։
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը սահմանում է այն բոլոր պահանջները, որոնք Հայաստանը պետք է կատարի։
Գործընթացը հիմնված է կատարողականի վրա և ունի երկու հիմնական փուլ.
- Նախնական ուղենիշներ-Վերաբերում են օրենսդրական և քաղաքականության շրջանակի ստեղծմանը,
- Երկրորդ փուլի ուղենիշներ-Կենտրոնանում են ընդունված միջոցների արդյունավետ և կայուն իրականացման վրա։
Գործողությունների ծրագրում նշվում է՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2019-2023 թվականներին վիզաների մերժման մակարդակը մնացել է կայուն (մոտ 13%), մինչդեռ դիմումների թիվն աճել է․ «Եվրոպական հանձնաժողովը պարբերաբար կգնահատի առաջընթացը և հաշվետվություններ կներկայացնի Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին։ Մշտադիտարկման ընթացքում ուշադրություն կդարձվի նաև վիզաների մերժման մակարդակին, ԵՄ-ում անօրինական բնակվողների թվին, ապաստանի դիմումներին և հետընդունման համաձայնագրի կատարմանը։ Նախնական գնահատումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել մի շարք ոլորտներում»։
Առանց վիզայի կայուն ռեժիմը հնարավոր կլինի միայն հետևյալ ոլորտներում բարեփոխումների շարունակական և արդյունավետ իրականացումից հետո.
1․ Փաստաթղթերի անվտանգություն
Հայաստանը պետք է ապահովի անձը հաստատող և ճամփորդական փաստաթղթերի բարձր մակարդակի անվտանգությունը, ներդնի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրեր և փուլ առ փուլ շրջանառությունից հանի հին նմուշի անձնագրերը։
Նշենք, որ կենսաչափական անձնագրերի հետ կապված աշխատանքներն արդեն մեկնարկել են Ներքին գործերի նախարարությունում․ «Թղթային վարչարարությանն ու վիզուալ նույնականացմանը փոխարինելու են գալիս միջազգային ստանդարտներին համապատասխան անձի նույնականացման նորարար գործիքներ, մոդեռն ենթակառուցվածք, պարզեցված ընթացակարգեր, որտեղ անվտանգային ռիսկերը հավասարեցված են զրոյի, իսկ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանվածությունը անգամներ ավելի ամուր է»։
Բացի այդ, Հայաստանը պետք է արագ և համակարգված կերպով Ինտերպոլին տրամադրի տեղեկություններ կորած և գողացված անձնագրերի մասին։
2․ Սահմանների համալիր կառավարում, միգրացիա և ապաստան
Բացի այդ, Հայաստանը պետք է ընդունի և արդյունավետ իրականացնի Սահմանների ինտեգրված կառավարման (ՍԻԿ) ազգային ռազմավարություն, խորացնի համագործակցությունը Frontex-ի հետ։ Շարունակել է պետք նաև ԵՄ-ի հետ հետընդունման համաձայնագրի արդյունավետ կիրառումը, պայքարել անօրինական միգրացիայի դեմ և աջակցել վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանը։
Ապաստանի տրամադրման համակարգը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին՝ պաշտպանելով միջազգային պաշտպանություն հայցողների իրավունքները։
3․ Հասարակական կարգ և անվտանգություն
Գործողությունների ծրագրով Հայաստանը պետք է ուժեղացնի պայքարը կոռուպցիայի (հատկապես բարձր մակարդակի), փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, խորացնի համագործակցությունը Եվրոպոլի և Եվրոջասթի հետ՝ ապահովելով տվյալների արդյունավետ փոխանակում։
Պետք է ստեղծել նաև անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմին և օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։
4․ Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ
Հայաստանը պետք է նաև ընդունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք և ստեղծի հավասարության հարցերով զբաղվող մարմին։
Ծրագրով նախատեսվում է նաև ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և նրանց համար անձը հաստատող փաստաթղթերի հասանելիությունը։
ԵՄ-ն առաջարկում է նաև գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության և քաղաքականության արդյունավետ կիրառումն ապահովել, այդ թվում՝ արդյունավետ իրավական օգնության և դատական համակարգի անկախության ապահովման միջոցով։
Կսահմանվեն նաև քաղաքացիություն ստանալու արդար և թափանցիկ պայմաններ՝ չարաշահումների ռիսկերը նվազեցնելու համար, զերծ մնալու ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու սխեմաներից։
«Թմրամիջոցների մասով քաղաքականության վերաբերյալ ազգային ռազմավարության ընդունում՝ հավասարակշռված և համապարփակ մոտեցմամբ, ներառյալ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև թմրանյութերի պահանջարկի և դրանց հետ կապված վնասներին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները՝ համապատասխան ԵՄ և միջազգային ստանդարտներին, ինչպես նաև գործողությունների ծրագրի մշակում և հաստատում, որով նախատեսվում են հստակ ժամկետներ, նպատակներ, գործողություններ, արդյունքներ, կատարողականի ցուցանիշներ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ նախատեսված ազգային ռազմավարության իրականացումն ապահովելու համար»,- նշվում է ծրագրի կետերից մեկում։
Հիշեցնենք՝ հունիսի 5-ի կառավարության նիստում արդեն իսկ հաստատվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը։
Գործողությունների ծրագրի վերջին կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Պետությունը պետք է ապահովի նաև տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրումը։
Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։
Եվգենյա Համբարձումյան