Որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի առանձնատները վերանորոգելու համար

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն առավել հայտնի է «կառավարական դաչաներ» անունով՝ հայտնվեց քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Պատճառները երկուսն էին. ՊՈԱԿ-ի տարածքում շքեղ առանձնատուն սեփականաշնորհեց  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը (հետագայում հրաժարվեց) և այդ տարածքում սկսեց բնակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը գտնվում է Ձորափի 74 հասեում: Այն իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն և դրանց համար նախատեսված շինություններ: Վարչապետի աշխատակազմից մեր գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են, որ այս պահին նշյալ 9 առանձնատներից զբաղված է երեքը: Բնակիչներն են վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը, որը շուտով լքելու է տարածքը:

Առանձնատների 6-րդ մասնաշենքը, որը շահագործման է հանձնվել 2010 թվականից՝ առ այսօր զբաղեցված է Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի կողմից: Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքին սպասարկում է 2-րդ մասնաշենքը, իսկ 3-րդ մասնաշենքը մայիսի 5-ից զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վարչապետի աշխատակազմից խնդրել էինք տրամադրել, թե վերջին 10 տարիների ընթացքում քանի անգամ է վերանորոգվել Սերժ Սարգսյանին սպասարկած առանձնատունը: Կառավարությունից փոխանցել էին միայն վերջին երեք տարիների մասին տվյալներ: «Հնարավոր չէ ամբողջությամբ տարանջատել, թե վերջին 10 տարիների ընթացքում առանձնատները քանի անգամ են վերանորոգվել, և յուրաքանչյուրի մասով որքան գումար է ծախսվել, քանի որ առանձնացված հաշվառում չի կատարվել, իսկ պայմանագրերում առանձին չեն նշվել առանձնատների համարները: Առկա փաստաթղթերից հնարավոր է հայտնել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հատկացված ծառայողական առանձնատան վերանորոգման համար 2017 թվականի պետական բյուջեից հատկացվել է 2 մլն 372 հազար դրամ: 2016 և 2018 թվականներին վերանորոգման համար գումար չի հատկացվել»,- ասված է մեզ տրամադրած պատասխանում:

Սերժ Սարգսյանի համար նախատեսված առանձնատան սպասարկման տարեկան ծախսերի հետ կապված կառավարությունից նշել են, որ այն յուրաքանչյուր տարվա համար տարբեր է եղել: Մասնավորապես, 2017 թվականին առանձնատան սպասարկման համար պետբյուջեից հատկացվել է 3 մլն 772 հազար դրամ: Սա չի ներառում կոմունալ վճարներն ու սպասարկող անձնակազմի աշխատավարձը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված ծառայողական առանձնատունը վերանորոգվել է մինչ վարչապետի և նրա ընտանիքի այնտեղ տեղափոխվելը: Վերանորոգման ընդհանուր ծախսերը կազմել են 55 հազար ՀՀ դրամ: Իրականացվել է մասնակի վերանորոգում: Առանձնատան սպասարկման ընթացիկ տարվա ծախսերը պարզ կլինեն 2018-ի ավարտին:

Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն մոտ 380 մլն դրամ է: Կառույցում աշխատում է 123 հոգի, թեև ընդհանուր հաստիքների թիվը  156-ն է:

Վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցված գրավոր պատասխանում նշվում է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հիմնական նպատակն է սպասարկել Բաղրամյան 26 (վարչապետի նստավայր), Բաղրամյան 24 (Գիտությունների ազգային ակադեմիա) Անտառային 188 (Պետական վերահսկողական ծառայություն) հասցեներում գտնվող վարչական շենքերը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների Սևանում գտնվող ամառանոցները: Սակայն, նշենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում որոշում է կայացվել, որ Բաղրամյան 24 և 26 հասցեների վարչական շենքերի սպասարկումն իրականացնելու է կառավարության հաշվեկշռում գտնվող «Սպասարկում» ՊՈԱԿ-ը: Այս բաժանումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ արդեն 2 ամիս է ինչ «Սպասարկում» ՊՈԱԿ-ը թեթև ռեժիմով է աշխատում: Բանն այն է, որ այս ՊՈԱԿ-ը իրականացնում էր նաև կառավարության բուֆետի սպասարկում, սակայն երկու ամիս առաջ ճաշարանի կառավարումը հանձնվեց մասնավոր ընկերության:

Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում:

Վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցված տեղեկության համաձայն՝ «կառավարական դաչաներում» չեն բնակվում, այսինքն՝ առանձնատներից հրաժարվել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մեր տեղեկություններով՝ այս առանձնատներից շատերը ունեն կապիտալ վերանորոգման կարիք և, մեղմ ասած, պաշտոնյաների սրտով չէ նման տներում ապրելը, ինչն էլ հանդիսանում է պատճառ, որպեսզի նրանք խուսափեն այնտեղ բնակվելուց: Ի դեպ,  վերջերս «կառավարական դաչաներից» հեռացել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա այժմ զբաղեցնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ վերոնշյալ օրենքով ԲԴԽ ղեկավարը չի կարող բնակվել հատուկ պահպանվող տարածքում:

Շուտով «կառավարական դաչաների» իր առանձնատունը կլքի նաև Սերժ Սարգսյանը: Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա մոտ 5 ամիս ապրեց իրեն սպասարկած շքեղ առանձնատանը: Այս ամիսների ընթացքում պետությունը չկարողացավ Սերժ Սարգսյանին՝ որպես պաշտոնաթող նախագահի, բնակարանով ապահովել, որովհետև համաձայնության չեկան:

Սարգսյանը ցանկանում էր պետությունից վերցնել ԱԱԾ ընդունելությունների տունը, բայց վարչապետը մերժեց: Այնուհետ Սերժ Սարգսյանին առաջարկվեցին մի քանի տարբերակներ, իսկ վերջում առանձնատուն Ավան վարչական շրջանում ՝ 600 մլն դրամ արժողությամբ, որից Սերժ Սարգսյանը ևս հրաժարվեց:

 

Ի դեպ, սա վերջնական տարբերակն էր, որը կառավարությունն առաջարկում է 3-րդ նախագահին: Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ նա առաջիկայում դուրս կգա հատուկ պահպանվող առանձնատների տարածքից: