Լավրովը գամբիտ է խաղարկում՝ զոհաբերելով հայկական շահերը․ ՀՀ-ն պիտի համարժեք քայլեր անի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.06.2022 | 19:47Factor TV-ի զրուցակիցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է
-Պարո՛ն Մեհրաբյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում մի շարք հայտարարություններ է արել, որ Մինսկի խմբի հարց չեն քննարկել, որ ղարաբաղյան պատերազմից հետո բանակցային գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել։ «Այն առաջարկները, որոնք եղել են, և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց արդիականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ըստ Լավրովի՝ այժմեականությունը կորցրած առաջարկները որո՞նք են, արդյո՞ք նաև ինքնորոշման իրավունքը։
-Լավրովի այս հայտարարությունները մեզ հիմք են տալիս որոշ հետևություններ անելու։ Որո՞նք են այդ հետևությունները։ Նախ և առաջ՝ խոսել համատեքստից, որը բազայինն է Լավրովի արած հայտարարություններում։ Չմոռանանք, որ Լավրովն այցելեց Երևան՝ Անկարայից հետո, Բաքու այցելեց Թեհրանից հետո։ Բացի այդ՝ այդ այցերը տեղի են ունենում Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի ֆոնին, և դա մի իրադարձություն է, որը կարելի է ասել՝ միջազգային հարաբերությունների թիվ մեկ իրադարձությունն է, որից էլ բխում կամ տեղի է ունենում մնացյալը։ Իսկ ՌԴ-ի համար, որն այդ պատերազմի նախաձեռնող կողմն է, իհարկե՝ պատերազմն իր թիվ մեկ հոգածության առարկան է։ Այս ամենը պետք է դիտարկել պատերազմի համատեքստում ևս։ Մասնավորեցնեմ․ դրանք այն պատժամիջոցներն ու հակաքայլերն են, որոնցով միասնաբար հանդես է գալիս Արևմուտքը՝ մի մեծ պատ կառուցելով ՌԴ-ի դեմ։ ՌԴ ԱԳ նախարարի այցերը Երևան և Բաքու ուղղակի հուշում են, որ ՌԴ-ի համար խիստ արդիական է ճանապարհի վերաբացումը դեպի հարավ։
-Նոր ճանապարհի բացումը շաղկապվա՞ծ է Արևելյան Եվրոպայի, հյուսիս-արևելյան պետությունների կողմից ՌԴ-ին բլոկադայի ենթարկելու փաստի հետ։ Օրինակ՝ Լիտվան արգելեց իր տարածքով բեռնափոխադրումները դեպի Կալինինգրադ։
-Այո, կա՛մ այդ տարբերակն է, կա՛մ էլ ՌԴ-ն պետք է «յոլա գնա» Մուրմանսկով։ Ուրիշ ելք չկա, Սև ծովը նույնպես փակ է, և ՌԴ-ի բոլոր ելքերը Սև ծովի տարածքով պայմանավորված են լինելու Բոսֆորով և Դարդանելով անցանելիությամբ։ Որքան էլ ֆիքսենք մերձեցում Թուրքիայի և ՌԴ-ի միջև, այդուհանդերձ, Թուրքիան մնում է և կա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ ՌԴ-ն չի կարող ապավինել միայն այդ տարբերակին։ Այսինքն՝ հարավային ուղղությունը ՌԴ-ի համար ձեռք է բերում ուղղակի կենսական նշանակություն։
-Դա նշանակում է, որ ամեն գնով ՌԴ-ն պետք է հասնի Հարավային Կովկասի ապաշրջափակմա՞ն։ Որովհետև Թուրքիան և Ադրբեջանն են տարածաշրջանում ներկա, ո՞ւմ պետք է բավարարի ՌԴ-ն, որպեսզի ռուսները, գոնե տեսականորեն, առաջիկայում Թուրքիայի հետ երկաթուղային կապ ստանան։
-Բնականաբար։ Այս հայտարարությունը, այո՛, դիտարկվում է այդ համատեքստում, և միանգամայն հավանական է, որ ՌԴ-ն պետք է իր բալանսը տեղաշարժի դեպի Ադրբեջան։ Մենք սրա հետ գործ ունենք։ Լավրովի հայտարարությունը ոչ թե նրանից է գալիս, որ ռուսները վատն են և վերջ կամ ռուսները հայերին չեն սիրում։ Այս ամենն իմաստավորվում է այս գործընթացներից՝ իր հետ եկող հետևանքներով։ Հայաստանի համար, որը պետք է գործի բացառապես իրողություններով պայմանավորված, ահա, իրողությունները ձևավորող բազային գործոններն են դրանք։
-Երբ ՌԴ ԱԳ նախարարն ասում է՝ «ղարաբաղյան պատերազմից հետո բանակցային գործընթացի աշխատանքն անցյալում է մնացել», սա նշանակո՞ւմ է, որ հերքվում են նախորդ համաձայնությունները և ՌԴ-ն ընդունում է պատերազմի արդյունքը, որտեղ Ադրբեջանը հաղթել է, և ասում է՝ իրեն ամեն ինչ պետք է բաժին հասնի, իսկ հայկական կողմին՝ ոչինչ։
-Ռուսաստանն ունի բավականին փորձված դիվանագիտություն, որպեսզի պահպանի պատշաճ նրբանկատություն՝ չկոչելու համար այդպես իրականությունը։ Ռուսներն ասում են՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այո՛, խոսվում էր Արցախի շուրջ յոթ շրջանները վերադարձնելու և այլնի մասին, բայց 2020 թվականի իրադարձություններն այդ հարցերն օբյեկտիվորեն լուծեցին։ Սա է Լավրովի ասածը՝ Բայրամովի հետ համատեղ ասուլիսում բաց տեքստով։ Եվ ասում է՝ եթե Մինսկի խմբի համանախագահությունը ճանաչում էր 1994 թվականի ստատուս քվոն, ապա հիմա այն փոխվել է և ֆիքսվել է երեք համատեղ հայտարարություններով, և դա հնարավոր չէ շրջանցել։
Մոսկվայի ասածն է՝ Մինսկի խումբն է դադարեցրել շփումը ռուս համանախագահի հետ, իրենք են մեղավոր, հետևապես՝ եռակողմ հայտարարությունները չեն կարող շրջանցվել։ Պարոն Լավրովն այստեղ խառնում է մի քանի բաներ․ բազայինը այս մի քանի հայտարարություններն են, բայց Լավրովը և իր ղեկավարը՝ Պուտինը, համատեղ թուղթ են ստորագրել, որտեղ եռակողմ հայտարարությունը հիմք են ընդունում, երկրորդ՝ Մինսկի խումբն անելիք ունի, ինչի մասին ի պատասխան հանդես է եկել ՀՀ ԱԳՆ-ն։ Մոսկվան գամբիտ է խաղարկում՝ զոհաբերելով հայկական շահերը, իր հերթին՝ ՀՀ-ն պիտի համարժեք քայլեր անի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան