Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված մարզադահլիճներով, ինչի արդյունքում հայ մարմնամարզիկները հնարավորություն կունենան պատշաճ կազմակերպել մարզումային գործընթացը, կխթանվի առողջ ապրելակերպը և մասսայականացմանը, ինչպես նաև կավելանա հետաքրքրվածությունը մարմնամարզության նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի միջազգային ասպարեզներում ՀՀ-ը ներկայացնող մարզիկների ներկայացվածության աճին:
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության մարզադպրոցը: Խնդիր էր, թե ինչպես անել այդ մարզադպրոցը համապատասխանի ժամանակակից միջազգային ստանդարտներին: Բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տարածքում հնարավոր չէ կառուցել, այնպես վերակառուցել, որ համապատասխանի միջազգային, ժամանակակից ստանդարտներին: Մենք որոշեցինք ոչ թե ուղղակի գնալ վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց»:
Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանը նվաճել է 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնություն իրականացնելու իրավունքը, և ըստ ծրագրի՝ մինչև այդ իրադարձությունը շահագործման կհանձնվի բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանող այդ մարզադպրոցը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ավարտին է մոտենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, աշխատանքներ են իրականացվում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Արթուր Աբրահամյանի անվան մարզադպրոցներ ունենալու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել մարզադպրոցներում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ. «Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում շինաշխատանքները կավարտվեն 2024 թվականին: Բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, մենք ունենալու ենք նաև տրիբունաներով մարզադահլիճ, ինչը թույլ է տալու, որ այստեղ միջազգային մրցաշարեր նույնպես կազմակերպենք և անցկացնենք: Ինչ վերաբերում է մյուս մարզադպրոցներին, ապա Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցին կից գրեթե նույն շենքում, տարածքում հեծանվային սպորտի մարզադպրոցն է, որտեղ նույնպես աշխատանքները 2024 թվականին կավարտենք: Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը Ջրառատում կավարտենք այս տարի, ավարտված է նաև գույքի մրցույթը, և մենք այս տարի արդեն կունենանք ամբողջական գույքով հագեցված ու վերակառուցված դպրոց: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի մասով կառավարության որոշումն ընդունվել է՝ Ներքին Չարբախում հատկացրել ենք համապատասխան հողատարածք, որտեղ արդեն նախագծման աշխատանքները կիրականացվեն: Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային մարզադպրոցի մասով աշխատանքները ֆեդերացիան է իրականացնում, առավելագույնը 40 օրում աշխատանքները կավարտվեն, դաշտն արդեն պատրաստ է, շենքը կանգուն է, կոսմետիկ աշխատանքներն են իրականացվում: Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի մասով նշեմ, սա մեր ամենամեծածավալ համալիրներից է, աշխատանքների ընդհանուր արժեքը 5.3 միլիարդ դրամ է: Այս պահին աշխատանքների շուրջ 40 տոկոսն արված է: Նախորդ տարի մենք նաև փոփոխություն ունեցանք լողավազան, հրաձգարան նախատեսվեց նաև: Եվ սա թույլ է տալու, որ մենք այդտեղ շատ մեծ ծավալի միջոցառումներ անցկացնենք: Նախատեսում ենք, որ աշխատանքները կավարտվեն 2026 թվականին»: