ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Telegram-ում գրառում է կատարել, որում ասված է.
«Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:
Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա:
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել ,և դա քննարկման ենթակա չէ»։
Ուշագրավ է, որ գրառման սկզբնական տարբերակում ներկայացված էր մի քարտեզ, որտեղ կար Հայաստան նշումը նաև քարտեզի այլ հատվածի վրա։ Րոպեներ անց Սիմոնյանը փոխեց քարտեզը։ Թերևս, արժե նման կարևոր հարցերով այսպիսի միանշանակ հայտարարություններ անելուց առաջ ավելի ուշադիր լինել հրապարակվող նյութին։