Վաչագան Ղազարյանի, վերջինիս կնոջ և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Հասարակություն
01.11.2023 | 17:41«Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի, Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և վերջինիս կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Յանս» ռեստորանային համալիրի գործով դադարեցվել է։ Այս տեղեկությունը հայտնում են իրավապահ մարմիններում Factor.am-ի աղբյուրները։
Սեփականության իրավունքով Վաչագան Ղազարյանին և վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, թե Ղազարյանը, վերջինիս կինն ու ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանն իր հարազատներից 40 մլն դրամ գումար են շորթել։ Արիստակեսյանի հաղորդման առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն տևական ժամանակ քննությունից հետո այն կարճվել է, որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի, վերջինս կնոջ և «Յանս»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։
Արիստակեսյանն այս որոշումը բողոքարկել է դատական կարգով, և դատարանը վերացրել է քրեական գործը կարճելու որոշումը։ Գործի քննությունը վերսկսվել է, որի շրջանակներում 2022 թվականի նոյեմբերին Վաչագան Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի և Սերգեյ Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանք է ներկայացվել։ Դրանից մեկ տարի անց, փաստորեն, որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել մեղադրյալների նկատմամբ։
Նշենք, որ Յանսի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի և տնօրեն Սերգեյ Կարապետյանի, Վաչագան Ղազարյանի ու Ռուզաննա Բեգլարյանի միջև իրավականն վեճը տարիների պատմություն ունի։
2017 թվականին Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Սուսաննա Արիստակեսյանը, որն այդ ժամանակ աշխատում էր «Յանս»-ում, 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին յուրացման մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Արիստակեսյանը մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ ընկերությունում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերվելուց հետո Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ զրույց է ունեցել, և վերջինս իրենից պահանջել է 40 մլն դրամ գումար։
Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատներն, ըստ հաշվապահի խոսքի, 40 մլն դրամ գումար են տվել «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով, և նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Արիստակեսյանից ֆինանսական պահանջ չունի։ Դրանից հետո Արիստակեսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Վերը նշված ստացականը հայտնաբերվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վաչագան Ղազարյանի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում, որից հետո Սուսաննա Արիստակեսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, թե ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը Վաչագան Ղազայանի և Ռուզաննա Բեգլարյանի պահանջով իր հարազատներից շորթմամբ ստացել է 40 մլն դրամ գումար։
Նշենք, որ 2021 թվականին դադարեցվել է նաև Սուսաննա Արտիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որը հարուցվել էր Սերգեյ Կարապետյանի հաղորդման առթիվ։
Արաքս Մամուլյան