ՄԱԿ-ը վերահաստատում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին աջակցությունը
Մայիսի 5-8-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը առաջին անգամ այցելել է Հայաստան:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, ՀՀ կառավարության այլ պաշտոնատար անձանց, դիվանագիտականկորպուսի և զարգացման գործընկերների, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի, քաղաքացիական հասարակության, կանանց և երիտասարդության հետ ունեցած քննարկումներում Իվանա Ժիվկովիչն ընդգծել է ՄԱԶԾ-ի՝ որպես ՀՀ կառավարության ռազմավարական գործընկերոջ դերը զարգացման ճանապարհին առկա բարդ մարտահրավերների հասցեագրման ճանապարհին՝ ի շահ հայաստանցիների, որտեղ միջամտությունները կենտրոնանում են փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամին արձագանքման, կայուն զարգացման, կանանց և երիտասարդների զորեղացման վրա: Նա նաև առաջարկել է ՄԱԶԾ-ի շարունակական աջակցությունը` սոցիալական պաշտպանության, հանրային ծառայությունների, զարգացման ֆինանսավորման, կանաչ տնտեսության, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման լավագույն փորձի վերաբերյալ կայուն և նորարար լուծումներ տրամադրելու հարցում:
«Իր զարգացման ճանապարհին Հայաստանը բախվում է բարդ մարտահրավերների, որոնք էլ ավելի են բարդանում բազմաթիվ ճգնաժամերի պատճառով: ՄԱԶԾ-ն աշխատում է ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, զարգացման միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ փախստականների և նրանց ընդունող համայնքների դիմակայունության կարողությունները զարգացնելու համար: Այս մարտահրավերները նաև կայուն ապագա ստեղծելու հնարավորությունն են պարունակում: Միջազգային, ազգային և տեղական մակարդակներում համատեղ աշխատանքով մենք կարող ենք առավելագույնս իրացնել կայուն զարգացման անհավանական ներուժը` ապահովելով մարդկանց ու բնության ներդաշնակ զարգացումը», – ասել է Իվանա Ժիվկովիչը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալը տվել է Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության խթանման և օրենսդիր մարմնի պատասխանատվության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության երկրորդ փուլի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ։
Ակնարկներ ՄԱԶԾ ծրագրերի իրականացման վայրեր կատարած այցելություններից
Իվանա Ժիվկովիչն այցելել է նաև Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող ՄԱԶԾ-ի ծրագրերը:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ արդիականացված օդերևութաբանական ավտոմատ կայանի աշխատանքին, որը Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում 11 արդիականացված կայաններից մեկն է: Այս ծրագիրն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը: ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը նաև ծանոթացել է Սևան ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, որը մաս է կազմում ԵՄ-ն Սևանի համար (EU4Sevan) ծրագրի և հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզներ և դպրոցներ՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-ից 60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46,000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։
Արարատի մարզի Մասիս համայնքում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը դիտարկել է ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներին արձագանքման գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 18 ժամանակակից սոցիալական բնակարանների կառուցման բարեհաջող աշխատանքները նախկին մարզադպրոցի տարածքում՝ ավելի քան 70 փախստականների տեղավորելու համար: Այս նոր կառուցված սոցիալական բնակարանները համապատասխանում են ժամանակակից պահանջներին և փախստականների համար հարմարավետ բնակարանային լուծումներ ապահովելու գովելի ջանքերի վկայությունն են: «Փախստականների հետ իմ հանդիպումների ժամանակ ես ավելի խորը պատկերացում կազմեցի տեղահանության արդյունքում մարդկանց կրած կորուստների մասին և նրանց հետ քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն հետագայում նպաստել իրենց դիմակայունության բարձրացմանը և իրենց համար ավելի հյուրընկալ և աջակցող միջավայր ստեղծելուն», – ասել է Իվանա Ժիվկովիչը:
Վայոց ձորի Արենի համայքնում Իվանա Ժիվկովիչը ծանոթացել է համայնքի երիտասարդների համար նախատեսված ՄԱԶԾ-ի նորարարական, արտադասարանական ավտոբուսի գործունեությանը, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը հանդիպել է մարզային և համայնքային իշխանությունների և ՄԱԶԾ-ի ծրագրերից տեղերում ուղղակիորեն օգտվող փախստականների հետ և վերահաստատել ՄԱԶԾ-ի լիակատար աջակցությունը համայնքների դիմակայունության բարձրացման և փախստականներին հայաստանան հասարակությանն ինտեգրման գործին:
Իվանա Ժիվկովիչը ուրախ էր տեսնել Տեղ համայնքի ղեկավարին կից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող Կանանց և երիտասարդների հարցով խորհրդատվական խորհրդի անդամների ոգևորությունը: Խորհուրդը միտված է տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, լուծում է փախստականների խնդիրները և նրանց ձայնը լսելի դարձնում համայնքի բոլոր գործերում: Տեղ համայնքում տիկին Ժիվկովիչը մասնակցել է նաև պարզ թաքստոցի բացմանը և ծանոթացել Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող պայթուցիկ զինամթերքի և ականների վտանգների մասին իրազեկման արշավների արդյունքներին:
Գորիսում և Վերիշենում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը տեղում ծանոթացել է «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) նախաձեռնության շրջանակներում իրականացված ծրագրերին և զրուցել շահառուների հետ ինքնազբաղվածության և եկամտաստեղծ հնարավորությունների մասին, որոնք ՄԱԶԾ-ն տրամադրում է փախստականներին և ընդունող համայնքներին։