«Վեշի պես շպրտում էին». Եռաբլուրի միջադեպից 16 ծնող տուժող է ճանաչվել, ոստիկանապետի պաշտոնանկության պահանջը՝ օդում կախված․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
11.10.2022 | 21:50Հայաստանի անկախության 31-ամյակին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բռնի ուժով բերման ենթարկված և հարցաքննված զոհված զինվորների 16 ծնող տուժող է ճանաչվել։
«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, եզրակացություններ դեռևս չենք ստացել։ Քննությունն ակտիվ փուլում է, կատարվում են առաջնահերթ վարութային ապացուցողական գործողություններ»,- ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Կա՞ն, արդյոք, մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցողներ․ փաստաբանի խոսքով՝ դեռևս տեղեկություններ չունեն։ Կհարցաքննվեն նաև ոստիկանները, որից հետո ծնողների և ոստիկանների միջև առերեսում տեղի կունենա, ապա կտրվի իրավական գնահատական։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել էր դիմել ոստիկանապետին՝ չորս ծառայողի պատասխանատվության ենթարկելու համար։ ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor TV-ին ասաց, որ ոստիկանապետը բավարարել է կարգապահական հանձնաժողովի դիմումը, համապատասխան հրամանագրերն էլ ստորագրվել են։ Ըստ այդմ՝ ոստիկաններից երկուսն ազատվել են աշխատանքից, մեկին՝ խիստ, մյուսին՝ սովորական նկատողություն է տրվել։
«Ոստիկանությունն ուզում է ցույց տալ, որ պատժվողներ եղել են, որ ինչ-որ մարդիկ չափն անցել են, բայց չափն անցել են այդ մարդկանց հրամաններ տվողները»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը ևս համարում է, որ նախ պիտի պատասխանատվության ենթարկվեն ոստիկաններին անմիջական հրաման տվողները։
«Ո՞վ է այդ հրամանը տվել, նախ նա պիտի պատժվի, հետո արդեն նրա ենթակաները»,- ընդգծում է Գալեյանը։
Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին «Եռաբլուր»-ում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ 44-օրա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողներին «Եռաբլուր»-ի մուտքից կարմիր բերետավորները հեռացրել էին թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով, նրանցից որոշներին՝ նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։
Տիկին Աստղիկն էլ էր այդ օրը «Եռաբլուր»-ում։ Ոստիկանների գործողություններից չի տուժել, բայց բերման ենթարկվել էր։
«Տգեղ էր իրենց արածը, նման կերպ չեն վարվում։ Մարդկանց, հատկապես՝ մամաներին, վերցնում էին ու շպրտում մեքենայի մեջ»,- պատմում է նա։
35 հասարակական կազմակերպություններ ոստիկանների բռնի գործողություններից հետո պահանջեցին պաշտոնանանկ անել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, հակառակ դեպքում՝ զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների ամբողջ պատասխանատվությունը վերագրելով անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պաշտոնանկության պահանջի տակ ստորագրած ՀԿ-ներից մեկի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որ նաև Ոստիկանության բարեփոխումները համակարգող խմբի անդամ է, նշում է՝ իշխանություններն ամեն կերպ ուզում են քողարկել այդ միջադեպը, իսկ մինչև այս պահը ոստիկանապետին պաշտոնից չազատելը նշանակում է, որ նրանց գործողությունների հետ համակարծիք է անձամբ վարչապետը։ Ոստիկանները նման գործողությունների չէին դիմի առանց վերադասի հրամանների՝ վստահ է Իոաննիսյանը։
Այդուհանդերձ, նա վստահեցնում է՝ Ոստիկանության բարեփոխումները մեկնարկել են, դրանք հիմնականում կապված են պարեկային ծառայության և օպերատիվ կենտրոնի հետ։ Իոաննիսյանն ասում է՝ զանգվածային միջոցառումների ժամանակ գործող ստորաբաժանումները, այդ թվում՝ Ոստիկանության զորքերը, պետք է մեծ բարեփոխում ապրեին, կարողանային աշխատել պրոֆեսիոնալ, բայց այդ ամենը տապալվել է հենց Վահե Ղազարյանի օրոք։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կրում քաղաքական պատասխանատվություն սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածի, ռեֆորմների ուշացման, ազգային գվարդիայի չստեղծման համար»,- ասաց Իոաննիսյանը։
Հենց միջադեպի օրը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր սկսվել։ Օրեր անց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասել էր, որ խելամիտ չէ ոստիկանապետի հրաժարականը պահանջելը։ Իշխանությունից որևէ մեկն այդպես էլ չդատապարտեց ոստիկանների գործողությունները։ Միայն Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ տեղի ունեցածը բացասական ու դատապարտելի երևույթ է։
Ի դեպ, սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին, իշխանությունները «Եռաբլուր» չայցելեցին՝ պատճառաբանելով, որ փորձում են խուսափել սադրանքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան