Ադրբեջանի հետ ուժի սպառնալիքի տակ չի կարելի խաղաղության պայմանագիր կնքել․ իշխանությունը պիտի ժամանակ շահի. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.04.2022 | 19:02Factor TV–ի հարցազրույցը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ
–Չափազանց կարևոր օրեր են Հայաստանի համար. այսօր քննարկման կարևոր հարց է՝ կնքե՞լ խաղաղության պայմանագիր, թե՞ չկնքել, և ինչ պայմաններով՝ զիջելու ի՞նչ ունենք, ստանալու ի՞նչ հնարավորություններ կան: Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Միրզոյանը և Բայրամովը խոսել են և համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքը: Առաջիկա օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ո՞րն է ձեր քաղաքական ուժի կարծիքը՝ գնա՞լ խաղաղության պայմանագրի կնքման, թե՞ չգնալ:
-Ցավոք, խաղաղության պայմանագրի վերաբերյալ խոսույթն այսօրվա շեշտադրումով նախ՝ տպավորություն է ստեղծում, թե ՀՀ-ն նախկինում խաղաղության չէր ձգտում, մինչդեռ ՀՀ-ն և Արցախը միշտ ձգտել են խաղաղության և բանակցության միջոցով լուծելու հարևանների հետ առաջացած մեր բոլոր խնդիրները: Այսօր խոսելով խաղաղության մասին, երբ մենք գտնվում ենք բավականին խոցելի հանգամանքներում, պետք է ավելի զգուշավոր լինենք. պետք է իմանանք, թե ի՞նչ գին ենք վճարելու խաղաղության համար և ի՞նչ է այն նշանակում մեզ համար: Շատ կարևոր է, որ խաղաղությունը լինի կայուն և իրական, ինչը նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք այնպիսի հանգամանքներ, որ խաղաղության կայունությունը և երկարաժամկետությունն ապահովվի. արդյո՞ք դա հնարավոր է այսօր: Այն հռետորաբանությունը և վերաբերմունքը, որով իշխանական լծակները և առաջին դեմքի շուրթերով արտահայտություններ են արվում Հայաստանի, հայ ժողովրդի և, առհասարակ, ստեղծված իրավիճակի մասին, թույլ են տալիս կասկածել, որ Ադրբեջանի նպատակն իրապես խաղաղությունն է: Ադրբեջանի նպատակն է՝ շահել այնպիսի հանգամանքներ և իրավիճակ, որ կարողանա մեկընդմիշտ փակել այն հարցերը, որոնք հայ ժողովրդի համար ծառացել են:
–Տիկի՛ն Թանդիլյան, երևի թե այսօրվա գլխավոր հարցը, որին պետք է պատասխանենք մենք՝ ՀՀ քաղաքացիները և քաղաքական ուժերը, և դիսկուրս պետք է ծավալվի դրա շուրջ, այն է, թե մենք ընդունո՞ւմ ենք, արդյոք, պատերազմի արդյունքը, թե՞ չենք ընդունում: Եթե չենք ընդունում, նշանակում է՝ մենք պատրաստ ենք նոր պատերազմի Ադրբեջանի կողմից, որը մարսեց պատերազմը (չգիտենք՝ Հաագայի դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց մեծ դատապարտումներ չեղան)։ Իսկ եթե ընդունում ենք պատերազմի արդյունքը, այսինքն՝ այն, որ կորցրել ենք տարածքներ և դաժան պարտություն ենք կրել, նշանակում է, որ ընդունելու ենք նաև դրա հետևանքները՝ Ադրբեջանը ոչ միայն 7 շրջանն է ուզում, այլ նաև ԼՂ-ն: Այսինքն՝ ծանր երկընտրանք է, որը երկու պարագայում էլ հետևանքներ է ունենալու: Ո՞րն է Ձեր կարծիքը:
-Ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքի ձևաչափով կնքված որևէ հաշտություն, խաղաղություն չի կարող լինել երկարաժամկետ և ունենալ արդյունք: Արդյո՞ք ընդունում ենք պատերազմի արդյունքները. այն, որ մենք պատերազմից հետո հայտնվել ենք աղետալի վիճակում՝ մարդկային և տարածքային կորուստների առումով, ցավալի փաստ է, և թելադրում է որոշակի իրավիճակ, բայց դա որևէ կերպ չի չեղարկում ժողովրդի ինքնորոշման հիմնադրույթները… Երբ խոսում ենք ինքնորոշման իրավունքից, անպայման տեսանելի է, թե որտեղ է այդ ժողովուրդն ինքնորոշվելու: Մարդիկ հազարամյակներ ապրել և այսօր էլ ապրում են այդ հողի վրա, և իրենք ունեն իրավունքներ այդ հողի նկատմամբ: Մենք պետք է այս խոսույթն ավելի ակտիվացնենք հենց այն պատճառով, որ պատերազմն ունեցել է այսպիսի ելք: Դիվանագիտական, բանակցային և իրավագիտական մակարդակներում մենք պետք է շարունակենք ավելի բարձր խոսել այս մասին, մեզ համար սա է լուծման ճանապարհը: Առանց անվտանգային համակարգն ամրացնելու, առանց պետությունը հզորացնելու, առանց ցույց տալու, որ պատրաստ ենք պաշտպանելու ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նաև բանակի վերազինման և պետության վերակազմակերպման միջոցով, մեր ձայնը շատ ավելի թույլ և ոչ համոզիչ կլինի: Մենք պետք է կարողանանք խաղաղությունը պաշտպանել: Կարող ենք լավագույն պայմանագրերը կնքել, բայց չկարողանալ պաշտպանել խաղաղությունը, հետևաբար՝ դրանք առանձին դիտարկելն անտեղի է և ինքնախաբեություն է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան