«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին

Լուրեր

18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը:

Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին:

Երրորդը. Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք:

Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝
• առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը,
• և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները:
Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել:

Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»:

Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», – նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին: