Գագիկ Խաչատրյանը չի մեկնի արտերկիր․ դատարանը մերժեց վիրահատության համար Հայաստանը լքելու միջնորդությունը
Հասարակություն
23.02.2024 | 17:51ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կրկին չէր ներկայացել իր գործով դատական նիստին: Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նա ի վիճակի չէ ներկայանալ` կրկին առողջական խնդիրների պատճառով, սակայն միջնորդեց նիստը շարունակել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ ու քննության առարկա դարձնել Խաչատրյանին վիրահատության նպատակով արտերկիր մեկնելը թույլատրելու վերաբերյալ իրենց կողմից ներկայացված միջնորդությունը։
Գագիկ Խաչատրյանն չէր ներկայացել նաև նախորդ նիստի ընթացքում։ Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ նրան դատարան տեղափոխելու համար շտապօգնություն է հրավիրվել, սակայն առողջական վիճակն այն աստիճանի է վատթարացել, որ ի վիճակի չի եղել տեղափոխվել՝ անգամ շտապօգնության մեքենաով։ Պաշտպանը հայտնել էր, որ հաջորդ դատական նիստին, այսինքն՝ այսօր, համապատասխան բժշկական փաստաթղթեր կներկայացնի։ Դատախազ Սարգսյանը դատարանին հիշեցրեց, որ պաշտպան Սարգսյանը պետք է փաստաթղթեր ներկայացներ։ Փաստաթուղթը պաշտպանի հեռախոսի մեջ էր, ընթերցեց, ապա խոստացավ դա ուղարկել նաև դատարանի էլեկտրոնային հասցեին ու դատախազին։
Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ դատական գործում առկա է Գագիկ Խաչատրյանի ողնաշարի հետ կապված խնդիրը հավաստող փաստաթուղթը, ողջամիտ չէ ամեն նիստին նույն փաստաթուղթը ներկայացնել դատարանին, եթե բոլորի համար ակնհայտ է, որ նրա հիվանդությունը չի բուժվել։
Դատախազ Գևորգ Սարգսյանն, այնուամենյիվ, իրավունքի չարաշահում որակեց Խաչատրյանի՝ նիստերին չներկայանալու հանգամանքն ու ասաց, որ եթե Խաչատրյանն այսուհետ չի ներկայանալու դատական նիստերին, ապա թող պաշտպանական կողմն այդ մասին հայտնի, որպեսզի իրենք իմանան իրենց հետագա անելիքը։
Նշենք, որ նախորդ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգ Սարգսյանը չէր բացառել, որ կարող է կրկին դատարանին ներկայացնել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։
Դատախազն առարկեց Գագիկ Խաչատրյանին վիրահատության նպատակով արտերկիր թույլատրելու միջնորդությունն առանց նրա ներկայության քննելու դեմ, սակայն դատարանը որոշեց միջնորդությունը քննել առանց Խաչատրյանի։
Անդրադառնալով բուժման նպատակով ամբաստայալ Խաչատրյանին արտերկիր թույլատրելու միջնորդությանը՝ Գևորգ Սարգսյանը նշեց, որ բժշկական փաստաթղթերով հաստատվել է, որ Խաչատրյանը ոչ թե անհապաղ, այլ պլանային վիրահատության կարիք ունի։
Այս փաստարկի դեմ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգյանն առարկեց․ դատախազն արդեն մի քանի տարվա վաղեմության փաստաթղթի է հղում կատարում, մի՞թե այս տարիների ընթացքում այդ, ըստ փաստաթղթերի, պլանային վիրահատությունը չդարձավ անհապաղ։
Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով արտերկիր մեկնելը թույլատրելու միջնորդության մեջ Երեմ Սարգսյանը հղում էր կատարել նաև «Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռին։ Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը դիմել էր ՄԻԵԴ՝ հայտնելով, որ 2008 թվականին, չնայած վատառողջ լինելուն և իրեն ցուցված անկողնային ռեժիմին, դատարանն իրեն հարկադրել է մասնակցել իր գործով դատական լսումներին։ ՄԻԵԴ-ն արձանագրել էր գործը քննող դատավորի անտարբեր վերաբերմունքը Ջհանգիրյանի առողջության նկատմամբ և նշել, որ «Հայաստանը խախտել է նրա՝ խոշտանգումներից կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու իրավունքը»։
«Դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, ինչպես նա պնդում է, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել նրա համար։ Դատարանը համարում է, որ այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,– արձանագրել էր դատարանը։
Դատախազ Գևորգ Սարգսյանը, սակայն համարում է, որ Ջհանգիրյանի վերաբերյալ գործն ու Գագիկ Խաչատրյանի գործով իրավիճակը համեմատելի չեն միմյանց հետ։
Դատախազը նշեց, որ Վարդան Ջհանգիրյանն, ըստ գործի կալանավայրից դատարան էր բերվել ֆուրգոն մեքենայով, մինչդեռ Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ է։
«Ի՞նչ համեմատություն կարող է լինել ֆուրգոնով և անձնական Մերսեդեսով դատարան տեղափոխվող ամբաստանյալների միջև»,- հռետորական հարց տվեց Գևորգ Սարգսյանը։ Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանի՝ դատարան չներկայանալը, դատարանում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար սանհանգույցի բացակայության հանգամանքը շեշտադրելը նպատակ ունեն ՄԻԵԴ-ին մոլորեցնելու, չբացառեց հավանականությունը, որ արտերկիր մեկնելու դեպքում Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։
Քաղաքական հնչերանգ ունեցող դատական գործերի ընթացքում սովորաբար մեղադրող կողմն է կոչ անում, որպեսզի պաշտպանական կողմը իրավական դաշտում մնա։ Այս անգամ հակառակը եղավ։
Դատախազի ելույթը պաշտպան Երեմ Սարգսյանը գնահատեց քաղաքական, ու որոշ շրջանակներին հաճոյանալու համար արված հայտարարություն։
«Մեղադրողին կոչ եմ անում վերադառնալ իրավական դաշտ»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Անդրադառնալով դատախազի այն հայտարարությանը, որ Գագիկ Խաչատրյանն իրավունքի չարաշահում է թույլ տալիս, Երեմ Սարգսյանը հարց բարձրացրեց․ այդ ո՞ր իրավունքն է չարաշահում իր պաշտպանյալը։
«Իրավունքի չարաշահում մեղադրողն է անում։ Եթե նա առարկելու իրավունք ունի, չի նշանակում, որ ինչքան ուզի, կառարկի»,- ասաց Երեմ Սարգսյանը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և շուրջ մեկ ժամ անց մերժեց միջնորդությունը։
Արաքս Մամուլյան