«Մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է»․ Արա Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթ
06.12.2021 | 16:00Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու՝ մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների պլանի ներկայացմանը, մշակույթի ոլորտին դրամաշնորհների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ համավարակի և պատերազմի հետևանքով մշակույթի ոլորտի բյուջեն կրճատվել էր. այն արդեն վերականգնվել է և հասել նախորդ տարվա մակարդակին, ինչը հնարավորություն կտա իրականացնելու նախատեսված ծրագրերը։ Ըստ փոխնախարարի՝ մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է:
«Եթե մենք չենք պատրաստում գրագետ հանդիսատես և ընկալող միջավայր, ապա մեր բոլորը ջանքերը կլինեն ապարդյուն. այդ իմաստով ունենք բավականին հաջողություններ։ Մեր կրթական ծրագրերից է «Դասարան+դասական» նախագիծը, որի շրջանակում ավագ դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված սաները մեկ շաբաթ բառացիորեն ապրում են թատրոնում, կուլիսներում, դիտում ներկայացումներ, հանդիպում անվանի արտիստների հետ։ Ծրագրի նպատակն է լրջացնել թատերական արվեստի ընկալումը, որը պղտորվել է, ինչպես նաև օգնել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- նշել է Արա Խզմալյանը՝ ներկայացնելով կրթամշակութային մյուս նախագծերը, որոնք իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նրա խոսքով՝ «ԴասԱ» ծրագրի շրջանակում լինում են տարբեր ճանաչողական հանդիպումներ կոմպոզիտորների հետ և ծանոթություն նրանց ստեղծագործություններին, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում լավագույն արվեստագետները մտնում են դպրոց և հանդիպում աշակերտների հետ, ինչը բարձրացնում է մշակութային գործչի հանրային վարկանիշը և ճանաչելիությունը։
Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի իրականացվել է նաև «Զարդագիր» ինտերակտիվ ծրագիրը, որի նպատակը միջնադարյան արժեքների հանրամատչելի և խաղային մատուցումն է աշակերտներին, որոնք իրենց ձեռքով գունանյութեր են պատրաստում, մագաղաթի վրա նկարում, ծանոթանում գրի տեսակներին և մանրանկարչությանը: Արա Խզմալյանի խոսքով՝ հաջորդ տարի մեկնարկելու է «Դասարվեստ» ծրագիրը, որի շրջանակում լավագույն կտավները կներկայացվեն մարզերում: Այս նախագծի նպատակը ևս մշակութային իրողությունների հանրային վարկանիշի բարձրացումն է։
«Մեր մյուս խնդիրը մշակութային ժառանգության ոլորտում է, որն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում։ Դա վերականգնողների ինստիտուտի կայացումն է, և այստեղ խնդիրները շատ են՝ սկսած այն բանից, թե ի՞նչ ենք հասկանում՝ վերականգնողի մասնագիտություն ասելով։ Գույքատեխնիկական ռեսուրսների առումով՝ ներկայում միակ պրոֆեսիոնալ կառույցը Մատենադարանն է, սակայն մենք ունենք հարյուրավոր և հազարավոր ֆոնդեր ու կտավներ, որոնք վերականգնման կարիք ունեն։ Մյուս խնդիրն այն է, որ մենք ամեն օր հանդիպում ենք գանձագողության և մշակութային արժեքներն ապականելու իրողություններին, հետևաբար լրջագույն խնդիր է մեր վերաբերմունքը պատմամշակութային վայրերին։ Խորքային համոզում ունեմ՝ միայն պետական վերահսկողական մեխանիզմները կատարելագործելով՝ չենք կարող այդ խնդիրը լուծել, որովհետև մեր արժեքներն ավելի շատ են, քան մեր ռեսուրսները, և այստեղ կարևոր են քաղաքացու գիտակցությունն ու արժեքների փոփոխությունը»,- շեշտել է Արա Խզմալյանը և հավելել, որ այդ նպատակով տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հնագիտական արժեքները հանրայնացնելու համար։ Մասնավորապես, մյուս տարի մեկնարկում է կրթական ծրագիր՝ համայնքների հուշարձանների հանրահռչակման նպատակով: Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ եթե մարդը չի ճանաչում հուշարձանը, նա չի կրում պատասխանատվություն:
«Աննախադեպ ծավալների է հասել մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Վերջին տարիներին կնքել ենք բազմաթիվ հուշագրեր, որոնց աջակցությամբ վերականգնում ենք հուշարձաններ. նախարարությունը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, իսկ մասնավոր ոլորտը՝ ֆինանսավորում։ Մեկ այլ խնդիր է այն, որ թանգարաններում քիչ են տարածքները, և հազարավոր միավորներ չեն ներկայացվում հանրությանը։ Այդ պատճառով որոշել ենք դրանք ներկայացնել այլ համապատասխան միջավայրերում։ Մենք պարտավոր ենք հանրությանը ներկայացնել հանրության սեփականությունը»,- փաստել է Արա Խզմալյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից արվեստի ոլորտում խնդիր կա՝ ինքնաֆինանսավորման մեխանիզմների խթանման հետ կապված։ Նախարարի տեղակալը նշել է, որ պետական մշակութային բազմաթիվ կառույցներ գործում են հին մեթոդներով, որի արդյունքում առկա է կառավարման խնդիր։ «Մեր նպատակն է խթանել սեփական միջոցներով գումարներ գեներացնելու գործընթացը։ Իհարկե, մշակույթի ոլորտը չի կարող գոյատևել միայն բիզնեսի սկզբունքով, բայց նաև միայն պետական միջոցներով չի կարող առաջ գնալ, այսինքն՝ անհրաժեշտ է կատարելագործել մենեջերական հմտությունները, արդիականացնել կառավարման համակարգը և բարելավել օրենսդրական դաշտը։ Ներդնելու ենք այնպիսի համակարգ, որի արդյունքում պետական աջակցությունը կմեծանա, եթե աճեն տվյալ հաստատության արտաբյուջետային միջոցները, իսկ դա հնարավոր է գրագետ կառավարման, գովազդի և հանրության հետ մշտապես կապի մեջ լինելու շնորհիվ»,- հավաստիացրել է Արա Խզմալյանը։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մյուս տարի տեղի կունենան հայկական մշակույթի օրեր ՌԴ-ում և ռուսական մշակույթի օրեր՝ Հայաստանի Հանրապետությունում։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցության առումով ակտիվ է եղել կինոլորտը, հաջողություններ են ունեցել նաև մի քանի թատրոններ։
«Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու՝ մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Պետական աջակցության նման ծավալ երբեք չի եղել»,-փաստել է փոխնախարարը։
Նա անդրադարձել է նաև գրահրատարակչության ոլորտում դրամաշնորհների տրամադրման խնդրին՝ ընդգծելով, որ պետք է սահմանվեն պետական քաղաքականությանը համապատասխան չափանիշներ։ Փոխնախարարը գոհունակությամբ փաստել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը բավարար մակարդակի վրա է և ակտիվ է հատկապես համայնքներում:
Արա Խզմալյանի զեկույցից հետո նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորման, որոշ ծառայությունների պատվիրակման և հաստատությունների կառավարման խնդիրներին:
Հայաստանի ազգային պարարվեստի ասոցիացիայի նախագահ Կարեն Գևորգյանը բարձրաձայնել է ժողովրդական կոլեկտիվների ինստիտուտին, պարային դահլիճների բացակայությանն առնչվող հարցեր: «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալլա Ավագյանն անդրադարձել է մշակույթի ոլորտին դրամաշնորհների տրամադրման գործընթացում գնահատման չափանիշների հստակեցման, իսկ «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի նախագահ Հասան Թամոյանը՝ մշակույթի ոլորտում ազգային փոքրամասնություններին ուղղված ծրագրերին:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Նախարարին կից հասարակական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոր կազմով: