Պուտինն է ասել՝ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է․ Ալիևին վստահեցրել է՝ մինչև հայաթափումը կկանգնի, հետո նրան կտա․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.04.2022 | 21:16Factor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է
-Պարո՛ն Սարգսյան, երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է Նիկոլ Փաշինյանը, որը նաև հանդիպելու է Իլհամ Ալիևին՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ըստ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու, և կողմերը պիտի փորձեն այդ սուր կետերը հարթել ու առաջ շարժվել, ինչը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը։ Որո՞նք են այդ սուր կետերը, և արդյո՞ք հնարավոր է հարթել դրանք։ Գլխավոր խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է։
-Ես չեմ կարծում, որ հիմա այնտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարց է քննարկվելու։ Քիչ հավանական եմ համարում կամ գրեթե անհավանական եմ համարում, որ կարգավիճակի հարց քննարկվի կամ որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Ղարաբաղի հիմնահարցով որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավունքը տրված է Մինսկի խմբի համանախագահ եռյակին, որն էլ աշխատանք ունի անելու։ Եվ այդ պատճառով է, որ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցելությունը հեռախոսազանգ է եղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որն էլ հորդորել է, որ Արցախի հիմնահարցը տեղափոխեն Մինսկի խումբ և Մինսկի խմբի շրջանակում փորձեն այն լուծել, նաև փորձեն լուծել հումանիտար խնդիրներ։
-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցում նաև ընդգծել է, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ և խրախուսել է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ բրյուսելյան հանդիպմանը, ասել է՝ ԱՄՆ-ն կօգնի կողմերին որպես Մինսկի խմբի անդամ։ Կկանխվի՞ հնարավոր պատերազմը։
-Որոշ լրատվամիջոցներ նաև նախօրեին գրում էին, որ սահմանին կրակոցներ կլինեն, իրավիճակը կլարվի։ Ես միշտ ուզել եմ հասկանալ, որ նաև պետական փորձ ունեցող մարդիկ, ովքեր կանխատեսումներ են անում, հարց եմ տալիս՝ ումի՞ց է այդ գուշակությունները՝ Աստծո՞ւց, թե՞ սատանայից։ Բայց այդ կանխատեսումից հետո ասեք, թե ինչ եք առաջարկում անել, ասենք՝ ապավինեք Աստծուն, ապաշխարհեք և այլն։ Չեն մտածում, որ 60․000 մայր զավակ ունի, որը հենց այս պահին ծառայություն է կատարում սահմաններին, և այդ մայրերը գիշերը հանգիստ չեն քնում, սրտային խնդիրներ են ունենում։ Ինչի՞ համար եք դա անում։ Որտեղի՞ց են այս կանխատեսումները։
-Միգուցե այնտեղից են, որ կարծում են՝ եթե Ադրբեջանը Բրյուսելում կամ առաջիկայում չստանա Հայաստանի համաձայնությունը հինգ առաջարկներին՝ ի պատասխան խաղաղության պայմանագիր կնքելու առանց Ղարաբաղի մասին որևէ նշման, միգուցե վերլուծում են, որ չստանալով ՀՀ-ի համաձայնությունը՝ Ադրբեջանը ռազմական շանտաժի՞ կգնա։ Իրական չէ՞ այդ կանխատեսումը։
-Եթե վատ կանխատեսում ես անում, նաև լուծում պիտի առաջարկես։ Եթե քո առաջարկած լուծումը ներսում իշխանափոխություն անելն է, ասենք՝ Գլխավոր շտաբին չենթարկվելով, այդ լուծումը շատ վատ տեղ է տանում։ Կամ՝ մարդը չի ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը փոխվեց, երկրի վարչապետն այդ կանխատեսում անող մարդն է, ինքը չի ասում՝ ի՞նչ քայլեր է անելու, որ այս ծանր ու բարդ իրավիճակում, երբ ՀՀ վարչապետը գնացել է Բրյուսել ու պիտի հանդիպի Իլհամ Ալիևի հետ, ինքը հանդիպելու պարագայում ինչե՞ր է առաջարկելու։ Ես միանշանակ ասում եմ՝ պետք է ճանաչենք Կոսովոյի անկախությունը, դրանով ցույց տանք, որ Արցախի խնդիրը նույն Կոսովոյի խնդիրն է, որ Արցախի հանրությունը նույն վիճակում է, ինչ Կոսովոյի հանրությունն էր։
-Ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակի հանրահավաքում, իրենց խոսքով, «կարմիր գծեր» սահմանեցին Ղարաբաղի հարցով, որ այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Բայց, օրինակ, հարց չհնչեցրին Պուտինին՝ ինչո՞ւ է հայտարարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է միջազգային իրավունքով և ընդգծում, որ նույնիսկ ՀՀ-ն չի ճանաչել։ Սա գուցե ՌԴ-ի տեսակետն է, բայց չկա՞ վտանգ, որ կանխորոշում է ՌԴ-ի հետագա գործողությունները հետագա բանակցային գործընթացում։
-Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցով նախաձեռնողականությունն իր ձեռքը պետք է վերցնի։ Հայաստանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ չեն կարող կողմ լինել բռնի ուժով որևէ մեկի տարածքի գրավումը։ Դա ուղիղ ազդակ է միջազգային հանրությանը և տեղյակ եմ, որ դա գնահատում են։ Որպես հաջորդ քայլ՝ ոչինչ չի խանգարում, որ ՀՀ-ն չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ո՞րն է պատճառը, որ դա չենք անում։ Չէ՞ որ Կոսովոն ճանաչվել է՝ «Անջատում հանուն փրկության» թեզի շրջանակում, թե չէ՝ բռնի տեղահանվելու էր Կոսովոյի ժողովուրդը, կանգնեցին միջազգային խաղաղապահներ և այդ խնդիրը լուծվեց։ Փառուխի և Քարագլխի, գազամուղի դեպքերը տասը օրից ավելի շարունակվեցին, բայց ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն՝ իրենց լիդերներով, չդատապարտեցին ռուս խաղաղապահների գործունեությունը։ Ո՞նց մեղադրեն իրենք ՌԴ-ին, բա որ նեղանա, այստեղից գնա ՌԴ-ն։ Ռուսները գնալու են այստեղից, ոտքներն եք ընկնելու, աղաչելու՝ այդ ռուսամետ կուսակցություններդ, որ խնդրում ենք՝ մի գնա, բայց գնալու է։ Ով՝ ով, ՀՅԴ-ն պատմությունը գիտի, թող իրենց վարչապետերի գրավոր նյութերը կարդան։ ՌԴ-ն գնալու է։ Իրենք չլսելու են տալիս, որ ՌԴ նախագահն ասել է՝ «Արցախն իրավաբանորեն Ադրբեջանի տարածք է», սա ուղենիշ է, բնականաբար։ Դա ասել է Ադրբեջանի և Թուրքիայի համար, վստահեցրել է Թուրքիային և Ադրբեջանին, որ կանգնում է Արցախում այնքան, մինչև Արցախը կհայաթափվի, ինչպես՝ Նախիջևանը, հետո կգնա՝ խնդիրը կլուծվի, հայերն իմը կլինեն, Արցախը՝ ձերը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնանյութում։
Ռոբերտ Անանյան