Բաքուն պե՛տք է կատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը․ հակառակ դեպքում՝ իրավական պատասխանատվություն կհետևի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.02.2023 | 20:01ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի ներկայացրած պահանջներից մեկը, ըստ այդմ, պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել երկու ուղղությամբ տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը երկու ամիս փակված Լաչինի միջանցքով։ Դատարանը բավարար չհամարեց Ադրբեջանի հավաստիացումները, թե շարունակում են ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակն առաջացրել է մի շարք հետևանքներ և այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի դադարեցումը վերաբերել է հայ ազգին, այն մարդկանց, ովքեր ԼՂ-ում հրատապ բուժման համար տեղափոխության կարիք ունեն։ Տեղեկությունների համաձայն՝ խոչընդոտվել է նաև Լեռնային Ղարաբաղ կենսական ապրանքների ներմուծումը, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների պակաս է առաջացել»,- ասաց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։
Հայաստանի մյուս երկու պահանջները վերաբերում էին բողոքի ակցիաների դադարեցմանն ու գազի մատակարարումների խափանմանը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշված առաջին պահանջը հիմնավոր չի համարել, իսկ վերջինի դեպքում նշվել է, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել այն մասին, որ Ադրբեջանն է խափանում գազի մատակարարումը։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն արձանագրում է՝ հիմա ունենք նաև միջազգային որոշում և դատական ակտ, որը վերաբերում է միջանցքի լիարժեք ապաշրջափակմանը, այլ ոչ թե միայն մարդասիրական նպատակներով տեղաշարժին։ Նա շեշտում է՝ ՄԱԿ-ի քաղաքական ուժն ավելի մեծ է, քան, օրինակ, Եվրոպայի խորհրդինը։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս 2022-ի դեկտեմբերի 21-ին էր բավարարել Ադրբեջանի դեմ Լաչինի միջանցքի հարցով միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը, որը վերաբերում էր միջանցքով բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժին: ՄԻԵԴ-ը հունվարի 16-ին հրատապ ծանուցում էր ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե՝ վերահսկելու, որպեսզի Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը։ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ ոչ լիարժեք, բայց ՄԻԵԴ վճիռն ազդեցություն ունեցել է։
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ, սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու՝ Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց՝ դատարանի որոշումը շատ կարևոր է, որը վերահաստատում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։
«Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն»,- ընդգծեց երկրի ղեկավարը։
Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար, եթե ոչ, ապա դա պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:
Դատական ակտն իրավաբանորեն պարտադիր է, իսկ եթե Բաքուն չկատարի այն, իրավական պատասխանատվություն կհետևի։ Քաղաքական այլ մարմիններում հարցն արծարծելու միջոցով դատարանը պիտի գործադրի իր քաղաքական ուժը, որպեսզի կատարվեն պահանջները՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանը շեշտում է՝ սա լուրջ գործիքակազմ է՝ լեգիտիմացնելու նաև Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշումը՝ գտնելով համախոհ երկրներ։ Այսինքն՝ թեև որոշումը կարևոր է, բայց որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ապաշրջափակվի միջանցքը, պիտի բարձրաձայնվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում։
«Ուժի մեջ մտնելու պահից պարտականությունը առաջ է գալիս Ադրբեջանի համար, իսկ թե Ադրբեջանը որ պահին կենթարկվի դատական ակտին, դա կախված է ճնշման աստիճանից»,- նշում է իրավապաշտպանը։
Միաժամանակ, ՄԱԿ-ի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»։ Հունվարի 31-ին Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, սակայն, հիմնավորել էր, որ ականները Հայաստանի ինքնիշխան տարածքում են և բացառապես պաշտպանական նպատակ են հետապնդում: Բաքուն, ինչպես Երևանը, հայցը ներկայացրել էր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում՝ պնդելով, որ ականների տեղադրմամբ հայկական կողմը խախտում է հենց այս միջազգային փաստաթուղթը:
Երևանի հայցը Հաագայում ներկայացրած Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը գրել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան