Ջնջելով հայկական տառերը՝ Ադրբեջանը չի կարող փոխել պատմությունը. Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Լուրեր

25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
25.11.2024 | 13:17
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերջ դնելու տարածաշրջանում լարվածությանը․ Էրդողանը՝ Պուտինին
25.11.2024 | 13:08
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ է ունեցել լիագումար նիստում, ինչին նախորդել է Ադրբեջանական Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթը: Գաֆարովան ելույթը կառուցել է հայտնի ադրբեջանական սադրիչ հռետորաբանությամբ՝ մեղադրական հայտարարություններ հնչեցնելով հայկական կողմի հասցեին՝ չհամագործակցելու եւ ադրբեջանցիների համար տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելու հարցում: Խեղաթյուրելով Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող իրավիճակը, միտումնավոր շրջանցելով փաստերը եւ միջազգային հեղինակավոր կառույցների համապատասխան գնահատականները՝ նա առաջ է քաշել ադրբեջանական հասարակության համար ականջահաճո եւ պարբերաբար կրկնվող հին թեզերը՝ հենված հայատյացության վրա:
Գաֆարովայի ելույթին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ԱՊՀ երկրների խորհրդարանների գործընկերներին ներկայացրել է փաստագրված իրավիճակը: Ելույթն ամբողջությամբ՝

«Մեծարգո՛ Վալենտինա Իվանի,

Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ,
Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է ուղենիշներ սահմանենք հետագա համատեղ աշխատանքի համար՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման:

Գործընկերնե՛ր,

Այսօր աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջեւ: 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետեւանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար:

Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը եւ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման եւ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:

Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռեւս չի վերաճել հումանիտար աղետի:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային եւ երկարաժամկետ դեգրադացիայի:

Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում:

Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:
Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:

Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Հայկական կողմը, ինչպես եւ նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ եւ պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով:

Գործընկերնե՛ր,

Մեր հարեւանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Չեմ կարող չնշել բոլորիս առջեւ ծառացած չափազանց կարեւոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների եւ գեներալների հուշարձաններ: Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը եւ փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը:

Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ եւ դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ:

Շնորհակալություն ուշադրության համար»: