Ձերբակալվածի նկատմամբ ոստիկանության բաժնում ներքին դիտում իրականացնելու թույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը նոր որոշում է կայացրել
Հասարակություն
14.02.2023 | 12:22Ո՞ր դեպքում կարող է ոստիկանության բաժնում ձերբալավածի նկատմամբ իրականացվել ներքին դիտում. այս հարցը իրավական հանրության շրջանում միանշանակ չի ընկալվում։ Թեև Վճռաբեկ դատարանը մի քանի որոշում է կայացրել հարցի վերաբերյալ՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրվող տարաբնույթ մեկնաբանությունները չեն դադարում։
Վճռաբեկ դատարանը փետրվարի 10-ին նոր որոշում է կայացրել ձերբակալված անձի խցում ներքին դիտում իրականացնելու թույլատրելիության վերաբերյալ։ 2019 թվականի մարտի 31-ին Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ նախկին Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (զենքի գործադրմամբ ավազակություն)։ Նույն օրը Հովհաննես Աֆրիկյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի մայիսի 31-ին բավարարել էր Ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը, և թույլատրել Հովհաննես Աֆրիկյանի նկատմամբ Ոստիկանության Երևանի վարչության՝ ձերբակալվածներին պահելու վայրի 6-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով:
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ «ներքին դիտումը» հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ։ Օրենքում նշվում է, որ «բնակարան» եզրույթը պետք է հասկանալ Քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվող իմաստով։
Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն՝ «բնակարանը» շենքը կամ շինությունն է, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը։
Աֆրիկյանի խցում ներքին դիտում իրականացնելու թույլտվության դեմ վերջինիս ներկայացուցիչ Նարեկ Ալոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանելու և Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մերժելու մասին։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Բողոքը գրավոր է քննվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
Առաջին ատյանի դատարանը ձերբակալված անձանց պահման վայրի խցում Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» իրականացնելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ.
«Հովհաննես Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» ՕՀ միջոցառմամբ հնարավոր է ստանալ տեղեկություններ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտման համար ապացույցների ձեռքբերմանը, քանզի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինն ունի բավարար հիմքեր ենթադրելու, որ նյութերում նշված անձը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի] 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով կատարված հանցագործության մեջ»։
Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ այն դեպքում, երբ արդեն իսկ կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, որի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվում է քննություն, խոսք լինել չի կարող ներքին դիտման մասին, քանի որ այն նպատակ չի հետապնդում քրեական գործով նախաքննության ընթացքում հավաքել ապացույցներ ենթադրյալ հանցագործության և այն կատարող անձի վերաբերյալ։ Ըստ դատարանի դիրքորոշման՝ ՕՀՄ-ները կարող են կատարվել բացառապես մինչև քրեական գործը հարուցելը և դեռևս չկատարված հանցագործությունների նկատմամբ, որը պետք է վերահսկողության տակ պահվի, այլ ոչ թե ավարտված հանցագործության քննության առնչությամբ ապացույց հավաքելու և մեղադրանքը հիմնավորելու համար։ Այս հետևությունը կատարելիս դատարանը հիմնվել է ՕՀՄ նպատակների և հասկացության վրա, ըստ որի՝ օպերատիվ հետախուզական միջոցառման նպատակը հանցագործությունների նախականխումն է, կանխումը, խափանումը և բացահայտումը, սակայն՝ ոչ քննությունը, մեղադրանքի հիմնավորումը և ապացուցումը։
Վճռաբեկ դատարանն այս առնչությամբ նշել է, որ ստորադաս դատարանը ոչ իրավաչափ եզրահանգման է եկել առ այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն կարող իրականացվել։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հարուցված քրեական գործի առկայությունը չի կարող ինքնին բացառել քրեական գործի քննության շրջանակներում նախնական դատական վերահսկողության ենթակա՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը։ Նշենք, որ նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ հետախուզական միջոցառում ասելով՝ օրենսդիրը նկատի ունի այն միջոցառումները, որոնք իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ստանալ դատարանի թույլտվությունը, և ներքին դիտումն այդպիսի միջոցառում է։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու թույլտվության տրամադրումը պետք է որոշվի կոնկրետ փաստական հանգամանքների գնահատմամբ՝ ստուգման ենթարկելով նաև ընթացքի մեջ գտնվող նախաքննությանն օժանդակելու անհրաժեշտությունը։
Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրի խուցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով բնակարան չի հանդիսանում, և քանի որ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվում է բնակարանում, հետևաբար ՁՊՎ խցում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարող իրականացվել:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև ձերբակալվածների պահման վայրում անձի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքները չեն կարող լիարժեքորեն նույնացվել անձի՝ բնակարանում ունեցած անձեռնմխելիության երաշխիքների հետ, սակայն ձերբակալվածների պահման վայրում այդպիսի երաշխիքների նվազագույն ընկալման հնարավորությունն առհասարակ բացառվել չի կարող։
Մեջբերելով Գոռ Սարգսյանի վերաբերյալ իր հայտնած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ այս գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Սարգսյանի նկատմամբ ներքին դիտում է իրականացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի աշխատասենյակում, որպիսի պայմաններում Գոռ Սարգսյանի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, ինչը բնորոշ է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանը։ Գ.Սարգսյանը գտնվելով ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակում` չի ունեցել և չէր էլ կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, և նման պայմաններում, նրա նկատմամբ չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
Մեկ այլ՝ անչափահաս Ն. Խ.-ի գործի փաստական հանգամանքների համաձայն՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անչափահաս Ն.Խ. և նրա օրինական ներկայացուցիչ Մ.Խ․-ի տեսակցության ժամանակ նրանց նկատմամբ իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս գործի փաստական հանգամանքները տարբերում են Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքներից։ Ի տարբերություն Գոռ Սարգսյանի գործի, որտեղ մեղադրյալի և հանրային իշխանություն կրող ոստիկանության պաշտոնատար անձի միջև տեղի ունեցած շփումները հանրային իրավահարաբերությունների տիրույթում էին, Ն.Խ.-ի գործով «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման պայմանները և իրավիճակն այլ է․ Ն. Խ.-ն «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման ժամանակ, տեսակցություն է ունեցել իր մոր` օրինական ներկայացուցիչ Մ.Խ․-ի հետ։ Այսինքն` թեև այս գործով ևս «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է ոստիկանության բաժնում, սակայն դրա ընթացքում մեղադրյալն իր մոր հետ շփվելիս կարող էր ունենալ ողջամիտ ակնկալիք՝ մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Այլ կերպ, նշված գործերով հաղորդակցության ազատության աստիճանն էականորեն տարբեր է և, ի տարբերություն իր պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ Գոռ Սարգսյանի ունեցած շփման, Ն. Խ.-ն մոր հետ ունեցած տեսակցության ժամանակ կարող էր ենթադրել, որ իրենց զրույցն ունի մասնավոր բնույթ, ուստի և՝ ենթակա է պաշտպանության մասնավոր կյանքի գաղտնիության երաշխիքով։
Վերը նշվածի համատեքստում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հովհաննես Աֆրիկյանը ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ընթացքում կարո՞ղ էր ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը,նշել է, որ Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չեն կարող մեխանիկորեն կիրառվել ձերբակալվածների պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելու և դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ձերբակալվածներին պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման յուրաքանչյուր դեպքում Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիությունը պետք է որոշվի ոչ թե զուտ այն փաստի նույնացմամբ, որ համապատասխան միջոցառումն իրականացվում է ոչ անձի բնակության վայրում, այլ հիմնվի գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ կոնկրետ փաստական հանգամանքների գնահատմամբ՝ պարզելով նաև, թե «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է արդյո՞ք դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, թե՝ ոչ:
Մինչդեռ, Աֆրիկյանի գործով, ըստ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման, Վերաքննիչ դատարանը, առանց փաստացի գնահատելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 6-րդ խցում վերահսկման ենթարկվող անձանց իրավահարաբերությունների բնույթը, զուտ համապատասխան խցում իրականացնելու փաստով պայմանավորված`անթույլատրելի է ճանաչել այդ սենյակում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը՝ գտնելով, որ ձերբակալվածների պահելու վայրի խուցը բնակարան չէ, հետևաբար՝ այնտեղ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարող իրականացվել։
Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Հովհաննես Աֆրիկյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ու գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Արաքս Մամուլյան