Հարավային Կովկասը՝ դրամատիկ իրադարձությունների շեմին․ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամն է առաջացել․ «Կոմերսանտ»-ի անդրադարձը
Քաղաքականություն
18.07.2023 | 16:30Հարավային Կովկասը կանգնած է դրամատիկ իրադարձությունների շեմին։ Այս մասին նշվում է «Կոմերսանտ»-ի սյունակագիր Մաքսիմ Յուսինի՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին անդրադարձում։
Ըստ հրապարակման՝ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է դաշնակցային հռչակագիրը խախտելու՝ Ադրբեջանի մեղադրանքներին։ Մոսկվան վստահեցրել է, որ հարգում է Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սակայն կրկին կոչ է արել Բաքվին խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը և անվտանգության երաշխիքներ տալ այնտեղ ապրող հայերին։ Օրերս այս նույն խոսքերը «տարակուսանք ու հիասթափություն» էին առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում, քանի որ, ինչպես այնտեղից հայտարարել են, հենց Բաքուն է գործնական քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։
«Կոմերսանտ»-ի սյունակագրի կարծիքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ճգնաժամն է առաջացել։
«Հարավային Կովկասը կարող է հայտնվել դրամատիկ իրադարձությունների շեմին. սա պարզ դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների միջև աննախադեպ կտրուկ հայտարարությունների փոխանակումից հետո։ Սկզբում ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, այն է՝ հումանիտար ճգնաժամը սրվում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում և գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից։ Ու թեև փաստաթուղթը չի պարունակում ուղղակի հարձակումներ Բաքվի դեմ, սակայն տեքստից պարզ է դառնում, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի փաստացի շրջափակումը դարձել է ճգնաժամի պատճառ»,- ասվում է հրապարակման մեջ։
Բաքվի պատասխանն ակնթարթային էր և աննախադեպ կոշտ, հավելում է սյունակագիրը։
«ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումն անընդունելի է որակվել, ընդ որում՝ անհամապատասխան Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին, որն անցյալ տարվա փետրվարին ընդունվել էր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից։ Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից ամենահետաքրքիր հատվածը. «Հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրսբերումն Ադրբեջանից դեռ ապահովված չէ։ Ավելին, այդ կազմավորումներին աջակցություն է ցուցաբերվում ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո»։ Այլ կերպ ասած՝ Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային 2020 թվականի նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու անկարողության և ցանկության բացակայության մեջ, որոնք կանգնեցրել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները, և, ի լրումն, հաստատում է իր վճռականությունը՝ հասնելու Ղարաբաղից, այսպես կոչված, «հայկական զինված կազմավորումների մնացորդների» դուրսբերմանը։ Հայերն այս կազմավորումներն անվանում են Արցախի պաշտպանության բանակ, որը ստեղծվել է դեռևս 1992 թվականին և ապահովում է Ղարաբաղի այն հատվածի անվտանգությունը, որը մնում է հայկական վերահսկողության տակ։ Եվ այստեղ հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակ դեռ այն կմնա ՊԲ վերահսկողության տակ»,- նշում է Մաքսիմ Յուսինը։
Բաքվից եկող օրեցօր ավելի վճռական հայտարարությունները, ըստ նրա, կասկած չեն թողնում, որ նախագահ Ալիևը և նրա թիմը պատրաստ են արագացնել իրադարձությունների զարգացումը և կարող են չսպասել մինչև հինգ տարի ժամկետի ավարտը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կարգուկանոնն ու ստատուս քվոն պետք է պահպանեն ռուս խաղաղապահները։
«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից հետևում է, որ խաղաղապահներն այլևս Բաքվում չեն համարվում չեզոք կողմ, ինչը նշանակում է, որ հավանականությունը, որ նրանց ներկայությունը չի խանգարի ադրբեջանական բանակին մաքրել Ստեփանակերտը և շրջակա տարածքները «զինված կազմավորումների մնացորդներից», չի բացառվում։ Բաքուն հույսը դնում է այն բանի վրա, որ Հայաստանը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, չի միջամտի (իսկ եթե նույնիսկ միջամտի, ապա ուժերի դասավորվածությունն ակնհայտորեն Բաքվի օգտին է)։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա այսօր ևս պատրաստ չէ հանդես գալ ի պաշտպանություն Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որը տեսականորեն կարող է զսպել Բաքվի ռազմատենչ եռանդը, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է, առաջին հերթին՝ նավթի ու գազի դեմ։ Բայց Արևմուտքը չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Նրա համար հիմնական հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկվում են որպես այլընտրանք ռուսականին։ Դե, իսկ Կրեմլի արձագանքից, Բաքուն կարծես թե առանձնապես չի վախենում։ Այնտեղ, ըստ երևույթին, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորը ներքաշված է Ուկրաինայի պատերազմում և չունի ո՛չ ուժ, ո՛չ կարողություն, ո՛չ էլ ցանկություն՝ բացելու մեկ այլ ճակատ՝ Հարավային Կովկասում»,- ասված է հոդվածում։
Տաթև Ֆռանգյան