Քաղաքական միտո՞ւմ, թե՞ նոր անհրաժեշտություն. Սեֆիլյանը Հոկտեմբերի 27-ի գործով կրկին հարցաքննվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.05.2025 | 20:15Լրագրող – Ճի՞շտ է, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը Ձեզ զանգել էր ու ասում էր, որ «մորուքը սատկել է, մորուքին սպանել են», ու Դուք հայհոյել եք, և էդ բոլոր գաղտնիքները կագեբեում կան, ու մինչև օրս չեն ասում, հլա դեռ մինչև հիմա ասում են՝ Ձեզ Նաիրի Հունանյանն էր զանգել: Կասե՞ք էդ մասին, ի՞նչ էր տեղի ունեցել:
Սամվել Բաբայան – Էն, ինչ որ զանգել ա, դա, այո, տենց ա եղել, և փոխանցել, որ «էդ հանցագործները ուզում են, որ Դուք գաք բանակցությունների»: Ես բացատրել եմ, որ «զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ»: Էդքանը: Իսկ Ձեր ասածը ամբողջովին իրականություն ա:
Մարտի 1-ին հրապարակված աղմկահարույց հարցազրույցի այս հատվածի շուրջ քննարկումներն օրերս կրկին ակտիվացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ուղիղ հարց ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Հինգ օր առաջ Քոչարյանի, այսպես ասած, ուղղորդումը, երկար սպասեցնել չտվեց․ Սեֆիլյանը երեկ Քննչական կոմիտեում հարցաքննվել է, որից որոշ մանրամասների անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Երեկվա հարցաքննությանը ներկա Սեֆիլյանի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը հստակ միտում է տեսնում։ Ասում է՝ գործընթացը քաղաքական պատվեր է եղել։
Factor TV-ն փորձեց մանրամասներ ճշտել հենց Բաբայանից, սակայն նրա օգնականը նշեց, որ այս մասին որևէ նոր մեկնաբանություն չունեն։
«Պարոն Բաբայանն ամեն ինչի մասին ժամանակին հայտարարել է, բացի այդ էլ՝ կա ձայնագրություն, իսկ բաց աղբյուրներում՝ նաև սղագրություն»,- նշեց Բաբայանի օգնականը։
Իսկ ի՞նչ կապ ունեն Սեֆիլյանն ու Բաբայանը և ինչո՞ւ են հարցաքննվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի արյունալի իրադարձությունների գործով։ Factor TV-ն գտավ բաց աղբյուրներում հայտնված Սեֆիլյանի հարցաքննության սղագրությունը, որից որոշակի մանրամասներ են հայտնի դառնում։ Մասնավորապես, ըստ 2000 թվականի փետրվարի տված նրա ցուցմունքի՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին տանն է եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում իրեն է զանգահարել Նաիրի Հունանյանը, որին Սեֆիլյանը ճանաչել է 1990 թվականից՝ որպես դաշնակցական։
«Նաիրի Հունանյանը զանգահարեց իմ բջջայինին, ասաց՝ Ժիրո, Նաիրին է խոսողը։ Ես հարցրի՝ ո՞ր Նաիրին, ասաց՝ չե՞ս հիշում, Նաիրի Հունանյանն է, չե՞ս լսել, թե ինչ է կատարվում։ Ես ասացի, որ հիշեցի նրան: Նա ինձ հարցրեց՝ ունե՞մ Սամվել Բաբայանի հեռախոսահամարը, ասացի՝ ունեմ։ Հունանյանն ինձ տվեց երկու հեռախոսահամար՝ ասելով՝ դրանք փոխանցեմ Սամվել Բաբայանին, որ վերջինս զանգահարի իրեն»,- նշել է Սեֆիլյանը։
Ըստ նրա ցուցմունքի՝ այդ զանգի մասին ինքն անմիջապես տեղեկացրել է Ազգային անվտանգության նախարարություն, ապա կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ։
«Սամվել Բաբայանին ասացի, որ ԱԺ-ում դեպքեր են եղել, Բաբայանն ասաց՝ լսել է այդ մասին։ Պատմեցի, որ Նաիրի Հունանյանը կապվել է ինձ հետ և փոխանցել հեռախոսահամարներ, որ ես դրանք տամ իրեն և ասեմ՝ զանգի Հունանյանին: Բաբայանը ասաց՝ «էդ գիժ է, գործ չունես, ոչ մի բան էլ պետք չէ նրա հետ կապ պահպանելու», և չուզեցավ իմանալ, թե ինչ համարներ է տվել Նաիրին»,- պատմել է նա։
Բաց աղբյուրներում հայտնված այս ցուցմունքից 25 տարի անց Սեֆիլյանը կրկին հարցաքննվել է Հոկտեմբերի 27-ից անջատված գործի շրջանակում։ Ըստ փաստաբան Պապիկյանի՝ որևէ նոր բան չի ասվել հարցաքննության ժամանակ։
Իսկ ո՞րն է եղել մատնանշվող քաղաքական շարժառիթը, փաստաբանն ընդգծում է՝ առջևում ընտրություններ են։
Ի վերջո, ի՞նչ կտա Սեֆիլյանի այս հարցաքննությունը և ինչպե՞ս կանդրադառնա գործի վրա, պարզ կդառնա առաջիկայում։ Այս գործի նոր քննության համար հիմք է հանդիսացել Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի դիմումը, որը վերջինս Գլխավոր դատախազությունից պահանջել էր վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, իսկ քրեական գործի նախաքննությունը՝ հանձնարարվել ԱԱԾ-ին:
Անկախ Հայաստանի ամենաողբերգական իրադարձություններից մեկը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ Հայաստանի Ազգային ժողովի վրա հարձակում իրականացրին հերթական նստաշրջանի՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան