Կցանկանայի շեշտել նորարարությունների ուղղությունը, որը մեր երկրների համագործակցության ոլորտում կարող է հստակ արդյունք տալ. Զոհրաբ Մնացականայանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին
Քաղաքականություն
03.09.2018 | 15:55Այսօր Երևանում հանդիպել են ՀՀ և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները: ԱԳ նախարարությունը տարածած հաղորդագրությամբ ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման արդյունքներով.
Հարգելի՛ նախարար Կոնո,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր շատ կարևոր, լավ օր է հայ-ճապոնական հարաբերություններում: Մենք պատիվ ունենք այսօր հյուրընկալելու Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և իր գլխավորած պատվիրակությանը։ Սա, ըստ էության, առաջին այցելությունն է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Նախորդ տարի մենք նշեցինք մեր հարաբերությունների 25-ամյակը և այսօր այս այցը հատկանշական է նրանով, որ մենք առիթ ունենք ամփոփելու այն հսկայական և բավական հարուստ օրակարգը, որ ձևավորվել է նախորդ 26 տարիների ընթացքում, և ուրվագծել այն ուղղությունները, որոնք առաջ են տանելու մեր բավական հարուստ և դինամիկ զարգացող երկկողմ օրակարգը:
Մենք արդեն առիթ ունեցանք նախարարի հետ ամփոփելու որոշ հարցեր: Օրվա ընթացքում գործընկերս առիթ է ունենալու նաև հանդիպելու Հանրապետության վարչապետին և նախագահին: Նա կլինի ԹՈՒՄՈ կենտրոնում: Մենք առիթ կունենանք երեկոյան շարունակելու երկխոսությունը, որպեսզի լավագույնս օգտագործենք այս առիթը և քննարկենք հարցերի հնարավորինս լայն շրջանակ: Ես նաև շնորհակալ եմ նախարարին, որ առավոտյան նա այցելեց Ցեղասպանության հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցեց մեր նահատակներին:
Ինչպես նշեցի, մեր երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում բավական զարգացել է և բավական հագեցած է: Մենք չափազանց բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում: Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, բավական զգալի է: Միայն ընդհանուր թվերով Ձեզ հիշեցնեմ, որ այս շրջանում շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին, շուրջ 79 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ, մոտ 11.5 մլն ԱՄՆ դոլար՝ տեխնիկական աջակցության և վերապատրաստման ծրագրերի համար: Սա շարունակական օրակարգ է: Դա զգացվում է մեր առօրյա կյանքում՝ սկսած հրշեջ մեքենաներից Երևանում և շրջաններում, վերջացրած մեր առողջապահական, կրթական և մշակութային հաստատություններում, որոնք օգտվել են նման աջակցությունից և նման համագործակցությունից: Մենք ունենք 600-ից ավելի մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել Ճապոնիայում:
Մենք այսօրվա ընթացքում ամփոփեցինք ունեցածը, ինչպես նաև ուրվագծեցինք նոր ուղղությունները, որոնք կկարողանանք և կցանկանանք զարգացնել: Առավել կցանկանայի շեշտել նորարարությունների ուղղությունը, որը մեր երկրների երկխոսության, համագործակցության ոլորտում կարող է շոշափելի և հստակ արդյունք տալ: Պայմանավորվեցինք, որ կշարունակենք միասին ուսումնասիրել ավելի կոնկրետ ուղղությունները, թե ինչպես մենք կհամագործակցենք միասին այս ոլորտում:
Ենթակառուցվածքների զարգացման հարցում մենք միասին կաշխատենք և կուսումնասիրենք, թե ինչպես ենք ավելի հստակ արտահայտում մեր համագործակցությանն այդ ոլորտում:
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում նույնպես Ճապոնիան ունի իր ներգրավվածությունը: Մենք նաև քննարկեցինք համագործակցության ուղիներն այդ ոլորտում, ներառյալ՝ մեր խորհրդարանական ընտրությունների համատեքստում:
Մենք ունենք երկկողմ հարաբերությունների ձևավորված իրավական շրջանակ, որը նույնպես շարունակելու ենք զարգացնել:
Ուշադրություն դարձրեցինք նաև մարդկային շփումներին, որը հիմքն է ցանկացած միջպետական հարաբերությունների: Գիտեք, որ Հայաստանն արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի քաղաքացիների, ճապոնական անձնագիր ունեցող անձանց համար, ովքեր կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան: Ակնկալում ենք, որ Ճապոնիայի կողմից նույնպես կարվեն քայլեր, որոնք հնարավորություն կտան դյուրացնելու հայ քաղաքացիների այցելությունները Ճապոնիա: Մենք հույս ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում մենք կունենանք նաև ուղիղ չվերթ Տոկիոյի և Երևանի միջև, միգուցե՝ կապով, բայց սա հարց էր, որին մենք անդրադարձանք մեր զրույցի ընթացքում:
Մենք ունենք գործող դեսպանություններ Տոկիոյում և Երևանում և առիթ ունեցանք շնորհակալություն հայտնել մեր դեսպաններին, ովքեր ամենօրյա ռեժիմով ապահովում են մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը և սնում մեզ գաղափարներով: Մենք կոչ արեցինք մեր դեսպաններին՝ էլ ավելի ուժեղացնելու ջանքերը, որպեսզի կարողանանք շարունակել զգալ այդ շոշափելի արտահայտումը մեր երկկողմ հարաբերությունների և գտնել նման համագործակցությունն էլ ավելի ընդլայնող ուղիներ:
Մենք, բնականաբար, խոսեցինք նաև միջազգային օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցերի մասին: Ես անդրադարձա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ներկայացրի այն շրջանակը, որով Հայաստանը ներգրավված է բանակցային գործընթացում, ընդգծեցի շեշտադրումը հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման հարցում, բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես միջազգային ճանաչված և աջակցություն ստացող Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ես, բնականաբար, անդրադարձա նաև խաղաղությանը նպաստող պայմանների ձևավորմանը, և այդ հարցին տրվեց առավել մեծ նշանակություն: Ընդգծեցի նաև Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունները:
Մենք անդրադարձանք օրակարգային տարբեր այլ հարցերի, մասնավորապես, զարգացումներին Մերձավոր Արևելքում և Արևելյան Ասիայում: Բավական արդյունավետ ենք համագործակցում այս հարցերի շուրջ: Մենք նաև հաջող համագործակցության պատմություն ունենք՝ միասին աշխատելով միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում: Մենք միմյանց աջակցում ենք տարբեր ձևաչափերով՝ ինչպես տարբեր մարմիններում ընտրությունների, այնպես էլ այդ հարթակներում աշխատանքի ժամանակ: Ճապոնիան վերջերս Անվտանգության խորհրդի անդամ դարձավ, և ես ևս մեկ անգամ ողջունեցի և շնորհավորեցի գործընկերոջս՝ բավական հաջող երկամյա անդամակցության կապակցությամբ: Սա զուտ մեկ օրինակ է, որով ցանկացա կիսվել Ձեզ հետ:
Կան տարբեր այլ բնագավառներ, որտեղ մենք աշխատում ենք միասին՝ թե՛ միջազգային, թե՛ երկկողմ համատեքստում: Մենք աշխատելու բավական կարևոր ոլորտ ունենք: Դա բնական աղետների ռիսկերի նվազեցման ուղղությունն է, որտեղ թե՛ միջազգային օրակարգի շրջանակներում նույնպես միասին ենք աշխատում, թե՛ երկկողմ մակարդակով փորձում ենք միմյանց օգտակար լինել, որովհետև երկու ժողովուրդները բավական ծանոթ են բնական աղետների հետևանքներին և գիտակցում են կարողությունների զարգացման նշանակությունը նման հարցերում:
Թերևս այսքանը: Փորձեցի ամփոփել այն ամբողջ ծավալը, ինչի մասին խոսում էինք, ծրագրում էինք խոսել, և ինչը ձևավորում է մեր շարունակական օրակարգը: Այսքանով կսահմանափակվեմ և խոսքը կփոխանցեմ Ձեզ:
Շնորհակալություն: