Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ
Քաղաքականություն
07.10.2021 | 15:05Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հետևել է Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իտալիայի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, որի համար հիմք են հանդիսացել երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու քրիստոնեական արժեհամակարգը:
Նշելով, որ Հայաստանն ու Իտալիան ներկայումս նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ ոլորտներում՝ նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, առավել ևս, որ երկու երկրների ներուժը այդպիսի հնարավորություն ընձեռում է:
Հայաստանի նախագահն ու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահը քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Համագործակցության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը դիտարկելով առևտրատնտեսական հարաբերությունները՝ զրուցակիցները նշել են, որ թեև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, փոխարենը 2021թ․ առաջին կիսամյակում այն որոշակի աճ է գրանցել:
Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Դրագիին և Իտալիայի կառավարությանը՝ Հայաստանին մարդասիրական աջակցության շրջանակներում պատվաստանյութի նշանակալի քանակություն տրամադրելու համար։
Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն գործակցությանը և այդ համատեքստում Իտալիայի դերին՝ որպես ԵՄ հիմնադիր ու առաջատար երկրի: Կարևորվել է Եվրոպական միության դերը մեր երկրի զարգացմանն աջակցելու հարցում։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ արցախյան պատերազմում ցավալի կորուստներից հետո, Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա, որոնցից են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կառավարման հավասարակշռված համակարգի ձևավորումը, երկրի զարգացման համար սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը:
Նախագահն առանձնացրել է նաև մարդկային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները՝ ընդգծելով, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավոր ուղղությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հրադադարի հաստատումից հետո իտալական կողմի արտահայտած պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ուղարկելով մասնագետների առաքելություն, այդ թվում՝ համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։
Խոսվել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իտալական ներդրումների ներգրավման հնարավորությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իտալական կողմն առաջարկել է Իտալիայում հայկական օրեր կազմակերպել հայկական արտադրանքն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու և գործարար շփումները խթանելու նպատակով։
Նշվել է, որ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն և լինելով հնագույն քաղաքակրթության կրողներ՝ Հայաստանն ու Իտալիան ակտիվ համագործակցություն են ծավալել այս ոլորտում, հատկապես՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Մասնավորապես առանձնացվել է Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի (ՌՕՔԵՄՓ) գործունեությունը:
Անդրադառնալով կրթական ոլորտում փոխգործակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը: Նա ողջունելի է համարել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում երկկողմ ջանքերով հայագիտության ամբիոնի վերաբացումը: