Տապակած կարտոֆիլ, անլվա կճեպով ձու․ ինչ սնունդ է արգելված մանկապարտեզներում ըստ նախարարի նոր հրամանի
Հասարակություն
06.10.2025 | 17:33
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ) երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։ Նախարարի նոր հրամանն սկսելու է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։
Նշենք, որ նախորդ նման հրամանը ստորագրվել էր դեռևս 2013-ին, որն ուժը կորցրած է ճանաչվել։ Նախորդ հրամանի մի շարք կետեր թողնվել են անփոփոխ, որոշներն ավելացել են։ Նոր հրամանով՝ մանկապարտեզներում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը պետք է կազմվի 10-12 օրվա համար:
Սննդի կազմակերպումը պայմանավորվելու է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3 – 3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամյա սնունդ` հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է աղյուսակում:

Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,
4) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,
5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,
6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
16) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
21) աչքով-ձվածեղ,
22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
25) երշիկեղեն,
26) թերխաշ և հում ձու,
27) պաղպաղակ, ժելե,
28) առանց մրգային միջուկի կարամել։
Ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում նաև`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ,
7) պիստակ, գետնանուշ և այլն,
8) մաստակ,
9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը կտրվի շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին`2 անգամից ոչ հաճախ: Ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
Բացի այդ, հաստատություններում չի օգտագործվի ստորև նշված սննդամթերքը և չի պատրաստվի նշված խոհարարական արտադրանքը`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենային հումք և սննդամթերք,
2) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,
3) ձու` անլվա կճեպով,
4) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
5) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
6) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
7) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
8) պիտանիության ժամկետանց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
9) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
10) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
11) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
12) դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
13) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
14) կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
15) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
16) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
17) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
18) մակարոն աղացած մսով,
19) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
20) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
21) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
22) երշիկեղեն,
23) թերխաշ և հում ձու,
24) պաղպաղակ, ժելե,
25) կարամել,
26) քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք
27) սառեցված և խորը սառեցված մսամթերք և ձկնամթերք։
Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից, հաստատություններում չի օգտագործվի`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում թեյ), էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ, նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ` ավելացված շաքարով,
7) գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ,
8) մաստակ,
9) շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
Հրամանում նշվում է նաև, որ հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման պատասխանատուն հաստատության ղեկավարն է, իսկ օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն` հաստատության ղեկավարն է կամ իր կողմից իրավական ակտով նշանակված անձը:
Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվելու է նմուշառում: Այն կատարելու է խոհարարը` խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ՝ այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է կերակրատեսակը:
Վերցված նմուշները պահպանվելու են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±2° C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
Հրամանն ամբողջությամբ՝ այստեղ։
Գլխավոր լուսանկարը՝ Hetq.am-ի։