Ե՞րբ կստորագրվի Երևան-Բաքու պայմանագիրը․ խաղաղության փնտրտուք պատերազմից 4 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.01.2025 | 20:00
587 մլրդ դրամ․ ով որքան գումար պետք է վերադարձնի պետությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.01.2025 | 19:00
Եթե խաղաղության ենք գնում, ինչո՞ւ է Ադրբեջանն իր դպրոցներում սովորեցնում, որ ՀՀ-ի տարածքն իրենն է․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.01.2025 | 18:23
Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն
04.01.2025 | 17:19
2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար
04.01.2025 | 16:33
Հրդեհ Վանաձոր քաղաքում
04.01.2025 | 16:00
Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
04.01.2025 | 15:33
Մաքսային ծառայությունը պետական կառավարման հիմնասյուներից է․ ՊԵԿ նախագահի ուղերձը
04.01.2025 | 15:20
Ձերբակալված Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ փաստաբանական խումբ
04.01.2025 | 15:00
2026թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի իմ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ․ Փաշինյան
04.01.2025 | 14:48
Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ․ Փաշինյան
04.01.2025 | 14:41
Վերլուծաբանները քննարկում են Թուրքիայի դերը սիրիական զարգացումներում
04.01.2025 | 14:21
Վարչապետը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանն իր մասնակցության հարցը
04.01.2025 | 13:56
Հրդեհ Լուսագյուղում․ տուժածներ չկան
04.01.2025 | 13:33
Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ
04.01.2025 | 13:10
Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել
Բոլորը

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 4 տարի է անցել, բայց Երևանն ու Բաքուն դեռևս չեն կարողանում խաղաղության շուրջ համաձայնության գալ։ Փաստաթղթի նախագիծն արդեն տևական ժամանակ կողմերն իրար են փոխանցում, բայց ստորագրելուն բանն այդպես էլ չի հասնում։ Factor TV-ն ամփոփել է փաստաթղթի նախագծի անցած ճանապարհը։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին, ըստ էության, առաջին անգամ բարձրաձայն խոսվեց շուրջ 3 տարի առաջ՝ Ազգային Ժողովի ամբիոնից։ Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին թիմակիցները հարցնում էին Ալիևի կողմից ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու առաջարկի մասին։ Փաշինյանն արձագանքեց, որ Հայաստանն էլ է Ադրբեջանին առաջարկել և առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր։

Փաշինյանի այս հայտարարությունից տարիներ անց, սակայն, ո՛չ խաղաղության պայմանագիրն է կնքվել, ո՛չ էլ տեքստն է ամբողջությամբ համաձայնեցված։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե ինչ փուլեր է անցել խաղաղության պայմանագրի նախագիծը և ինչու, չնայած լավատեսական հայտարարություններին, փաստաթուղթն այս տարի էլ չստորագրվեց։

Ալիևը 2021 թվականին հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Մեկ տարի անց Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը 2022 թվականին 6 անգամ են բանակցությունների սեղանի շուրջ նստել, 5-ը՝ Եվրամիության, Ֆրանսիայի նախագահի և միայն մեկը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ։ Չնայած 2 տարի առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հրապարակային խոսքում լավատես էին, որ 2022-ը պատմության մեջ կմնա խաղաղության պայմանագրի կնքումով, բայց տարվա ավարտին բանակցությունները, ըստ էության, մտան փակուղի։

Հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպումից հետո Բաքվի թվացյալ կառուցողականությունը հօդս ցնդեց։ Ադրբեջանը չեղարկեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը, իսկ ամսվա կեսին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախի հայերին թողնելով շրջափակման մեջ։ Սանկտ Պետերբուրգում էլ չկայացավ Կրեմլի առաջարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։

2022 թվականին խորհրդարանում պատգամավորների հարցերի ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի մոտեցումներն էր ներկայացնել՝ հայտնելով, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին շրջանակային պայմանագիր կնքել։

Փաշինյանն Ալիևին առաջարկել էր նաև իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից։ Բաքուն այդպես էլ չարձագանքեց այս առաջարկին։ Ալիևն անպատասխան թողեց նաև միմյանց սպառազինությունների գնումների վերահսկման, ինչպես նաև չհարձակման պայմանագիր կնքելու մասին առաջարկները։ 2023 թվականին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին 5, Միրզոյանն ու Բայրամովը՝ 3 անգամ․ բանակցությունների աշխարհագրությունը լայն էր՝ Բրյուսելից մինչև Վաշինգտոն ու Մոսկվա։ Շառլ Միշելի գլխավորությամբ բրյուսելյան բանակցությունների ժամանակ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքը, որի մեջ է մտնում նաև Արցախը։

Մինչդեռ 2022-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանն ասում էր՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն «խաղաղության պայմանագրի» շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արձանագրված սկզբունքների հիման վրա։

Թեմայից խոսել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Փաշինյանն էլ անցած տարի ամռանն իր ասուլիսում ասում էր՝ հստակ չէ խաղաղության պայմանագրում  Լեռնային Ղարաբաղի հարցն ընդգրկել-չընդգրկելու խնդիրը և պետք է մտածել։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ պայմանագրի նախագծում Արցախի, արցախահայության վերադարձի, իրավունքի և անվտանգության մասին խոսք չկա։ Անդրադարձ չկա նաև գերիների վերադարձի հարցին։

Մինչ ընթանում էին խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները, ավելի քան 9 ամիս բնապահպանական խնդիրների պատրվակով Լաչինի միջանցքը փակ պահող Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նոր ագրեսիա սկսեց Արցախում։ 1 օրից քիչ ավելի տևած ռազմական գործողություններից հետո Արցախի իշխանություններն ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում ստորագրեցին Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը։ Ընդամենը օրերի ընթացքում ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանության ենթարկվեց։ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ համաձայնեցվել են պայմանագրի 3 հիմնական սկզբունքները․ առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29,800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86,600։ Երկրորդ սկզբունքով՝ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա սահմանազատման և պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։ Երրորդ սկզբունքն էլ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։

Ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրից հանվել է սահմանազատման հարցը, Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են նաև այդ փաստաթղթից առանձնացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը։

Ադրբեջանի հետ բանակցությունների ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, որ խաղաղության պայմանագիրը դեռ խաղաղություն չի երաշխավորում։

Մինչև սահմանազատման մեկնարկը՝ ՀՀ քարտեզի ուրվագիծը ձեռքին վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերի բնակիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Ադրբեջանը պահանջում է իրենց գյուղերի դիմաց գտնվող Բաղանիս Այրում, Աղաշը-Ասկիպարա, Խեյրիմլի և Կըզըլհաջիլի գյուղերը։ Եթե այդ տարածքների հարցը չլուծվեր, ըստ Փաշինյանի, պատերազմ էր սպասվում։

Կիրանցում սահմանազատման գործընթացն ուղեկցվեց նաև մի խումբ գյուղացիների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործիչների բողոքի ակցիաներով։ Չնայած դրան՝ Կիրանցի հատվածում սահմանազատումն իրականացվեց. 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով սահմանազատման արդյունքում, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի, Ադրբեջանը 2.5 գյուղ ստացավ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։

Տավուշում սահմանազատումից հետո երկու երկրների սահմանների ճշգրտման գործընթացը, ըստ էության, սառեցված վիճակում է, առաջընթաց չկա նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։

Խաղաղության շուրջ համաձայնության գալու ուղղությամբ երկրների առաջին դեմքերի և արտգործնախարարների մակարդակով բանակցությունները շարունակվեցին նաև այս տարի։ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հայտարարում էր, որ պատրաստ է մեկ ամսում կնքել խաղաղության պայմանագիր, իսկ Ադրբեջանի կողմից ոչ միայն դրական արձագանք չկար, այլև նորանոր պահանջներ էին հնչում։

Խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, փաստաթղթում հայերի «ռևանշը» բացառելու դրույթ ավելացնել, ինչպես նաև պահանջում է ապառազմականացում, խոսվում է նաև Հայաստանի տարածքով անցնող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը Երևան ուղարկելուց հետո Բաքվից նոր պահանջներ էին հնչում՝  հայ-ադրբեջանական սահմանից օտարերկրյա դիտորդների դուրսբերում, միջազգային հարթակներում հայցերից հրաժարում, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում Փաշինյանը տեղեկացրեց, որ Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատված հատվածներում սահմանափակել ԵՄ դիտորդների ներկայությունը։ Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում, ըստ Փաշինյանի, չի բացառվում՝ միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարք լինի:

Սահմանադրության փոփոխության՝ Բաքվի պահանջի վերաբերյալ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այս փաստն այս տարի արձանագրեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի վավերականությունը հաստատելու որոշման մեջ։

Փաշինյանը հակադարձում է՝ հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ հիմնավորելու պայմանագրի այս կամ այն կետի չկատարումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում էլ ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չունենալ նման պահանջներ։

Աշնանն արդեն Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Փաշինյանն Ալիևին առաջարկեց նախաբանով և լիարժեք համաձայնեցված 13-ով կետերով խաղաղության պայմանագիր կնքել՝ չհամաձայնեցված հարցերը թողնել ապագայի բանակցություններին։ Բաքուն մերժեց Երևանի առաջարկը մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին՝ պնդելով, որ      խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը։

Խաղաղության պայմանագրի շուրջ լավատեսական սպասելիքներ կային Բաքվում նոյեմբերին անցկացված ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ։ ՀՀ-ն թեպետ հրավեր ստացել էր, բայց չմասնակցեց COP29-ին, քանի, որ, ըստ էության, կողմերը համաձայնության չէին եկել գերիների վերադարձի շուրջ։

Չնայած դրան՝ 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է, մնում է վերջին ջանքերը գործադրել։

ԱԳ նախարարը ֆիննական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նաև հայտնել էր, որ խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Միրզոյանի գնահատմամբ՝ սա հույսի պահ է:

Այդուհանդերձ, Բաքուն շարունակում է նոր պահանջներ հնչեցնել․ Սահմանադրությունից բացի՝ հիմա էլ խաղաղության խոչընդոտներից է համարում Հռոմի ստատուտին ՀՀ-ի միանալը։

Տարեվերջին Կրեմլի քարոզչամեքենայի կարկառուն դեմքերից մեկին՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև բացահայտեց, թե որ երկու կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս։ Ալիևի խոսքով՝ կետերից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալուն, իսկ մյուսը՝ երկու երկրների սահմանին այլ երկրների ներկայացուցիչների ներկայությանը։ Օրեր անց Փաշինյանը Ալիևին արձագանքեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ ՀՀ վարչապետը, ըստ էության, հաստատեց, որ չհամաձայնեցված կետերը հենց դրանք են։ Փաշինյանը նաև ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խումբը լուծարելու՝ ադրբեջանական պահանջը կառուցողական գնահատեց՝ բացատրելով, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին և ադրբեջանցի փախստականների վերադարձին, ապա Հայաստանի վարչապետը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ։

Կլինի՞, արդյոք, 2025-ին խաղաղության պայմանագիր և կայուն խաղաղություն․ հաշվի առնելով Բաքվից պարբերաբար հնչող ու փոփոխվող նախապայմանները՝ հարցի պատասխանը շատ մշուշոտ է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան