ՌԴ-ն մեզ վաճառքի է դրել՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմն անցնելով, իսկ Փաշինյանը մեզ փուռը տվեց․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.04.2021 | 19:32Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ
-Պարո՛ն Ղուկասյան, ակտիվացել են Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին քննարկումները։ Ռուսական մամուլը գրում է Ադրբեջանի՝ ԵՏՄ դիտորդ դառնալու հնարավորության մասին։ Ավելի վաղ՝ RBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ԵՏՄ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Եվ որ Հայաստանն է ընդդիմանում՝ բերելով գերիներին չվերադարձնելու փաստը։ Մո՞տ է այն օրը, երբ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին։
-Կանխատեսելի էր նման զարգացումը և առհասարակ՝ ՌԴ-ի տեսակետից տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար Եվրասիական միության շրջանակում Ադրբեջանին ընդգրկելը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ։ Դա, հավանաբար, Ռուսաստանի առաջարկած կարգավորման առաաջարկի բաղադրիչներից մեկն է։
-Ապրիլյան պատերազմից հետո վերլուծություններ են եղել, որ այն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր։ Այդպիսի հայտարարություն արել էր նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Կարո՞ղ ենք դատողություն անել, որ 44-օրյա պատերազմը ևս Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու ծրագրի մաս էր։
–Իհարկե, 44-օրյա պատերազմը, քաղաքական իմաստով, պետք է կարգավորեր այն հարցերը, հասներ այն նպատակներին, որոնց չհաջողվեց հասնել Ապրիլյան պատերազմով։ Յուրաքանչյուր պատերազմ առաջին հերթին ունի քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է ուժային միջոցներով։
-Եթե ընդունում ենք, որ Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու նպատակ ուներ այս պատերազմը, նշանակում է՝ նախապես մշակված սցենա՞ր է գոյություն ունեցել, որտեղ Հայաստանը ոչինչ չի կարողացել առաջարկել՝ վճարել, և դարձել ենք այդ հանգամանքների զոհը, թե՞ դա դավադրությունների տեսությունների ոլորտից է։
-Հայաստանն այդ դասավորության մեջ եղել է այն օբյեկտը, որը բաժանվում էր՝ սա քեզ, սա քեզ, սա էլ քեզ։ Հայաստանն այդ դերում էր հայտնվել դեռևս 2016 թվականին, դրանից առաջ․ ԵՏՄ մտնելուց ի վեր Հայաստանը հայտնվել էր այ էդ դերում։ Եվ ավելին կասեմ՝ 2013 թվականի ընտրություններում Սերժ Սարգսյանի որոշումը՝ յուրացնել իշխանությունը, ընտրակաշառքով ընտրվել, բերեց այ էս վիճակին, որովհետև 2013 թվականի ընտրություններում հստակ քննություն էր Հայաստանի համար։ Մենք մեկուսացվեցինք, մենք զրկվեցինք միջազգային հանրության աջակցությունից, գնացինք էդ ճանապարհով, մեզ ՌԴ-ն դրեց սեղանին՝ որպես բաժանման առարկա, և մեր շահերը կիսեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ ոնց որ իրեն հարմար էր։ Սա է վերջին հինգ տարվա մեր պատմությունը։
-Բայց Հայաստանը չէ՞ր կարող վճարել ինչ-որ կերպ, որպեսզի այս ամենը տեղի չունենար, կանխել սցենարի իրագործումը։
-Ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ, որովհետև իշխանամոլություն է առկա ճգնաժամ ապրող երկրում․ այդպես էր ապրում Սերժ Սարգսյանը, այդպես Նիկոլ Փաշինյանը ընդունելով իշխանությունը՝ վիճակը չփոխեց։ Նիկոլ Փաշինյանն ամբիոններից խոսում է, որ կանխատեսված էր․ 2018 թվականին եկար այդ պաշտոնին, դու կես բառ մեզ ասե՞լ ես, որ կանխատեսված է, և այլն։ Բա ինչո՞ւ չես ասել։ Դու հիմա ես դա ասում, երբ այդ ամենը տեղի ունեցավ, պատասխանատվությունը բաժանում ես՝ սա գեներալներն են, դիվանագետներին էլ կբաժանես պատասխանատվությունը, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Մարդն իրեն պատասխանատու չի համարում։ Եթե համարեր, չէր գնա ընտրությունների։ Եթե գնում ես ընտրությունների, ուրեմն՝ պատասխանատվության մասին խոսքերն ավելորդ են։ Իր թեզը հետևյալն է՝ ամեն ինչ վաճառված էր մինչև իր գալը։ Ինքը երեք տարի սուս էր մնում, չէր ասում, որ հայ ժողովուրդ, ամեն ինչ վաճառված է, պարզվել է, որ կանխորոշված են մեր հարցերը։
-Փաշինյանը պնդեց, թե Հայաստանն արդեն անցել էր բոլոր կարմիր գծերը։
-Ինքը գնում էր Արցախ և ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», ինքը փորձում էր մեզ տոգորել և համոզել, որ ամեն ինչ «օկ» է։ Եթե ինքն այդ պահին անկեղծ էր, ո՞նց է ասում՝ 2018 թվականին, երբ որ եկավ, տեսավ, որ ամեն ինչ վաճառված է։ Ո՞ր մեկին հավատանք։ Նույն մարդը երկու տարբեր ուղերձներ է հղում հասարակությանը։ Ինքը լիովին այլ քաղաքականությունն էր տանում։ Դուք հիմա հիշեք, թե ինչու Արսեն Խառատյանը դուրս եկավ վարչապետի խորհրդականի պաշտոնից․ բոլորին խենթ թվաց այդ առաջարկը, երբ որ Արսեն Խառատյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին հարկավոր է նշանակել բանագնաց Արցախի հարցով։ Ինչո՞ւ դա ասաց էս մարդը․ որովհետև ծանոթանալով իրերի դրությանը, հասկացավ, որ կա՛մ պետք է հանրությանը ասել ճշմարտությունը՝ «Հայաստանը վաճառված է արդեն, ամեն ինչը հանձնված է», կա՛մ պետք էր գնալ և Արցախում ամպագոռգոռ հայտարարություն անել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նիկոլ Փաշինյանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ասեր, որ ունենք խնդիր։
Այդ դեպքում մենք ստիպված կլինեինք համախմբվել դեռևս 2018 թվականին, մեր առջև ծառացած խնդիրների շուրջ և այդ դեպքում այլ զարգացում կլիներ։ Հիմա մենք պոստ ֆակտում խոսում ենք այն մասին, որ ՌԴ-ն անցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմ՝ մեզ դրել է վաճառքի, այն ժամանակ մենք 10 միլիոն ժողովրդով ամբողջ աշխարհում, ողջ ռեսուրսներով կառնեինք դրա դեմը։ Այստեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանի մեծագույն պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև։ Ինքը մեզ հնարավորություն չտվեց այն մոբիլիզացիան իրականացնել, որը մեզ հնարավորություն կտար հակադրվել այս քաղաքականությանը։ Ինքը դրեց և մեզ փուռը տվեց՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ։ Այ սա սրիկայություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան