Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին: Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի կրթության բաղադրիչը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ծրագրին՝ ներկայացնելով Կառավարության սահմանած թիրախները: Ըստ նախարարի տեղակալի՝ ԱԶԲ-ի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:
«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից ուսումնական պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ամբողջական միջավայր ստանալու առումով ոչ միայն շենքերի, այլև գույքի թարմացման խնդիր ունենք:
Ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ մշակվող ռազմավարության նախագծում նախատեսում են ներառել նաև մշակույթի ոլորտի կառույցների բաղադրիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրագործման ընթացիկ փուլին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր: