Իրանի հետ առևտուրը կարող է ռիսկեր ստեղծել ՀՀ գործարարների համար. տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
09.03.2021 | 19:02Հարևան Իրանը կարող է դառնալ ԵՏՄ անդամ՝ այնպես, ինչպես Հայաստանը։ Սա տնտեսական վերադասավորումներ կառաջացնի տարածաշրջանում, և այս վերադասավորումների, Հայաստանի դրական և բացասական սպասելիքների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի հետ։
-Պարո՛ն Ֆանյան, Իրանի ամենաբարձր պաշտոնյաներն արդեն ասում են, որ ԵՏՄ մտնելու ցանկություն ունեն։ Եվ ոչ միայն ցանկություն ունեն, այլև աշխատում են դրա ուղղությամբ։ Հիմա, երբ Իրանը կարգավիճակ ստանա, ի՞նչ կփոխվի։
-Պետք է նշել, որ Իրանի տնտեսությունը մեր արտահանողների համար առաջին հայացքից թվում է, թե բավականին գրավիչ է՝ տարածքային առումով։ Բացի այդ, հաշվի առնելով, որ Իրանը բավականին լուրջ տնտեսական սանկցիաների տակ է, թվում է՝ հայ գործարարները կարող են արտահանում կազմակերպել դեպի Իրան։ Սակայն, բացի տարիֆային արգելքներից, որ գոյություն ունեն, և փորձում են այդ համաձայնագրով՝ ԵՏՄ-ին անդամակցելով հանել, գոյություն ունեն նաև բավական լուրջ ոչ տարիֆային սահմանափակումներ։
Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Իրանի տնտեսության կառուցվածքին, որտեղ մոնոպոլացված բավականին լուրջ ոլորտներ կան։ Եվ ուղղակի, երբ մեր տնտեսվարողները փորձում են մուտք գործել տվյալ շուկաներ, բախվում են այնպիսի իրավիճակի, որ ուղղակի անհնար է։ Անկախ նրանից՝ էժան գին կառաջարկեն, թե բարձր որակ, կան ոչ շուկայական համաձայնություններ, և Իրանի տնտեսությունը գործում է այդպես։
-ԵՏՄ-ն Ռուսաստանի կենտրոնական առանցքի շուրջ է միավորվում։ Միություն մտնելու դեպքում Իրանը դառնում է հնարավոր երկրորդ առանցք։ Իրանի դերը այստեղ ինչպիսի՞ն է լինելու։
-Կարծում եմ՝ Ռուսաստանն իր դիրքերը պահելու է, և Իրանը ավելի շատ հյուրի կարգավիճակով է լինելու, քան որպես երկրորդ առանցք, երկրորդ բևեռ կազմակերպության շրջանակում։ Միայն Իրանի մուտք գործելով, կարծում եմ, շատ բան չի փոխվի։
Կարծում եմ՝ ինչպես մեր դեպքում, Իրանի դեպքում նույնպես սա քաղաքական որոշակի մեսիջ է աշխարհի այլ երկրներին՝ Իրանի հնարավոր աշխարհաքաղաքական ընտրությունների մասին։ Սա, կարծում եմ, Իրանի համար որոշակիորեն նպաստավոր է։ Եթե ինքը գտնվում է տնտեսական պատժամիջոցների տակ, բնականաբար, թեկուզ 4-5 երկրի՝ 180 միլիոնանոց շուկայի նկատմամբ ինքն ունենում է ազատ առևտրի հնարավորություններ, դա գրավիչ է։ Բայց կարծում եմ՝ այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական ակցենտներ կան, քան տնտեսական։
-Հայաստանի արտադրողները, սպառողները ի՞նչ մտահոգություններ կարող են ունենալ՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ առևտուրը խնդրահարույց է հենց պատժամիջոցների պատճառով։
-Առևտրի այն ծավալը, որ կարող է տեղի ունենալ, որոշակի ռիսկեր կարող է առաջացնել հետագայում՝ և՛ սեփականատերերի համար, և՛ տնօրենների, ովքեր ղեկավարում են դե ֆակտո բիզնեսը։ Սկսած նրանից, որ որպես ֆիզիկական անձ՝ նրանց համար կարող են խնդիրներ առաջանալ, վերջացրած նրանով, երբ իրենց բիզնեսը փորձի մուտք գործել ամերիկյան շուկա։ Բայց, մյուս կողմից, մենք պետք է նաև հաշվի առնենք, որ այնպես չէ, որ մենք ամերիկյան շուկաների նկատմամբ բաց հասանելիություն ունենք և մեծ քանակով արտահանում ենք իրականացնում։
Այդուհանդերձ, այսպիսի որոշակի խոչընդոտներ կան, որոնք հեռու են պահելու մեր բիզնեսներին կամ մեր ձեռներեցները փորձելու են ավելի բարդացած մեխանիզմներ կիրառել, որ այդ բիզնեսներում որպես վերջնական շահառու իրենք չերևան։ Օրինակ՝ հնարավոր է բիզնեսը տրոհել երկու մասի, որ մի մասը զուտ Իրանի հետ աշխատի, մյուս մասը՝ այլ երկրների հետ։ Մեր բիզնեսմենները բավականին ստեղծագործ են այդ առումով։ Ես չեմ կասկածում, որ նրանք, եթե լինեն բիզնես հետաքրքրություններ, կգտնեն ուղիներ՝ տնտեսական հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Գարիկ Հարությունյան