Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ նա ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանների նկատմամբ խարդախության գործով հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։  Factor.am-ի հետ բանավոր զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն որոշել է  խարդախության և հարկեր չվճարելու հոդվածներով  քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայությունն ու Դատախազությունը չեն հայտնում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ընդունե՞լ է խարդախության և հարկերից խուսափելու գործերով իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ։ Սա այն դեպքում, երբ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը երկու հոդվածներով էլ դադարեցված է։

Ենգիբարյանը Սարգսյանին վերագրվող հարկերից խուսափելու մեղադրանքի առնչությամբ պարզաբանել  է, որ հարկեր չվճարելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ խրախուսական նորմի կիրառմամբ։ Նշենք, որ օրենքով՝ հարկերից խուսափած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։ Այսինքն՝ Ենգիբարյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ Սարգսյանը հատուցել է իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։

Ինչ վերաբերում է խարդախության հոդվածով  քրեական հետապնդմանը, այն հարուցվել էր շուրջ 4 տարի առաջ: 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացնելուց հետո Թումանյան փողոցում գտնվող իր առանձնատնից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։ Հետագայում ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքի առնչությամբ, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Ալեքսանդր Սարգսյանին նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության, մեղադրանք է առաջադրվել։ Այս գործով Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա հայտնաբերվել է արտերկրում ու արտահանձնվել Հայաստանին: Նրան Սարյանի գծանկարների դրվագով, ինչպես նաև այլ արարքների համար մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը գծանկարների մասով դատարան չի ուղարկվել․ Վահե Ենգիբարյանը  մեզ հետ զրույցում հայտնել է, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ևս այս դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։

ԱԱԾ տնօրենի խորհրդականը  այս գործերի վերաբերյալ մեզ բանավոր այլ մանրամասներ չի հայտնել, ուստի ԱԱԾ գրավոր հարցում ենք ուղարկել՝ փորձելով պարզել այս գործերով Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հիմքերն ու այլ մանրամասներ:

ԱԱԾ-ին  խնդրել ենք տրամադրել Ալեքսանդր և Նարեկ Սարգսյաններին վերագրվող խարդախության մեղադրանքի բովանդակությունը, հայտնել, թե վերջիններս  ի՞նչ դիրքորոշում են հայտնել մեղադրանքի վերաբերյալ։ Խնդրել ենք հայտնել նաև, թե երբ է կարճվել Սարգսյանների վերաբերյալ քրեական գործն ու ի՞նչ հիմքով, թե Սարյանի գծանկարների գործով հայր և որդի Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուց հետո ո՞ւմ են վերադարձվել առգրավված գծանկարները, քանի՞ գծանկար է վերադարձվել, արդյոք քրեական գործով հաստատվե՞լ է, որ դրանք եղել են Մարտիրոս Սարյանի գծանկարները։

2019 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը 19.5 մլն դոլար գումար է փոխհատուցել։ Խնդրել ենք  հայտնել՝ այս գումարը ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործով/գործերով պետությանը և/կամ ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցո՞ւմ է եղել, եթե այո, ապա  փոխհատուցման հանգամանքն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի/գործերով որոշումների վրա։

Ազգային անվտանգության ծառայության քննիչ Նորայր Այվազյանը, պատասխանել է միայն մեկ հարցի՝ Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանների նկատմամբ  խարդախության հոդվածով քրեական  հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ հայցվող մյուս տեղեկությունները  քննիչը համարել է նախաքննության ոչ ենթակա տվյալ ու չի տրամադրել:

ԱԱԾ-ի պատասխանից մեզ համար պարզ է դարձել, որ թեև Ալեքսանդր և  Նարեկ Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդում այժմ չի իրականացվում, այն գործերի քննությունը, որոնցով  նրանք մեղադրյալի կարգավիճակ են ունեցել, շարունակվում է. եթե գործով նախաքննություն չիրականացվեր, ապա չէր կարող հայցվող որևէ տեղեկություն նախաքննական գաղտնիք համարվել: Բայց եթե անգամ գործով նախաքննությունը շարունակվում է, դա չի նշանակում, որ հայցվող  ցանկացած տեղեկություն կարող է նախաքննական գաղտնիք լինել:

Համաձայն չլինելով քննիչ Նորայր Այվազյանի դիրքորոշման հետ, որ  հայր և որդի Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու պայմաններում նրանց  մեղադրանքի  բովանդակությունը, մեղադրանքի վերաբերյալ նրանց հայտնած դիրքորոշումը կարող է նախաքննական գաղտնիք համարվել, պատասխան գրությամբ  քննիչին կրկին խնդրել ենք հայտնել հայցվող տեղեկությունները՝ այս անգամ առաջարկելով «կոմպրոմիսային լուծում»:

Մասնավորապես՝ քննիչին ուղարկված գրությամբ նշել ենք, որ եթե Ալեքսանդր և Նարեկ Սարգսյաններից բացի այլ անձի անուն  ևս շոշափվել է նրանց  մեղադրանքի ձևակերպման մեջ, և դա է նրանց մեղադրանքի բովանդակությունը չբացահայտելու պատճառը, հայցվող տեղեկությունը տրամադրել՝ փակելով այլ անձանց անունները:

Խնդրել ենք  պարզաբանել նաև, թե Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու պայմաններում վերջինիս՝  մեղադրանքն ընդունել չընդունելու կամ դրա վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու հանգամանքը ի՞նչ հիմնավորմամբ է համարվում  նախնական քննության ոչ ենթակա տվյալ, նախաքննության ի՞նչ շահի կարող է վնասել այս տվյալի հրապարակումը։ Հայցել ենք տեղեկություն նաև այն մասին, թե ե՞րբ է կայացվել Նարեկ Սարգսյանի նկատմամբ  խարդախության հոդվածով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, այսինքն՝ հայցել ենք միայն տեղեկություն քննիչի որոշման օրվա վերաբերյալ: Խնդրել պարզաբանել, թե քրեական գործով  առգրավված գծանկարների քանակը,դրանց պահման վայրն ինչպե՞ս պետք է խոչընդոտի գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը, որ այդ տվյալները ևս չեն տրամադրվում:

Նկատի ունենալով, որ ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանն արդեն իսկ հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարկեր չվճարելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է խրախուսական նորմի կիրառմամբ, այսինքն՝ հանցագործությամբ պատճառված վնասը փոխհատուցվել է, ԱԱԾ-ից խնդրել ենք հայտնել, թե ե՞րբ է Սարգսյանը հատուցել այդ վնասը, երբ է որոշվել հարկեր չվճարելու առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:  Խնդրել ենք նաև հայտնել՝ Սարգսյանը ի՞նչ գործունեություն իրականացնելիս է պարտավոր եղել հարկեր վճարել, որքա՞ն գումար է վերջինս հատուցել՝ որպես իրեն վերագրվող հանցագործությամ պատճառված վնաս եւ հաշվարկված տույժ ու տուգանք:

Քննիչ Նորայր Այվազյանը, համարել է, որ մեր կողմից ուղարկված առաջին և երկրորդ հարցման հարցերը նույնաբովանդակ են:

«Հայտնում ենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացվող թիվ 58213018  քրեական վարույթով ձեր նույնաբովանդակ հարցմանը 11.10.2022-ին տրվել է գրավոր պատասխան»,- նշել է քննիչ Այվազյանը:

Մեր կողմից նշված տեղեկությունները ստանալու նպատակով հարցում ենք ուղարկել նաև Գլխավոր դատախազություն: Դատախազությունը նույնպես նախաքննական գաղտնիք է համարել հայցվող տեղեկությունները:

Դատախազ Արամ Արամյանը միայն մեկ հավելյալ տեղեկություն է հայտնել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ չվճարելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին: Բացի այդ՝ դատախազը նշել է, որ թեև Նարեկ Սարգսյանի վերաբերյալ խարդախության  հոդվա ով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա վերաբերյալ  առևանգման, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի զենք կրելու հոդվածներով  գործ է ուղարկվել դատարան: Հայցվող մյուս տեղեկությունները դատախազ Արամյանը ևս համարել է նախնական քննության գաղտնիք:

Այսպիսով՝ ստացվում է, որ Ալեքսանդր և Նարեկ Սարգսյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նրանց վերաբերող գրեթե ցանկացած հանգամանք գործով շարունակում է մնալ նախաքննական գաղտնիք:

Արաքս Մամուլյան