ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեկնաբանությունները որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
11.02.2021 | 18:48ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության առնչությամբ
Այսօր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցվել են մտահոգություններ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:
Նախևառաջ կուզենայինք շեշտել, որ բարձր ենք գնահատում Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը մշտապես միտված է եղել համահայկական օրակարգի առաջմղմանը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտահոգությունները հիմնված են նախարար Այվազյանի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված խոսքերի մեկնաբանությունների վրա։ Այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։
Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:
Հարկ է նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։
ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով։
Այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական:
Այս առումով կցանկանայինք նաև մեջբերել ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:
Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը.
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ
2021 թվականի փետրվարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է հայտարարություններ, որոնք Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։
Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։
Խիստ խնդրահարույց այս հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետևյալ հաստատումները.
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։
2) Հայաստանի կառավարությունը փաստորեն հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։ Մասնավորապես հիմնավոր կասկած է ձևավորվում առ այն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։
Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարարություններին։
Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ սկզբունքային հակադրությունների պայմաններում ՀՅ Դաշնակցության Հայ դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության դիրքերից, այլև շարունակում է սերտ փոխգործակցությունը տարբեր պետություններում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպություններում գործող ՀՀ ներկայացուցչությունների հետ։
Նախարարի երեկվա հայտարարությունը, սակայն, սպառնում է գաղափարական լրջագույն հակասություն ստեղծել տասնյակ երկրներում և բազմաթիվ կազմակերպություններում հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտպանող Հայ դատի ցանցի և հայրենի պետության Արտաքին գործերի նախարարության միջև։
Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր մյուս նախապայմաններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և Հայաստան-Թուրքիա իրավական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից։ Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսևորվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և շարունակվում է Թուրքիայի իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում և այդ երկրից դուրս կիրառվող հակահայ քայլերով։ Մինչև Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականությունը, վերջինիս հետ ՀՀ-ի կողմից երկխոսության ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործվելու է իր վերոնշյալ նպատակների իրականացման համար։ Հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի համար այն կլինի շահարկման ընձեռված հնարավորություն։
Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանության հանցավոր անպատրաստությունը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողությունը այլևս վաղուց նորություն չեն։ Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդված ինստիտուտներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կցուցաբերի զգոնություն, չտրվելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը։ Հայաստանի, ներառյալ Արցախի, անվտանգության ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխությունն է, ինչը միայն կարող է սկսվել երկիրը պարտության առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության հեռացումով։ Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խոսել, ծրագրել և գործել այնպես, որպեսզի «մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»։