«Դուք 10 կամ 7 հարկանի շենքի 17-րդ հարկում առուվաճառքի պայմանագիր վավերացրե՞լ եք»․ Հրայր Թովմասյանի հարցն իր դեմ ցուցմունք տված նախկին նոտարին
Հասարակություն
11.01.2024 | 17:18Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով վերջին երկու դատական նիստերում ցուցմունք է տալիս նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանը։ Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած ժամանակ Մելքոնյանը երեք անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, վերջինով նրա լիազորությունները դադարել են։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մելքոնյանը իրավապահներին է ներկայացել ու Թովմասյանի դեմ ցուցմունք տվել, հարուցվել է քրեական գործ։
Նշենք, որ Ալվարդ Մելքոնյանն ու ևս երկու նոտար՝ Էմմա Շաբոյանը և Նունե Սարգսյանը Թովմասյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում աշխատելիս են եղել Բաղրամյան 1 փակուղի նոտարական տարածքում։ Օրենսդրական փոփոխություններից հետո քաղաքապետարանը դիմել է դատարան՝ Մելքոնյանին ու ևս երկու նոտարի այս նոտարական տարածքից վտարելու պահանջով։ Երեք նոտարները հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ քաղաքապետարանը նոտարական տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրի իրենց։ Հետագայում մյուս երկու նոտարները՝ Էմմա Շաբոյանն ու Նունե Սարգսյանը հրաժարվել են հակընդդեմ հայցադիմումից, իսկ Ալվարդ Մելքոնյանը շարունակել է դատական գործընթացը, սակայն հաջողության չի հասել ընդհուպ՝ ՄԻԵԴ-ում։
Մելքոնյանը այսօր դատարանում հայտնեց, որ իրեն ասել են, թե անիմաստ է Հրայր Թովմասյանի դեմ պայքարելը, քանի որ մինչև Վճռաբեկ դատարան ամեն ինչ արվելու է նրա օգտին։ Թովմասյանը հետաքրքրվեց՝ ըստ նոտարի՝ ինքը ՄԻԵԴ-ի վրա՞ էլ ուներ ազդեցություն, ինչին ի պատասխան Մելքոնյանն ասաց, թե չի կարծում։
Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեց, որ, փաստորեն, Մելքոնյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս այն մասին, որ ինքը միջամտել է արդարադատության իրականացմանը, ուստի դատախազներին հորդորեց կա՛մ իր վերաբերյալ նոր քրեական վարույթ նախաձեռնել կա/մ Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ սուտ մատնության վերաբերյալ վարույթ նախաձեռնել։
Պաշտպանական կողմը պնդեց, որ Ալվարդ Մելքոնյանը հայտնի, թե կոնկրետ ով է իրեն ասել, թե անիմաստ է Թովմասյանի դեմ պայքարել։ Մելքոնյանն ասաց, որ չի հիշում։
Հետո Հրայր Թովմասյանն ու պաշտպանները Մելքոնյանին հարցեր ուղղեցին Ալվարդ Մելքոնյանի՝ նոտար եղած ժամանակ ծավալած գործունեության վերաբերյալ։
«Եղե՞լ է, որ 1 օրում 300 պայմանագիր վավարացնեք»,- Մելքոնյանին հարցրեց Հրայր Թովմասյանը, ինչին ի պատասխան նախկին նոտարը հայտնեց, որ նման դեպք չի հիշում, ապա պարզաբանեց, որ եթե անգամ նման դեպք եղած լինի, ուրեմն նախապես ուսումնասիրված են եղել բոլոր գործերով փաստաթղթերը։
«10 կամ 7 հարկանի շենքի 17-րդ հարկում առուվաճառքի պայմանագիր վավերացրե՞լ եք»,- հաջորդ հարցը տվեց Թովմասյանը։ Նախկին նոտարի պատասխանից ակնհայտ էր, որ հիշում է դեպքը։ Միանգամից ասաց, որ ինքը պարտավորություն չի ունեցել ստուգելու՝ շենքը, որտեղ բնակարան է վաճառվում, քանի հարկ պետք է ունենա, բայց գիտի, որ հետագայում կառուցվել է այդ բնակարանը։
Թովմասյանի և պաշտպանների հարցադրումներն ընդհանուր առմամբ միտված էին ցույց տալու, որ Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ վարույթները կապված են եղել նրա կողմից անօրինական գործարքներ կնքելու հետ և ոչ թե դրանց տակ եղել են թաքնված միտումներ, Մելքոյանը սակայն, հակառակ համոզման էր։
«Երեք կարգապահական սարքեցիք, ազատեցիք, իսկ 8,9 անգամ նույն տունը վաճառած նոտարներն աշխատում են առ այսօր»,-: ասաց Մելքոնյանը։ Սակայն, ինչպես շուտով պարզվեց՝ նա ծանոթ չէ իրեն կարգապահական տույժի ենթակելու որոշումների բովանդակությանը, դատարանին ասաց, որ միայն այդ որոշումների եզրափակիչ մասերին է ծանոթացել։
Դատարանում հրապարակվեցին նաև Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները։
Արաքս Մամուլյան