Բաքվում ընդդիմությունը պահանջում է հետաքննել ադրբեջանցի գնդապետի սկանդալային բացահայտումները 44-օրյա պատերազմում ԶՈՒ-ի անպատրաստության մասին

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Ադրբեջանում մի քանի օր է, ինչ բուռն քննարկվում է գնդապետ, զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի սկանդալային ձայնագրությունը, որը հրապարակել է ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքը։ Ի դեպ, Սամիդլին 44-օրյա պատերազմի մասնակից է, մահացել է հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 23-ին, Արցախի գրավյալ Մատաղիսում ականի վրա պայթելու հետևանքով։

Ձայնագրությունում Սամիդլին խոսում է այն մասին, որ Ադրբեջանի բանակը պատրաստ չի եղել 44-օրյա պատերազմին, և որ առանց թուրքական կողմի օգնության հաղթանակ չէր լինի։ Նա պատմում է նաև պատերազմից առաջ ու դրա ընթացքում զորքերում առկա խնդիրների, զենք-զինամթերքի պակասի, կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև հայկական կողմի մի շարք առավելությունների մասին։

«Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա ստիպում էր, որ թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տանք։  Միայն թե համոզեին գերագույն հրամանատարին, որ մենք պահպանում ենք առավելությունը և պատրաստ ենք պատերազմին։ Իհարկե, կորպուսների հրամանատարներն ասում էին՝ մենք չենք կարող 140 տանկով հարձակել 140 տանկի վրա։ 140 տանկի դեմ պետք է 250-ով հարձակվել։ Սակայն նրանք ամենայն լրջությամբ ասում էին՝ թիվը նվազեցրեք։ Մեր հրամանատարը չէր ուզում անել, սկսեցին նրան վիրավորել՝ «դու վախկոտ ես, փամփերս հանգիր»։ Նա ասում էր՝ «ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, եթե ես հարձակվում եմ, պետք է եռապատիկ առավելություն ունենամ, որպեսզի զինվորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ։ Որովհետև կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին նստած է պաշտպանությունում և ունի 30 տարի ձևավորված պաշտպանական համակարգ։ Նրանք մեզ ստիպում էին նաև ամենայն լրջությամբ նվազեցնել  թշնամու հարաբերակցությունն օգոստոսին, Տավուշի իրադարձությունների  ժամանակ»,- ձայնագրությունում պատմում է Սամիդլին։

Իսկ թե ո՞ւմ է նա այս ամենը պատմել, հայտնի չէ՝ ձայնագրության մեջ երկրորդ կողմի մասին հիշատակում չկա։

«Եթե ​​թուրքերը չգային․․․ թուրքերը եկան և մեզ ուրիշ բան չէին կարող ասել։ Ի՞նչ կասեր։ Բախտիյար փաշան (խոսքը Բախտիյար Էրսայի մասին է՝ Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատարի) կգնար Էրդողանի մոտ, կասեր՝ եղբայր, այդպես չէ, քեզ խաբում են։ Դրանից հետո եկավ Բայրաքթարը։ Եթե ​​Բայրաքթարը չգար, մենք չէինք պահպանի գերազանցությունը։ Հարձակման ժամանակ մենք անհաջողություն կունենայինք»,- նշում Սամիդլին։

Նա նաև բողոքում է, որ պատերազմի մոբիլիզացիան պատշաճ կերպով չի իրականացվել ու պատմում, որ հայկական կողմը առավելություն է ունեցել հրետանային մարտերում։

«Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր։ Այն թշնամու մոտ էր։ Որովհետև մենք շատ Դ30-Դ44 ունեինք, դրանք 15 կմ էին խփում։ Բայց թշնամին ուներ Դ20, որը 30 կմ էր խփում։ Ինձանից թնդանոթները 15 կմ առաջ էի տեղակայում, ես արկը լիցքավորում ու չէի կարողանում խփել, իսկ ինքն ինձանից 30 կմ հետ էր խփում։ Իմ դիվիզիոնները նույնպես։ Եվ դա դանդաղեցնում էր իմ հարձակումը։ Սա դանդաղ առաջընթացի պատճառներից մեկն է։ Եվ մեծ պատճառներից մեկն էլ մեզ կադրեր չտրամադրելն էր։ Նախապատրաստված չէին գրոհային գումարտակները, լեռնային հատուկ նշանակության ջոկատները։ Պատրաստված էր միայն հետևակ։ Իսկ ի՞նչ էր անելու հետևակն այս տարածքներում։ Լեռներում և անտառներում կռվելու համար անհրաժեշտ են հատուկ ստորաբաժանումներ»,- նշում է ադրբեջանցի գնդապետը՝ հավելելով, որ զրահաբաճկոններն ու սաղավարտները չէին բավականացնում, իսկ հրետանային արկերը երկու շաբաթում սպառվել էին։ Մարտի մտնելիս զրահաբաճկոններով ապահովված են եղել 62 տոկոսով, կապի միջոցներով՝49 տոկոսով։

«Մինչև 2019 թվականը մենք ունեցել ենք դիպուհակար ստորաբաժանումներ։ Մենք ստեղծել ու աճեցրել ենք լավ դիպուկահարների։ Հայաստանում դիպուկահարների երկու դպրոց կա։ Իսկ մեզ թույլ չտվեցին դպրոց բացել, կազմակերպել ենք միայն 45-օրյա դաընթացներ։ Ինքներդ գիտեք՝ 45 օրում անհնար է լավ դիպուկահարի պատրաստել։ Նաջմեդինը (նկատի ունի Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովին) իր մոտ էր բերել Վասյակին՝ բելառուս-ուկրաինացի Ալեքսանդր Պետրովիչ Վասյակին, դարձրել նրան գեներալ ու ՊՆ-ում նստեցրել։ Նա էլ վերցրեց ու վերացրեց դիպուկահարների ստորաբաժանումը։ Այդ դիպուկահարներից մեկին չգտանք, որ բերեինք մարտի»,- ասում է Սամիդլին։

Հավելենք, որ ադրբեջանական քարոզչական ԶԼՄ-ները որևէ կերպ չեն անդրադարձել այս սկանդալային ձայնագրությանը, սակայն իրենց բողոքն են հայտնում ընդդիմադիրներն ու պահանջում քննություն անցկացնել։

Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորպուսի հրամանատարի տեղակալի բացահայտած փաստերը շատ սարսափելի են, սակայն ամենավատն այն է, որ գրեթե բոլորն էլ իմացել են այդ մասին, բայց բանակի հեղինակությունը չխաթարելու համար լռել են։

«Գնդապետի ձայնագրությունը, որը մոտ 20,000 զինվորների ղեկավարներից էր, բացահայտում է նաև այն փաստը, որ պատերազմից հետո մեր նահատակների արյան և կյանքի գնով ձեռք բերված հաղթանակն իրենով անող նախագահ Իլհամ Ալիևն իրականում պատերազմից առաջ չի կատարել գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ Բանակի տարրական տեխնիկան, մարզումն ու մարտական պատրաստվածությունը չեն ապահովվել: Բանակում կատարված սարսափելի հանցագործությունները կոծկվեցին: Գլխավոր դատախազին կոչ եմ անում՝ կատարել իր պարտականությունը։ Գնդապետի բացահայտած հանցավոր փաստերից յուրաքանչյուրը պետք է հետաքննվի, իսկ արդյունքների մասին հանրությունը տեղեկացվի։ Մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ կոծկվեն այս սարսափելի հանցագործությունները, որոնք հանգեցրել են մեր բազմաթիվ զինվորների մահվան»,- գրել է Քերիմլին։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ Ֆուադ Ղահրամանլին ևս հետաքննության կոչ է արել։

«Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանի, թե հրապարակված ձայնագրության մեջ ի՞նչ է ասել նահատակ գնդապետ Բաբեկ Սամիդլին բանակում տիրող իրավիճակի մասին։ Ըստ այդ փաստերի՝ նշված գեներալները, հատկապես՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետք է պաշտոնանկ արվեն և ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հավելենք, որ համացանցի ադրբեջանական տիրույթում նաև լուրեր են տարածվում, թե Բաբեկ Սամիդլին «Տերտերի գործում» ներգրավված զինվորականներից է։

Հիշեցնենք, որ 2017 թվականին՝ Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի Տերտերի շրջանում ավելի քան 100 զինվորներ զորամասում զանգվածային խոշտանգումների էին ենթարկվել, նրանցից պահանջել էին «խոստովանել հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու մեջ»։

Էմմա Չոբանյան