Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
05.04.2024 | 13:14Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։
«Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի հետ հարաբերությունները։ Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են այն առումով նաև, որ կարողացել ենք Իրանի հետ շատ բարդ քննարկումներ ունենալով, բաց, անկեղծ խոսակցության շրջանակներում կառուցել շատ ամուր հարաբերություններ։ Մենք այդ հարաբերություններն այլ երկրների հետ չենք փոխկապակցում։ Իհարկե, կարող եմ ասել, որ Հայաստանն ամբողջովին հետևում է սանկցիաներին, սա շատ կարևոր է արձանագրել, բայց մենք նաև աշխատում ենք Իրանի հետ և շատ բարձր ենք գնահատում Իրանի հետ հարաբերությունները, նաև շատ բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը՝ կապված շատ կարևոր հարցերի, մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ։ Մենք շարունակելու ենք աշխատել և զարգացնել Իրանի հետ հարաբերությունները։ Մենք բաց կմնանք Իրանի հետ այս երկխոսությունը շարունակելու առումով»,- ասել է Գրիգորյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի ընդդիմությունից կարծիքներ են հնչում, որ Հայաստանի կողմից Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը Իրանի դեմ ուղղված քայլ է, Գրիգորյանը պատասխանել է․
«Գոյություն ունեցող բոլոր հարցերը մենք Իրանի հետ բարձր մակարդակով քննարկում ենք։ Եթե Իրանը ինչ-որ հարց է բարձրացնում, մենք փորձում ենք հասցեագրել դա, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել։ Բայց ես կարող եմ ասել, որ շատ դեպքերում Հայաստանի և Իրանի ռազմավարական շահերը բնական են, շատ դեպքերում դա կարող է իշխանությունների հետ այդքան շատ կապված չլինել, որովհետև դրանք ռազմավարական են, դրանք շարունակում են մնալ ռազմավարական։ Եվ, եթե լինում են մտահոգություններ, մենք ինտենսիվ երկխոսության մեջ ենք, կարող եմ ասել այնքան ինտենսիվ, որ շատերը կարող են չպատկերացնել։ Այսինքն, մենք խոսում ենք Իրանի հետ, մենք բացատրում ենք մեր քայլերը։ Շատ կարևոր է նաև մեր թափանցիկությունը, մենք թափանցիկ ենք բոլոր աշխատանքները կատարում։ Այս առումով, եթե նույնիսկ հարցեր են լինում, մենք կարողանում ենք այդ հարցերին պատասխանել։
Հարցին, թե կա փոխըմբռնում, որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների խորացումը չի կարող վնասել Իրանին և ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանել է․
«Մենք երկու կողմի հետ էլ խոսում ենք։ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները մի ուղղություն են, որի շուրջ մենք աշխատում ենք, Հայաստան-Իրան հարաբերությունները մեկ այլ ուղղություն են, որի շրջանակներում մենք աշխատում ենք։ Կարծում եմ, որ երկու կողմից էլ փոխըմբռնում կա Հայաստանի այս դիրքորոշմանը։ Եվ շատ կարևոր է, որ մենք թափանցիկ ենք, մենք այս կոնտեքստում թաքուն որևէ բան չենք անում»։