ՌԴ-ն մեր թշնամիների հետ կարող է գործակցել, ուշանալ․ ՀՀ-ն պիտի՛ դուրս գա բախումներից․ Գարիկ Քեռյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.07.2021 | 20:32Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ
-Պարո՛ն Քեռյան, սահմանում լարվածությունը շարունակվում է՝ մեկը մյուսի հետևից միջադեպեր են։ Ինչո՞ւ է կարողանում Ադրբեջանը սանձարձակ և սադրիչ պահվածք թույլ տալ ՌԴ-ի դաշնակից համարվող և ՀԱՊԿ-ի կազմի մեջ գտնվող Հայաստանի նկատմամբ։ Այնտեղից գրեթե լռություն է կամ ավելին, քան «Ուժի կիրառումն անընդունելի է», ոչինչ չի ասվում։ Դա Զասի պատասխանն էր։ Ինչո՞ւ է այսպես ստացվում։
–Նախ՝ պետք է հիշենք, որ Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ն պատասխանեց, որ խոսքը սահմանային ընդհարումների մասին է, և որի լուծումը սահմանազատմամբ ու սահմանագծումով է։ Բնականաբար, ՀԱՊԿ-ն սա չդիտեց որպես ռազմական գործողությունների ծավալման նախանշան և չհամարեց իրավիճակն այնպիսին, որ Հայաստանը հայտնվել է պատերազմի մեջ։ Երբ մենք ասում ենք ՀԱՊԿ, ինձ թվում է՝ մենք չպետք է շատ օգտագործենք այս հասկացությունը և շատ հույսեր կապենք, որովհետև սա ռուսակենտրոն կառույց է, որտեղ հիմնական դերակատարը ՌԴ-ն է, և դժվար թե հայտնվի միամիտ մեկ մարդ, որ հավատա՝ կազմակերպության մյուս երեք անդամները՝ Ղազախստանը, Տաջիկստանը և Բելառուսը ի վիճակի են կամ կցանկանան այստեղ մասնակցել կոնֆլիկտի։
-Եթե ՀԱՊԿ-ին հանում ենք դաշնակիցների ցուցակից, ապա այլ հարց կա՝ ինչո՞ւ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում չի քաշում Ադրբեջանի սանձերը։ Թվում էր՝ ՌԴ-ի ներկայությունը կանխարգելիչ գործոն պիտի լիներ՝ այստեղ արդեն կա ռուսական զորք և ՀՀ-ին աջակցելիս հարկ չկար ՌԴ-ից այստեղ զորք ուղարկել։
–Ես համոզված եմ, որ հայ-ռուսական համագործակցությունն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, իհարկե, զսպիչ գործոն է։
–Այսինքն՝ զսպիչ գործոն է միայն լայնածավա՞լ պատերազմի դեպքում։
-Այո՛։ Իսկ ինչու․ զսպիչ գործոն չէ՞ այն հանգամանքը, որ փաստացիորեն ունենալով բացահայտ ռազմատեխնիկական հզոր գերակշռություն Հայաստանի նկատմամբ, լինելով հաղթող կողմ, Ադրբեջանն ամեն դեպքում չկարողացավ գրավել Ղարաբաղն ամբողջությամբ։ Ինչո՞ւ Ադրբեջանն այսօր չի կտրում Լաչինի միջանցքը, ռուսական զսպիչ գործոնն է, ինչո՞ւ Ադրբեջանը չի համարձակվում լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել Մեղրիից մինչև Տավուշ ընկած հատվածում, Նախիջևան-Հայաստան սահմանին, որտեղ մենք, ըստ էության, չունեինք այդպիսի հնարավորություններ հարձակմանը դիմակայելու։ Ի դեպ, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի չտարանջատենք։
-Դուք ասում եք՝ ՌԴ-ն զսպիչ գործոն է լայնածավալ հարձակման դեմ, բայց, պարո՛ն Քեռյան, շատ լավ գիտեք, որ Ադրբեջանն իր պահանջներն է ներկայացնում, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր, որի մեջ է նաև Արցախից հրաժարման պահանջը, հարկադրել միջանցք տալ և գնալ սահմանազատման իր քարտեզներով։ Այս սահմանային իրավիճակը ռազմական դիվանագիտության մաս է, Ադրբեջանը փորձ է անում այն ծառայեցնել բանակցային սեղանների շուրջ իրենց նպատակին հասնելու։ Երբ ՌԴ-ից զսպիչ հայտարարություն չենք լսում Ադրբեջանին, որ չի կարելի իրենց դաշնակցի ուղղությամբ զենք կիրառել, սկսում ենք կասկածել՝ արդյո՞ք ՌԴ-ն այստեղ չունի շահեր՝ Ադրբեջանի պահանջների տակ։
–Ռուսաստանի շահը գիտե՞ք որն է․ նա ձգտում է իր ազդեցությունը վերականգնել ողջ հետխորհրդային տարածքում։ Քաղաքագետների մեծ մասը կարծում է, որ Պուտինի վերջնական նպատակը ԽՍՀՄ-ի նորացված կազմավորման ստեղծումն է։ Իհարկե՝ այստեղ Մերձբալթիկան դուրս է մնում։ Եթե նայում ենք այս ռազմավարական գիծը, մեզ հասկանալի է դառնում, որ Հարավային Կովկասում իրենց համար միայն Հայաստանը չէ, շատ կարևոր է իրենց համար նաև Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանում ազդեցությամբ իրենք, կարծես, փակում են Հարավային Կովկասում օղակը և Վրաստանը մնում է շրջափակման մեջ։ Հնարավոր է՝ հերթական անգամ «վրացական հարցը» դրվի քննարկման։ Պետք է հասկանանք, որ ՌԴ-ի այս ծավալապաշտական շահերը միշտ չէ, որ համընկնում են ՀՀ-ի շահերին, և ես ուզում եմ կոչ անել այն մարդկանց, որոնք վերլուծելով այս ամենը, դուրս գան այն կաղապարից, ըստ որի՝ Կրեմլում ղեկավարները առավոտյան զարթնում են և իրենց հիմնական մտահոգությունն այն է՝ անել ամեն ինչ, որ Հայաստանի համար լավ լինի։ ՌԴ-ն ունի իր շահերը, և դրանք կարող են համընկնել Ադրբեջանի և չհամընկնել՝ Հայաստանի շահերի հետ։ Այս առումներով առաջ է գալիս անհամաձայնություն և ՌԴ-ի այս պասիվ դերը հայ-ադրբեջանական վեճում մեծամասամբ պայմանավորված է սրանով։
-«Ծավալապաշտանական» բառն եք օգտագործում ՌԴ-ի ծրագրերից խոսելիս։ Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն պիտի սկսել բացառապես իր պետական շահերը սպասարկել։ Շատ կարևոր է, չէ՞, ընդունել, որ քո դաշնակցի և քո շահերը որևէ տեղում կարող են չհամընկնեն։ Եթե այս պահին չենք կարող «մերժել» ՌԴ-ին, կա՞ն կռվաններ, գործիքներ, որ գոնե թույլ չտանք Արցախի կուլ տալն Ադրբեջանի կողմից։
-Ես լրիվ համաձայն եմ Ձեր արտահայտած մտքերի հետ։ Մենք նաև համակարծիք ենք այն հարցում, որ ՌԴ-ն կարող է ուշանալ, հեռանալ՝ ինչպես 18 թվին, համագործակցել մեր թշնամիների հետ։ Այս պարագայում մենք իրավունք չունենք կտրուկ հակառուսական քայլեր անել կամ մեզ իրավունք վերապահենք քննադատել ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Բայց ո՞րն է ելքը։ Ելքը նոր, բավականին հիմնավոր, ուղեղային կենտրոնների և լավ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության նոր հայեցակարգի մշակումն է և համառորեն կենսագործումը։
Նոր հայեցակարգը պիտի հիմնվի հետևյալ բանաձևի վրա՝ Հայաստանի գոյության գրավականը համակեցության կանոնների փնտրտուքն ու դրանք գտնելն է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մեջտեղում։ Եթե մենք կարողացանք այդ համակեցության կանոնները գտնել և այս հնգյակից ոչ մեկը մեզ չդիտարկի ագրեսոր, թշնամի, պարզապես Հայաստանը դուրս գա հակամարտությունների բախման կիզակետից և կարողանա շատ դանդաղ, հաստատուն, ոչ կտրուկ քայլերով իր կարգավիճակը փոխել՝ հասնելով այնպիսի իրավիճակի, որն է Հայաստանի «շվեյցարացումը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան