Կոռումպացված քրեաօլիգարխիկ մնացուկների գրանցումն անվավեր պիտի ճանաչվի․ ՔՊ-ն պետք է ՍԴ դիմի․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.06.2021 | 22:34Factor TV–ն զրուցել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ
-Պարո՛ն Խուրշուդյան, հայտնի են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի՝ ՔՊ-ն ստացել է 53.92%, «Հայաստան» դաշինքը՝ 21.04%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23%։ Ինչի՞ մասին են փաստում այս տվյալները, արդյո՞ք այս թվերը լիարժեք արտացոլում են հանրային տրամադրությունները։
-Արտահայտում են, բայց ոչ լիարժեքորեն։ Ակնհայտ է, որ այս ընտրություններում մեծ դեր է խաղացել ընտրակեղծիքը, ընդ որում՝ ընտրակեղծիքը, որը կազմակերպված է եղել, ըստ ահազանգերի՝ «Հայաստան» դաշինքի կողմից, «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, մասամբ և հատվածական՝ ԲՀԿ-ի նաև։ Դա այն է, ինչ պաշտոնապես հրապարակվել է, բայց մենք տեսնում ենք ուժեր հասարակությունում՝ բոլորս ունենք ծանոթներ, հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք, որոնք պատմում են իրավիճակի մասին։ Ես՝ որպես ընտրական գործընթացների վաղուցվա մասնակից, գիտեմ այդ տեխնոլոգիաները, և հատկապես՝ առավոտ շուտ կաշառված մարդկանց կամ ուղղորդված ընտրողների բերելու հանգամանքը, որը պայմանավորված է նրանով, որ շատերը հապաղում են գալ ընտրությունների, և իրենց հետևից պետք է գնան այդ «տասովչիկ» կոչվածները։
-Իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» այս ընտրություններում օրենք չի՞ խախտել՝ ընտրակաշառքի և այլնի տեսքով։
-Եղե՞լ են այդպիսի դեպքեր։
-Այդպիսի տեղեկատվության կամ փաստերի ես չեմ հանդիպել։ Դուք գիտե՞ք չարաշահումների դեպքեր իշխող ուժի կողմից։
-Ես ինչքան գիտեմ՝ նման ահազանգ չի եղել, մի քանի կեղծ ահազանգ եղավ դիմացի ճամբարից, բայց որևէ փաստ չներկայացվեց։
-Այդ պարագայում ինչո՞ւ է «Հայաստան» դաշինքը դիմում Սահմանադրական դատարան։ ՔՊ-ին վերագրում են ընտրության օրվանից շատ ավելի վաղ սկսված խախտումներ, իբր՝ պլանավորված ձևով կեղծվել են արդյունքները, անջատվել է էլեկտրաէներգիան, և նույնիսկ ընտրակաշառք է բաժանվել։ Դուք ի՞նչ տվյալներ ունեք, սրանք կե՞ղծ, թե՞ իրականությանը մոտ պնդումներ են։
-Սամվել Կարապետյանը ՔՊ-ից չի, ավելի շուտ՝ ռուսական ազդեցության տակ է, նույն պատվիրատուն ունի, ինչ Ռոբերտ Քոչարյանը։ Ճիշտ է, որ նման միջոցառումները կարող են կապ ունենալ ընտրությունների վրա ազդելու հետ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երկու-երեք շաբաթ առաջ ամեն օր լույսերի անջատում էր տեղի ունենում, և ակնհայտորեն սաբոտաժի հոտ էր գալիս այդ ամենից։ Բնակչության մեջ ուզում էին ստեղծել 90-ականների տպավորությունը, երբ որ լույս ու կապ չկար։
-Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հավաքած քվեների թիվն ինչի՞ մասին է փաստում․ հիշեցնեմ՝ շուրջ 21 տոկոս ձայն է հավաքել «Հայաստան» դաշինքը։
-Անցած ընտրությունների համեմատ՝ 120․000-ով ավելի շատ ընտրող է եղել առաջին երեք ժամվա ընթացքում։ Այսինքն՝ ընդհանուր ընտրողների թիվը նույնն է, բայց առաջին երեք ժամվա ընթացքում 120․000-ով ավելի շատ մարդ է մասնակցել ընտրությանը, քան նախորդին՝ 2018-ին, երբ չկար ընտրակաշառք, «տասովչիկները» անգործ էին մնացել, որոնք տարիներ շարունակ մասնագիտացված էին կեղծարարության գործում և լավ փող էին աշխատում։ Իրենք հիմա էլի գործի անցան, և հստակ է, որ առաջին ժամերին իրենք պետք է շտապ բերեին քվեարկելու պարտավորված մարդկանց, որպեսզի տեսնեն՝ ով չի եկել, նրանց հետևից գնան հետո։ Պատահական չի, որ առավոտյան 8-ից սկսած հերթերի կուտակումներ են եղել։
Նոնսենս է, պատկերացնո՞ւմ եք՝ նորմալ մարդիկ, կիրակի առավոտյան եթե գործ չունեն, չեն գնա քվեարկելու։ Ակնհայտ է, որ բերված են այս մարդիկ նույն «տասովչիկների» կողմից, իսկ 120․000-ը լուրջ թիվ է, մինչև 150․000-ի կարող է հասնել՝ ավելի ուշ գնացածների թիվը ևս հաշվի առնելով։ Այսինքն՝ մոտավորապես 10 տոկոսի կարգի ձայներ կարող են լինել այդ երեք ուժերի միջև, իսկ հիմնականում՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի միջև։ Այսինքն՝ նրանց գումարային տոկոսը եթե 25 տոկոս է, պետք է առնվազն լիներ 15 տոկոս։ Դա նշանակում է, որ ընտրության արդյունքների վրա էական ազդել է այս երևույթը, և մյուս ուժերին ձայն կավելանար։ Ու հոխորտում են՝ ո՞նց եղավ, որ մեր միտինգին 31․000 մարդ մասնակցեց, Փաշինյանի միտինգին՝ 20․000 մարդ, բայց մենք հավաքեցինք 20 տոկոս, իսկ ՔՊ-ն՝ 50 տոկոսից ավելի։ Այդպես եղավ, որովհետև կեղծ հանրահավաք եք անում, զոռով մարդկանց բերում-լցնում եք, լրագրողը մոտենում է, մարդիկ չեն ուզում նույնիսկ պատասխանել հարցին, տեսախցիկների առաջ երևալուց խուսափում են, որովհետ իրենք չեն ուզել այդտեղ գալ՝ վարչական ռեսուրս է կիրառվել, հրահանգով բերել են։
Ի դեպ, շատ տարօրինակ է, չէ՞, Հայաստանում այսօր ավելի շատ վարչական ռեսուրս կիրառում են ընդդիմադիր ուժերը, ովքեր նախկին իշխանություններն են։ Ամենասարսափելին դա է, որ Արցախն էլ ներքաշեցին այս կեղտոտ կեղծարարության մեջ, երբ ավտոբուսներով մարդկանց բերեցին իրենց հանրահավաքին մասնակցելու։ Նրանք սեպ են խրում Հայաստանի և Արցախի մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան