Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնյա է ձերբակալվել
Քաղաքականություն
20.03.2024 | 13:28Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնյա է ձերբակալվել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Հաշվապահ Ալի Ալիևը մեղադրվում է այլ պաշտոնատար անձանց հետ համաձայնությամբ դրամական փոխհատուցման դիմաց զինվորականների ծառայության վայրի փոփոխության և այլ հանցավոր արարքներ կատարելու մեջ։
Համացանցում տեղեկության տարածումից հետո Զինվորական դատախազությունը հաստատել է ձերբակալման փաստը։ Ըստ հաղորդագրության՝ ՊՆ զորամասում որպես հաշվապահ աշխատած Ալի Ալիևը, լինելով պաշտոնատար անձ, մի խումբ անձանց հետ պայմանավորվածությամբ իր և երրորդ անձանց համար խոշոր գումարներ է շորթել, մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 311.3.1, 311.3.2 և 311.3.3 հոդվածներով։
Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։