Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. Երևանում շանսոնյեին նվիրված ցուցահանդես բացվեց

Լուրեր

20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
20.02.2026 | 20:27
ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը
20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն իր քանդակներով նորովի է ներկայացրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա քանդակի է վերածել ոչ միայն Ազնավուրի խոսուն դեմքն ու արտիստիզմը, այլև նրա հրաշալի երաժշտությունը, որը տարիներ շարունակ ոգևորել է Մազմանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակագործի՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 26-ին «Two Arcs» ցուցասրահում:

 

Ներկայացված են Ազնավուրին պատկերող դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ ու գծանկարներ: Ստեղծագործություններն Ազնավուրի ուղիղ վերարտադրությունը չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են, վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին:

Ազնավուրին նվիրված հավաքածու ունենալու մասին Մկրտիչ Մազմանյանը նախապես չի մտածել: Ամեն բան ինքնաբերաբար է ստացվել: Հեղինակը խոստովանում է՝ անում է այն, ինչ սրտից է բխում:

«Անչափ ուրախ եմ Շառլին նվիրված այս ցուցահանդեսի բացման և իմ պատկերագրքի շնորհանդեսի համար: Իսկապես երջանիկ եմ»,-ասում է Մազմանյանը:

Նա կարծում է՝ արվեստագետը պետք է դուրս գա ակադեմիական ոճից և տրվի ստեղծագործական ազատությանը, քայլի ժամանակի հետ: Հավանաբար այդ մտածելակերպի արդյունքում է քանդակագործը զարմանալի աշխատանքներ ստեղծել, որոնք մտածելու առիթ են տալիս:

 

«Գուցե  մեկ օրվա մեջ մի արձան ավարտին հասցնեմ, սակայն Շառլի քանդակների վրա աշխատել եմ շուրջ երկու տարի: Ազնավուրին պաշտում եմ 1960-ականներից: Առաջ սիրում էի լսելով, հետագայում հպարտանում էի, որ նման մեծ հայ կա աշխարհում, իսկ հիմա հպարտանում եմ, որ նա որպես երգիչ, կատարող բանաստեղծ և դերասան արել է այն, ինչ ոչ ոք մինչ օրս չի արել բեմում»,-շեշտում է Մազմանյանը:

Նա ցուցադրել է Ազնավուրին նվիրված ստեղծագործությունների մի մասը միայն, ներկայացրել մոնումենտալ արձանների էսքիզներ, որոնք  հետագայում կարող են զարդարել տարբեր քաղաքների պուրակներն ու փողոցները:

Մկրտիչ Մազմանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ստեղծագործություն հույզերից է ծնվում, սակայն, եթե քանդակագործը միայն հույզերին տրվի, չի կարող կառավարել աշխատանքը: Յուրաքանչյուր դիմաքանդակ մի երգի ներշնչմամբ է կերտել, ասում է՝ երգը թարգմանել է՝ այն վերածելով քանդակի, ծավալների:

 

«Երգերի անգամ վերնագրերը չեմ հիշում, սակայն ես գրեթե երաժշտագետի պես հասկանում եմ Շառլի երգերը, վերլուծում եմ ու վերածում եմ ծավալների: Նա իմ ուսուցիչն է եղել: Հայաստանից հետո Էստոնիայում իմ ուսուցիչները այնքան էլ բարձրակարգ չէին, և Ազնավուրն ինձ փրկեց. ես աշխատում էի ծավալի մեջ տեսնել Ազնավուրի հնչյունները, երգերը»,-պատմում է քանդակագործը:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են քսանից ավելի ուշագրավ ստեղծագործություններ, համադրել է Մկրտիչ Մազմանյանի դուստրը՝ Զառա Մազմանյանը: «Մազմանյանի տաղանդի արդյունքում ստանալու ենք այն էմոցիաներն ու լիցքերը, որ ուժ կտան մի պահ հեռանալ իրականությունից»,-նշում է նա ու հիշեցնում, որ հայրը ցուցահանդեսներով ներկայանում է աշխարհի տարբեր հարթակներում, սակայն երկար տարիներ անց նրա առաջին ցուցահանդեսն է Երևանում, ինչը մեծ պատասխանատվություն է:

«Այս ցուցահանդեսը նվիրված է Ազնավուրին, նրա արվեստին, կյանքին: Որոշեցինք ներկայացնել նրա էմոցիոնալ դաշտը: Բոլորս Ազնավուրի հետ որևէ կապ ունենք՝ ուրախություն, թախիծ, սեր: Այս ցուցահանդեսով փորձում ենք բոլորին հասցնել այդ հույզերը, որ ուրախությունից հուզվեն, ինչու չէ՝ պարեն»,-ընդգծում է Զառա Մազմանյանը:

 

Ցուցահանդեսին նաև տեղի ունեցավ Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը Մազմանյանի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է: Գրքում ամփոփված են վարպետի աշխատանքները՝ ուսանողական տարիներից մինչ օրս: «Այն արդեն հրատարակել էինք, երբ ստեղծվեցին նոր քանդակներ, որոնք չհասցրինք զետեղել գրքում, սակայն Մազմանյանի առաջիկա անհատական ցուցահանդեսի ընթացքում հույս ունեմ՝ երկրորդ գիրքը կհրատարակենք»,-նշում է Զառա Մազմանյանը:

Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, պետական այրեր: Պատվավոր հյուրերն էին Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրն ու նրա  տիկինը՝ Քրիստինա Ազնավուրը:

«Շնորհակալություն եմ հայտնում այս ցուցահանդեսի համար, որով արժևորվում են  իմ հոր արվեստն ու ժառանգությունը»,-շեշտում է Նիկոլա Ազնավուրը:

Մկրտիչ Մազմանյանը Հայաստանի հայտնի կերպարային (ֆիգուրատիկ) քանդակագործներից է: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են  մարդկային փառասիրությունը, զարթոնքն ու էվոլյուցիան: Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է  բնությունից և մարդկանցից: Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված են մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ: