«Սպերցյանն էնտեղ կտուժի, Հայաստանում՝ ոչ»․ Եղիշե Մելիքյանի մեկնաբանությունը Factor TV-ին  

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպից հետո «Ախմատը» պաշտոնական հայտարարությամբ պահանջել է որակազրկել Էդուարդ Սպերցյանին։

Sport24.ru-ն՝ վկայակոչելով RFS-ի կանոնակարգը, հայտնում է, որ Սպերցյանը «ռասիզմի համար կարող է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում որակազրկվել 10 խաղով»: Արդյոք դա կազդի  Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ ազգային հավաքականի հանդիպումներում Սպերցյանի մասնակցության վրա։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ վստահ է՝ Սպերցյանի անմեղությունը կապացուցվի, բայց անկախ այդ հանգամանքից նա կխաղա արտագնա երկու հանդիպումներում։

«Եթե Սպերցյանը որակազրկվի, ապա մի քանի խաղով, ինչը չի ազդելու մեր ազգային հավաքականի խաղերի մասնակցության վրա։ Նա էնտեղ կտուժի, Հայաստանում՝ ոչ։ Ես գիտեմ, որ նա ճիշտ է, ու վաղ թե ուշ պարզվելու է դա։ Մրցակից ֆուտբոլիստը շատ բան կարող է ասել, բայց միայն դրանով չէ, պետք է ապացուցվի։ Քանի դեռ ապացուցված չէ Սպերցյանի մեղքը, նրան ոչ ոք չի կարող որակազրկել»,- նշեց Մելիքյանը։

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ հիմա միայն Սպերցյանի առողջությունն է կարևոր։

«Եթե առողջ եղավ՝ ամեն ինչ կլուծվի։ Չեմ տեսնում մի պատճառ, որ նա չկարողանա խաղալ»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը։

Նշենք, որ «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հերքել է իր հասցեին հնչած ռասիզմի մեղադրանքները և նշել, որ պատրաստ է ապացուցել իր անմեղությունը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի 11-րդ տուրի տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ախմատին»։ Հանդիպման վերջնամասում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ ստացավ Սպերցյանին հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցին «Match TV»-ին ասել է, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը իր հասցեին ռասիստական վիրավորանք է հնչեցրել պորտուգալերենով և դրանով իսկ դրդել իրեն հարվածել։ 

Էդուարդ Սպերցյանը նույն ալիքին տված մեկնաբանությունում նշել է, որ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ ինքը որևէ վիրավորական կամ անպարկեշտ արտահայտություն չի օգտագործել սենեգալցու հասցեին։

Երեկ էլ իր Telegram ալիքում կիսապաշտպանը կրկին հերքել է մեղադրանքները՝ առաջարկելով «վերանայել տեսագրությունը, կարդալ իր շուրթերից կամ անգամ կիրառել պոլիգրաֆի թեստ», որպեսզի ճշմարտությունը պարզվի։

«Ես անթույլատրելի եմ համարում անապացույց մեղադրանքն իմ հասցեին։ Պատրաստ եմ ապացուցել փաստարկներս ցանկացած եղանակով․ դիտեք տեսախցիկների ձայնագրությունները, կարդացեք շուրթերից, պոլիգրաֆ՝ խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ վրա, վստահ եմ իմ խոսքերի վրա։ Ես գիտեմ, որ նման բան չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ես գիտեմ բոլոր հասկացությունները։ Ինձ ճիշտ են դաստիարակել ծնողներս։ Եվ երբեք նման բան թույլ չեմ տա։ Ես ունեմ շատ ընկերներ ու ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, մի քիչ ծիծաղելի է։ Դա նման է ինչ-որ ներկայացման։ Իմացեք, որ վստահ եմ իմ խոսքերի մեջ և պաշտպանում եմ դրանք, և պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Սպերցյանը տելեգրամում հրապարակած տեսանյութում։

Հավելենք նաև, որ խաղից հետո Էդուարդ Սպերցյանը «Match TV»-ի եթերում ասել էր, որ իր վերին մի քանի ատամներ կոտրվել են։ Այսօր արդեն Սպերցյանը ինստագրամի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ վերականգնել է ատամնաշարը և գալիս է Հայաստան։ Հայաստանի ազգային հավաքականի առաջին արտագնա հանդիպումը հոկտեմբերի 11-ին է՝ Հունգարիայում։ Իսկ այսօրվանից հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

 

Արփի Հակոբյան