Խաղաղության պայմանագրի տեքստն օրենքի խախտմամբ չի անցել ներպետական համաձայնեցման պարտադիր ընթացակարգերով

Լուրեր

05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
05.12.2025 | 17:44
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում
05.12.2025 | 17:36
Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը
05.12.2025 | 17:23
Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին
05.12.2025 | 17:14
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջվի
05.12.2025 | 17:03
Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին
05.12.2025 | 16:54
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
05.12.2025 | 16:45
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից
05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
05.12.2025 | 16:19
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է ապատեղեկատվությանն արդյունավետ հակազդելու մեխանիզմները
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովը հայտարարել են․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման։ Սա ենթադրում է, որ այս փաստաթուղթն արդեն Հայաստանում պետք է անցած լիներ ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչը նշանակում է, որ պայմանագրի տեքստը պետք է ներկայացված լիներ նախարարություններին՝ եզրակացություն ստանալու համար, թե արդյոք․ 

  • Առկա՞ է խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական նպատակահարմարություն
  • Պայմանագրի նախագիծը համապատասխանո՞ւմ է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենսդրությանը
  • Պայմանագրի կնքման համար անհրաժե՞շտ է պետական բյուջեով նախատեսել լրացուցիչ ծախս, թե՞ ոչ։ 

Սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը որևէ նախարարության եզրակացությանը չի ներկայացվել։ Հարց է առաջանում․ ինչպես ե՞ն կողմերը հայտարարում, թե տեքստը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման, երբ պայմանագրի տեքստը չի անցել ներպետական համաձայնեցման՝ վերը նշված պարտադիր ընթացակարգերով։

Հիշեցնենք 2024 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։

«Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում, որում դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է Բայրամովը։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է բանակցությունների ավարտի փաստը։

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ՝ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- մարտի 13-ին տարածված հայտարարությամբ տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարությունը։

Նույն օրը լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է․ թեև պայմանագրի տեքստը չի  հրապարակվել՝ այն դրույթ առ դրույթ ներկայացվել է, դրա բովանդակությանը հանրությունը ծանոթ է։

«Արդեն 4 տարի է՝ բանակցում ենք տեքստի շուրջ, և հայտնի են հոդվածները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկ օր անց՝ մարտի 14-ին Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․  «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։

Վերը նշված հայտարարությունից կարելի է եզրահանգել, որ խաղաղության պայմանագրի տեքստը փոխհամաձայնեցված է Ադրբեջանի հետ և հասել է ստորագրման փուլին։ Ուստի այս փուլում արդեն իսկ պետք է Հայաստանի իրավասու նախարարությունները եզրակացություններ տված լինեին պայմանագրի նախագծի վերաբերյալ։

Միջազգային պայմանագրի կնքման ինչ ընթացակարգ է սահմանվում ՀՀ օրենսդրությամբ

Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագիրը միջազգային պայմանագիր է։ Այս փաստը պնդում է հենց Արտաքին գործերի նախարարությունը։

Factor TV-ին Արտաքին գործերի նախարարություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել է հստակեցնել՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղութան փաստաթուղթը հանդիսանում է միջազգային պայմանագիր, թե՞ համաձայնագիր, արդյոք կա՞ տարբերություն այս երկու եզրույթների միջև։

Ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են․

«Հանրային հաղորդակցության մեջ տվյալ փաստաթուղթը հիշատակվում է ինչպես ամբողջական անվանումով, այնպես էլ հակիրճ՝ «խաղաղության պայմանագիր» եզրույթով: Նշենք, որ այն հանդիսանում է միջազգային պայմանագիր, իսկ ըստ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի, «պայմանագիր» եզրույթը կիրառվում է բոլոր տեսակի փաստաթղթերի դեպքում, որոնք, անկախ անվանումից (պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն, կոնվենցիա, հուշագիր և այլն) առաջացնում են իրավունքներ և պարտավորություններ այն կնքող կողմերի համար: Համապատասխանաբար, պայմանագրի անվանումը չի ազդում դրա իրավաբանական ուժի կամ ներպետական ընթացակարգերի վրա»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Այսինքն՝ այս փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը դիտարկում է որպես միջազգային պայմանագիր՝ անկախ այն հանգամանքից, որ իշխանության որոշ ներկայացուցիչներն իրենց խոսույթում այն անվանում են համաձայնագիր։

Ուստի՝ այս պայմանագիրը պետք է անցնի «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Իսկ ի՞նչ է նախատեսվում այդ ընթացակարգերով․

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է,  որ․

«Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին»:

Նույն օրենքի 5-րդ մասով սահմանվում է  միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգը։ Օրենքի 2-րդ հոդվածով՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգը բացատրվում է որպես  միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված, այսինքն՝ դրան նախորդող գործընթաց։

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Միջազգային պայմանագրի կնքման առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում, իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում»:

5-րդ հոդվածով սահմանվում է նաև,  թե նախարարություններից յուրաքանչյուրը ինչ հարցերի վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի։

Մասնավորապես՝ 

  • Արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:
  • Ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում, Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։ 
  • Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։

Factor TV-ն  նշված երեք նախարարություններին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել է հայտնել, թե արդոք տրամադրել են իրենց իրավասությանը վերապահված եզրակացությունները։

Առանձին հարցմամբ դիմել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք նախարարություններին և շահագրգիռ այլ մարմիններին ներկայացվե՞լ է պայմանագրի նախագիծը` եզրակացություն տալու համար։  Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել, թե ինչ եզրակացություններ են տրամադրվել։ Բացասական պատասխանի դեպքում՝ բացատրություն, թե ինչու չի ներկայացվել։

Բացի այդ՝ վարչապետին ուղարկված գրավոր հարցմամբ նաև պայմանագրի նախագծի տեքստն ենք խնդրել տրամադրել։

Արդարադատության նախարարությունից և Ֆինանսների նախարարությունից  մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պայմանագրի նախագիծն այս երկու նախարարություններին չի ներկայացվել։

Երկու նախարարությունների հարցումների պատասխանները

Այս երկու գերատեսչությունների պատասխաններն արդեն իսկ հիմք են տալիս պնդելու, որ այն փաստաթղթի նախագիծը, որը ներկայացվում է որպես միջազգային պայմանագրի նախագիծ, չի անցել միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցման պարտադիր ընթացակարգերով։

Այնուամենայիվ,  առավել հետաքրքիր վարքագիծ են դրսևորել Կառավարությունը և Արտաքին գործերի նախարարությունը։  Կառավարությունը մեր կողմից ուղարկված հարցումը օրենքի խախտմամբ վերահասցեագրել է Արտաքին գործերի նախարարությանը, իսկ ԱԳՆ-ն էլ ոչ միայն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է պատասխանել մեր հարցումներին, այլ նաև՝ թերի։

Այսպես․Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված մեր գրավոր հարցումն, ինչպես արդեն նշեցինք, վերահասցեագրվել է Արտաքին գործերի նախարարությանը։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, սակայն, որևէ կարգավորում առկա չէ՝ գրավոր հարցումը վերահասցեագրելու մասին․ վարչապետի աշխատակազմից կա՛մ պետք է պատասխանեին հարցմանը, եթե դրանում հայցվող տեղեկություներին տիրապետում են, կա՛մ հնարավորության դեպքում՝ նշեին տեղեկատությունը տնօրինողին։

Մասնավորապես՝ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը: Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»:

Նկատի ունենալով վերը նշված կարգավորումները՝ Կառավարության լրատվական ծառայությանը երկրորդ գրությունն ենք ուղարկել՝ խնդրելով մատնանշել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն կետը, որով առաջնորդվելով՝ մեր կողմից ուղարկված հարցումը վերահացեագրվել է ԱԳՆ-ին։ Միևնույն ժամանակ  խնդրել ենք հայտնել, թե ինչո՞ւ է հարցումը վերահասցեագրվել նախարարությանը, եթե իրենք տիրապետում են հայցվող տեղեկատվությանը։

Այս՝ երկորրդ հարցմանը կառավարությունից պատասխանել են օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ, ընդ որում՝ միայն այն բանից հետո, երբ բանավոր պարզաբանում ենք պահանջել հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելու վերաբերյալ։

Կառավարության տեղեկատվության ազատության և հասարակայության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանին ուղղված մեր բանավոր հարցին,  թե ինչո՞ւ գրավոր հարցմանը օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում չեն պատասխանել, Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն հարցով վարչապետին ենք հարցում ուղարկում, իսկ հարցերի հասցեատերը ԱԳՆ-ն է։

Այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն տիրապետում է մեր կողմից հայցվող տեղեկություններին, մեր կողմից չի էլ վիճարկվում, ավելին, ինչպես արդեն վերը նշել ենք, հարցումներ ուղարկել ենք նաև ԱԳՆ-ին։

Սակայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով վարչապետի վրա դրված են կոնկրետ գործառույթներ։ Բացի այդ՝  վարչապետը, որը պնդում է, թե խաղաղության պայմանագրի տեքսը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման, չի կարող տեղեկություն չունենալ կամ իրեն իրավասու չհամարել պատասխանելու այդ նույն պայմանագրի վերաբերյալ հարցերին։

Ի վերջո, մեր պնդումներից հետո Կառավարությանից պատասխանել են․ «Ձեր կողմից ուղարկված հարցումը փոխանցվել է ԱԳՆ-ին՝ հաշվի առնելով,  որ վերջինը պետական կառավարման համակարգի լիազոր մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքականությունը»։

Այնուամենայիվ,  մայիսի 14-ին Կառավարությանը ստիպված ենք եղել ևս մեկ հարցում ուղարկել։

Վարչապետի աշխատակազմից 30 օր է պահանջվում՝ եղած կամ չեղած փաստի, կատարված կամ չկատարված գործողության վերաբերյալ հարցերին պատասխանելու համար։

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ինչպես արդեն վերը  նշել ենք,  Միջազգային պայմանագրի կնքման առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման նպատակահարմարությունը և կցելով ՀՀ ԱԳՆ եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին։

Հղում կատարելով այս դրույթին՝ Կառավարությանը խնդրել ենք հայտնել՝  

  1. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առաջարկությունը  վարչապետին ո՞ր իրավասու մարմինը և երբ է ներկայացրել։
  2. Եթե իրավասու մարմինը հանդիսանում է Արտաքին գործերի նախարարությունը, ապա առաջարկության հետ մեկտեղ ներկայացվե՞լ է ԱԳՆ-ի եզրակացությունը՝ Խաղաղության պայամանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, ինչպես նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։
  3. Խնդրում ենք տրամադրել ԱԳՆ-ի եզրակացությունը։
  1. Խնդրել ենք հստակեցնել նաև՝ երբ վարչապետը 2025 թվականի մարտի 13-ին հայտարարել  է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայտարարությունն անելու պահի դրությամբ՝ համաձայնագրի տեքստը փոխհամաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

Ինչպես տեսնում ենք, վարչապետին ուղարկված 4 հարցով էլ հայցել ենք տեղեկություններ, որոնց պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք չի պահանջվում․ դրանք նախկինում արդեն իսկ կատարված կամ չկատարված գործողությունների վերաբերյալ հայցվող տեղեկություններ են, սակայն վարչապետի աշխատակազմից հայտնել, են, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ։

Այսինքն՝ վարչապետի աշխատակազմից 30 օր է պահանջվում՝ եղած կամ չեղած փաստի, կատարված կամ չկատարված գործողության վերաբերյալ հարցերին պատասխանելու համար։

Այժմ՝ այն մասին, թե ԱԳՆ-ն ինչպես է պատախանել հարցումներին։

ԱԳՆ-ն չի տրամադրում Խաղաղության պայմանագրի տեքստը, ուշացնում է հարցման պատասխանները և չի տրամադրում բովանդակային պատասխաններ

ԱԳՆ-ն թե՛ մեր կողմից ուղարկված հացմանը, թե՛ Կառավարության կողմից հասցեագրվածին պատասխանել է թերի և օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ հարցումներից մեկին պատասխանելու ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխան չի ուղարկվել։

Մասնավորապես՝ ապրիլի 11-ին ԱԳՆ-ին ուղարկված հարցմամբ հայցել ենք գրեթե նույն հարցերի պատասխաններն, ինչ Նիկոլ Փաշինյանին ուղարկված հարցմամբ։ Արդյոք նախարարությունները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, տրամադրե՞լ են խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում եզրակացություններ։ Խնդրել ենք տրամադրել նաև խաղաղության պայմանագրի տեքստը։

Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Նախարարութունից պատասխանել են, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  Հայաստանի և Ադրբեջանի միջև  համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետներում կանցնի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»։

Ինչ վերաբերում է համաձայնագրի տեքստը տրամադրելուն, ԱԳՆ-ն այս հարցին պատասխանելու համար երեսնօրյա ժամկետ է խնդրել,  ապա երեսնօրյա ժամկետի լրանալուց  4 օր առաջ մերժել հայցվող տեղեկությունը տրամադրել։


ԱԳՆ-ն պետական  ծառայողական գաղտնիք է համարում Խաղաղության պայմանագրի տեքստը

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը գաղտնի փաստաթուղթ է և այս պահին ենթակա չէ տրամադրման «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Նշված  նորմով սահմանվում է, որ հրապարակման ենթակա չեն պետական և ծառայողական գաղտնիքի մասին տեղեկությունները։  Այսինքն՝ ԱԳՆ-ն  խաղաղության պայմանագրի տեքստը համարում է պետական և ծառայողական գաղտնիք։

ԱԳՆ-ից նաև պարզաբանել են․

«Որպես կանոն՝ միջազգային պայմանագրի նախագծի հրապարակումն իրականացվում է ստորագրմանն ընդառաջ ներպետական ընթացակարգերի շրջանակներում։ Մինչև Ձեր կողմից նշված համաձայնագրի հրապարակումը, հաշվի առնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիներին պատշաճ իրազեկման սկզբունքով՝  կառավարությունն ապահովել է փաստաթղթով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ հնարավորինս թափանցիկ հաղորդակցություն, եղել են մի շարք պաշտոնական անդրադարձեր և մեկնաբանություններ»։

Ստիպված ենք եղել նախարարությանը ևս նոր հարցում ուղարկել։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցնելով նրա 2025 թվականի մարտի 14-ի  հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման,  խնդրում ենք հայտնել, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ 

1․ Հայտարարությունն անելու պահի դրությամբ՝ համաձայնագրի տեքստը փոխհամաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առաջարկությունը վարչապետին ներկայացնող իրավասու մարմինը Արտաքին գործերի նախարարությո՞ւնն է։

3․Եթե իրավասու մարմինը Արտաքին գործերի նախարարությունն է, ապա խնդրել ենք  հայտնել, թե ե՞րբ է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել, առաջարկության հետ մեկտեղ ներկայացվե՞լ է ԱԳՆ-ի եզրակացությունը՝ Խաղաղության պայամանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, ինչպես նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։

4․Խնդրել ենք տրամադրել ԱԳՆ-ի՝ վերը նշված եզրակացությունը։

5․ Միևնույն ժամանակ հիշեցրել ենք, որ  Factor TV-ին ուղարկված գրությամբ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետում կանցնի ներպետական ընթացակարգերով։ Խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ նկատի ունի ԱԳՆ-ն  «ներպետական ընթացակարգ» եւ ինչ՝ «պատշաճ ժամկետ » ասելով, ո՞րն է պատշաճ ժամկետը։

6․ Նշել ենք նաև, որ Factor TV-ին, հղում կատարելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին՝ ԱԳՆ-ից խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե արդյոք նախագիծն անցե՞լ է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչը նշանակում է իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի իրականացում՝ 15-օրյա ժամկետում, եթե այլ ժամկետ սահմանված չէ։

Ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք հայտնել, թե արդյոք նախագծի վերաբերյալ Արտաքին գործերի, Ֆինանսաների, Արդարադատության նախարարությունները տվել են 5-րդ հոդվածով սահմանված եզրակացությունները։

7. Բացասական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել, թե արդյոք սահմանվե՞լ է այլ ժամկետ, ինչպես նաև նշել, թե ինչ ժամկետ է սահմանվել։

Այսինքն՝ այս դեպքում ևս հայցել ենք նախկինում կատարված կամ չկատարված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Չնայած օրենքով սահմանված հնգօրյա ժամկետն արդեն ացնել է՝ ԱԳՆ-ից այս հարցմանը դեռևս չեն պատասխանել։

Այսպիսով՝ ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն  չեն հրապարակում խաղաղության պայմանագրի տեքստը, այլև խուսափում են պատասխանել հարցերին՝ արդյոք հնարավոր ստորագրումից առաջ պայմանագիրն անցել է ներպետական պարտադիր ընթացակարգերով։

 

Արաքս Մամուլյան