Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը  COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին

Լուրեր

04.05.2024 | 13:22
Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
04.05.2024 | 13:07
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
04.05.2024 | 12:56
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:23
Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը
04.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Բոլորը

Ստորև ներկայացնում ենք Բաց հասարակության հիմնադրամների Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատու, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին  փոխնախագահ Մայտե դը Ղյուի հեղինակած` «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին» վերտառությամբ հոդվածը և դրա հայերեն թարգմանությունը:

 

Հեղինակ` Մայտե դը Ղյու

Քանի որ բանտերը վատ կենցաղային պայմաններ ունեցող,  հաճախ գերբնակեցված վայրեր են, դրանք COVID-19 կարգի համավարակի ընթացքում վարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում: Մի շարք երկրներ միջոցներ են ձեռնարկել քրեակատարողական հիմնարկների վրա ճնշումը թուլացնելու ուղղությամբ` ազատելով ազատազրկված անձանց կամ սահմանափակելով ազատազրկման վայրեր նոր ընդունվողների թիվը: Անկասկած այս մոտեցումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով աշխարհի բազմաթիվ բանտերի գերբնակեցվածության խնդիրը: Սակայն, սա միակ միջոցը չէ, որը պետությունները պետք է նախաձեռնեն առողջապահական ճգնաժամին արձագանքելու համար, քանի որ բազմաթիվ անձինք շարունակելու են մնալ բանտերում: Պետությունները նաև կրում են պարտավորություն ապահովելու ազատազրկված անձանց առողջության և կյանքի պաշտպանությունը:

Մասնավորապես ի՞նչ է ենթադրում նման պարտավորությունը համավարակի պայմաններում: Եվրոպայի խորհրդի, մասնավորապես` Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ինչպես նաև ՄԱԿ-ի մշակած նորմերն ու չափանիշները կարող են օգնել պատասխանել այս հարցին և սահմանել հիմնական պարտականությունները, որոնք սահմանում են COVID-19-ից ազատազրկված անձանց պաշտպանելու պետության պարտավորությունները:

Ընդհանուր սկզբունքներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս նշել է, որ արգելանքի տակ գտնվող անձինք առանձնակի խոցելի վիճակում են և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն իշխանությունները պարտավոր են կազմակերպել նրանց բուժումը (Կաց և այլոք ընդդեմ Ուկրաինայի վճիռ): Պետությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրենց իրավազորության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու ուղղությամբ (Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի վճիռ):

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարօրրությունը և, ի թիվս այլ բաների, ապահովել նրանց անհրաժեշտ բուժօգնությունը (Կուդլան ընդդեմ Լեհաստանի): Ազատազրկվածներին բուժօգնություն պետք է տրամադրվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են ազատության մեջ գտնվող հիվանդների բուժման պայմաններին և միաժամանակ հաշվի են առնում ազատազրկվածների հատուկ կարգավիճակը (բուժսպասարկման հավասարության սկզբունքը Մանդելայի կանոնների 24.1 կանոնում, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից): Ի վերջո, ՄԻԵԴ-ը նշել է, որ վարակիչ հիվանդությունների տարածումը բանտային միջավայրում հանրային առողջապահության հիմնախնդիր է (Կատալին Յուջին Միկու ընդդեմ Ռումինիայի):

Կանխարգելիչ բուժօգնություն

Բանտերում պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ: Իրականում, չափազանց կարևոր է հասկանալ, որ բուժսպասարկումը բանտերում չի սահմանափակվում հիվանդություն ունեցող ազատազարկվածների բուժումով: «Բանտարկյալների ֆիզիկական և հոգեկան առողջությունը գնահատելու, խթանելու, պաշտպանելու և բարելավելու» միջոցով բուժծառայության խմբերն ունեն կանխարգելիչ և ակտիվ դերակատարում (Մանդելայի կանոնների 25-րդ կանոն): Բացի այդ, բուժանձնակազմը պարտավոր է վերահսկել սանիտարահիգիենիկ պայմանները բանտերում (այդ թվում, օրինակ՝ հագուստի և անկողնային պարագաների մաքրությունը, հիգիենայի պարագաների և հոսող ջրի հասանելիությունը, սանիտարական տեխնիկայի առկայությունը):

COVID-19-ի հետևանքով առաջացած վտանգները հասցեագրելու նպատակով պետությունները պարտավոր են ձեռնարկել միջոցներ, որոնք, բացի հիվանդ ազատազրկվածներին և աշխատակիցներին հայտնաբերելուց և վարակվածներին բուժում ապահովելուց, կնպաստեն վարակի տարածման սահմանափակմանը:

Ի հավելումն, բանտային բուժօգնության ծառայությունը պարտավոր է ազատազրկվածներին և աշխատակիցներին տրամադրել իրազեկող տեղեկություններ վարակիչ հիվանդությունների մասին, որը կընդգրկի պաշտպանական միջոցների, ախտանիշերի և բուժման թեմաները: Աշխատակազմը պետք է անցնի ձեռնարկելիք կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հատուկ վերապատրաստում: Թեև կանոնները հիմնականում մշակվել են տուբերկուլյոզի, հեպատիտի և ՄԻԱՎ-ի համատեքստում` դրանք կիրառելի են նաև COVID-19-ի պարագայում:

Վարակի տարածումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում մարդկանց ցուցված է կանոնավոր օճառով լվանալ ձեռքերը կամ օգտագործել ձեռքերն ախտահանելու նյութեր: Տարածումը տեղի է ունենում, երբ վիրուս պարունակող լորձը կամ կաթիլները` աչքերով, քթով կամ կոկորդով ներթափանցում են մարմին, և հաճախ դա տեղի է ունենում ձեռքերի միջոցով: Բանտարկյալները նույնպես պետք է ունենան ձեռքերը կանոնավոր լվանալու հնարավորություն, իսկ պետությունը պարտավոր է անձնական մաքրությունը պահպանելու համար բավարար քանակությամբ հիգիենայի պարագաներ, օրինակ` օճառ, և մշտական հոսող ջուր, ապահովել բոլոր ազատազրկվածներին (Մանդելայի կանոնների 18.1 կանոն): Հետևանքների տեսանկյունից սա իշխանությունների անհապաղ ձեռնարկելիք միջոցառումներից մեկն է, քանի որ բոլոր ազատազրկվածների համար օճառի և ջրի հասանելիության ապահովումը չափազանց կարևոր է բանտերում COVID-19-ի լայն տարածումը կանխելու համար:

COVID-19-ով ախտահարումը կանխելու տեսանկյունից կարևոր կանխարգելիչ միջոց է նաև խցերը մաքուր պահելը, քանի որ վիրուսը կարող է տարբեր մակերեսների վրա գոյատևել մի քանի ժամ: Բանտարկյալները պետք է կարողանան պատշաճ մաքրություն ապահովել իրենց խցերում, իսկ պետությունը, հետևաբար, պարտավոր է բանտարկյալներին ապահովել մաքրման բավարար նյութերով: Բացի այդ, կանոնավոր պարբերականությամբ պետք է լվացվեն ծածկոցները և սավանները:

Կանխարգելիչ բժշկությունը, բնականաբար, հատուկ կարևորություն ունի, երբ խոսքը վերաբերում է վարակիչ հիվանդություններին, ինչպիսին է COVID-19-ը: Բացի սանիտարա-հիգիենիկ միջոցառումների, բանտերում պետք է ակտիվորեն մշակել հատուկ բժշկական մոտեցում: Այսօր առկա է ընդհանուր ընկալում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում թեստավորումը կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պատշաճ հայտնաբերել և բուժել հիվանդներին, ինչպես նաև կանխել հետագա տարածումը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վարակվածների մեկ երրորդը չունի ախտանիշեր (ասիմպտոմատիկ է): Համաձայն WHO-ի. «համայնքում COVID-19-ը վերահսկելու ջանքերը, ամենայն հավանականությամբ, ձախողելու են, եթե բանտերում և ազատազրկման այլ վայրերում չիրականացվեն վարակի կանխարգելման և վերահսկման, պատշաճ թեստավորման, բուժման և խնամքի խիստ միջոցառումներ»: ԽԿԿ-ը բազմիցս շեշտել է նոր ընդունվող բանտարկյալների բժշկական սքրինինգի կարևորությունը, «մասնավորապես` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով»: Նմանօրինակ սքրինինգը կարող է ընդգրկել վարակիչ հիվանդությունների թեստավորումը: Քննության արժանի է թեստավորման պարտադիր լինելու հարցը: Թեև ցանկացած բուժումից առաջ ազատազրկված անձի համաձայնություն ստանալը պարտադիր է, սակայն ԽԿԿ-ն և ԱՀԿ-ն խրախուսել են նոր ընդունվող ազատազրկվածներից վերցնել տուբերկուլյոզի թեստեր: Հաշվի առնելով դրա փոփոխական բնույթը և ախտանիշերի հնարավոր բացակայությունը` նույն կանոնը պետք է կիրառվի COVID-19-ի դեպքում: Կրկին զուգահեռներ անցկացնելով տուբերկուլյոզի հետ, ազատազրկվածների մեծ մասին պետք է հասանելի լինի կանոնավոր թեստավորման հնարավորությունը, իսկ եթե ազատազրկվածի կամ աշխատակցի թեստի արդյունքը դրական է, ապա թեստավորման հնարավորություն առաջարկվի այն ազատազրկվածներին և աշխատակիցներին, ում հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում շփումներ են ունեցել վարակված ազատազրկվածները:

Հանրային վայրերում դիմակ կրելը, հատկապես, եթե հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, այսօր հանդիսանում է համատարած ընդունված միջոց, որի նպատակն է սահմանափակել COVID-19-ի լայն տարածման վտանգները: Ազատազրկված անձանց և աշխատակիցներին պետք է հասանելի լինեն դիմակներ, որոնք նրանք պետք է կրեն այլ անձնանց հետ շփվելիս: Սա բուժսպասարկման հավասարության սկզբունքի կոնկրետ կիրառում է, որը հաշվի է առնում նաև շփումների սերտությունը, որը բնորոշ է բանտային կյանքին:

Բուժման հասանելիություն

Կենսական նշանակություն ունի դեղորայքի և բուժման հասանելիությունը, իսկ ազատազրկված անձանց պետք է հասանելի լինի նույն բուժումը, ինչ հասարակության մյուս անդամներին: Բանտի վարչակազմը պետք է նաև ապահովի որակավորված անձնակազմի կողմից բուժման պատշաճ իրականացումն ու վերահսկողությունը (Բամուհամմադն ընդդեմ Բելգիայի): Եթե ազատազրկվածների առողջական վիճակը պահանջում է տեղափոխել նրանց հիվանդանոց, ապա պետք է նրանց փոխադրումը կազմակերպվի արագ և առողջական վիճակից բխող եղանակով (Ռաֆֆրայ Թադդեին ընդդեմ Ֆրանսիայի):

Այն ազատազրկվածներին, ովքեր չունեն դեղորայքի համար վճարելու ֆինանսական միջոցներ, այն պետք է տրամադրվի անվճար: Այս կանոնը պետք է կիրառվի նաև դիմակներով ապահովելուն, քանի որ դրանք կանխարգելիչ բուժօգնության մաս են:

Սոցիալական հեռավորություն

«Սոցիալական հեռավորության» կազմակերպումը բանտերում շատ զգայուն հարց է: Պետք է անդրադառնալ երեք խնդիրների` բանտարկյալների համար բնակելի տարածք, աշխատակազմի հետ շփումներ, կարանտինի և մենախցային մեկուսացման միջոցների կիրառում:

Աշխարհում բանտերի մեծ մասում բանտարկյալների համար բավարար կենսական տարածքի ապահովումը կառուցվածքային հիմնախնդիր է, քանի որ գերբնակեցումը բնորոշ է այդ բանտերից շատերին: ԽԿԿ-ն մշակել է դրան առնչվող նվազագույն չափանիշներ, որոնք ավելի են կարևորվում ընթացիկ ճգնաժամի պայմաններում. երկու և ավելի բանտարկյալներով բնակեցված խցերը պետք է 4 մ² բնակելի տարածք ապահովեն յուրաքանչյուր բանտարկյալին և սանհանգույցի հատվածը չի ներառվում այս հաշվարկում: Բազմաբնակիչ խցերի համար ԽԿԿ-ն նույնիսկ սկսել է խրախուսել «ցանկալի» ավելի բարձր ստանդարտներ  (երկու բանտարկյալների համար 10մ², երեքի համար` 14մ², չորսի համար` 18մ²), քանի որ համարում է, որ 4մ² դեռևս կարող է հանգեցնել նեղվածքի: Սակայն պարզ չէ, արդյո՞ք այս ստանդարտները բավարարում են COVID-19-ի համատեքստում սոցիալական հեռավության ապահովման պահանջներին: Բացի այդ, ԽԿԿ-ն բազմիցս քննադատել է ընդհանուր մեծ ննջարանային տարածքներով խցերի օգտագործումը, քանի որ դրանք անխուսափելիորեն ոչ միայն հանգեցնում են առանձնության բացակայության և ավելացնում ահաբեկման և բռնության վտանգները, այլև կարող են դառնալ բանտում COVID-19 վարակի բռնկման օջախներ: COVID-19- փոխանցումը զսպելու նպատակով բոլոր ազատազրկվածների համար պետք է իրականացվեն գերբեռնվածությունը նվազեցնելու և բնակության պայմանները բարելավելու միջոցառումներ, ինչպես արվել է տուբերկուլյոզի դեպքում:

 

Եթե պայմանները թույլ են տալիս, որոշ երկրներ` որպես սոցիալական հեռավորություն ապահովելու միջոց, կիրառել են փաստացի մենախցային մեկուսացում, երբ ազատազրկվածները գրեթե շուրջօրյա փակված են իրենց խցերում կամ կարանտինի մեջ են: Մենախցային մեկուսացման վնասակար ազդեցությունը հոգեկան, ֆիզիկական և սոցիալական առողջության վրա մանրամասն նկարագրել են ԽԿԿ-ն և ՄԱԿ-ի մարմինները: Բնականաբար կարող է առաջանալ վարակված կամ վարակված լինելու կասկած հարուցող ազատազրկվածի կարանտինի կամ մեկուսացման անհրաժեշտություն: Սակայն մեկուսացումը չպետք է լինի ավելի երկարատև, քան անհրաժեշտ է բժշկական ցուցումներից ելնելով, իսկ բանտարկյալի համար պետք է ապահովել ամենօրյա իմաստալից մարդկային շփումներ: Հաշվի առնելով բանտարկյալների բարեկեցության համար առաջացող վտանգները, պետք է արգելել դե ֆակտո մեկուսացման որևէ այլ ձև: Այլ խոսքով, անգամ եթե համավարակի ընթացքում պետք է ժամանակավորապես կասեցնել կենսական նշանակություն չունեցող գործունեությունը, բանտարկյալներին պետք է ամեն օր ապահովել առնվազ մեկ ժամյա զբոսանք, մարդկանց հետ շփումներ, իսկ ընտանիքի տեսակցությունների կասեցումը պետք է պատշաճ կերպով փոխարինվի հաղորդակցության այլ միջոցների ավելի մեծ հասանելիության միջոցով:

Վերջապես, բարդ հարց է փոխգործակցությունը ազատազրկվածների և աշխատակազմի ներկայացուցիչների միջև: Դրական փոխհարաբերությունները քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց միջև կարևոր են առօրյա կյանքում և դրանք նպաստում են բանտի ներսում հսկողության և անվտանգության բարելավմանը: Համավարակի պայմաններում անձնակազմի և ազատազրկվածների միջև պետք է հնարավորինս պահպանել ֆիզիկական հեռավորություն: Սա առանձնակի կարևոր է մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկության ընթացքում, որը ենթադրում է սերտ շփում ազատազրկվածի և աշխատակիցների միջև: Չափազանց կարևոր է, որ մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկությունները կատարվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և անհատական ռիսկերի գնահատումից հետո՝ հաշվի առնելով դրանց ագրեսիվ և հնարավոր նվաստացնող բնույթը: COVID-19-ի առաջացրած վարակման վտանգները պետք է ստիպեն իշխանություններին կիրառել այս վաղեմի ստանդարտները: Եթե անհրաժեշտ է իրականացնել մերկացմամբ ուղեկցվող անձնական խուզարկություն, ապա անխոս պետք է կիրառվեն կանխագելիչ բոլոր միջոցները. նախապես պետք է լվանալ ձեռքերը և բոլորը պետք է կրեն դիմակ:

Թափանցիկության նոր ձևերի անհրաժեշտություն

Բազմաթիվ երկրներում իշխանությունների կիրառած մեկուսացման կանոնները և սահմանների փակումը թույլ չեն տալիս մշտադիտարկման մարմիններին` Կանխարգելման ազգային մեխանիզմներին (ԿԱՄ-եր), Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին (ԽԿԿ) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (ԽԿԵ) իրականացնել իրենց պարտականությունները: Ստուգումներն ու մշտադիտարկման այցերն առանցքային դերակատարում ունեն ազատազրկման վայրերում խոշտանգումները և վատ վերաբերմունքը կանխարգելելու հարցում: Համաձայն ԽԿԿ-ի` անկախ համավարակից «պետությունները պետք է շարունակեն ապահովել մշտադիտարկման մարմինների մուտքն ազատազրկման բոլոր վայրեր, այդ թվում` մարդկանց կարանտինի մեջ պահելու վայրեր»: ԽԿԵ-ն նույնպես խրախուսել են ԿԱՄ-երին շարունակել իրենց տեսչական առաքելությունների իրականացումը: Սակայն, թե՛ ԽԿԿ-ն, թե՛ ԽԿԵ-ն կոչ են արել մշտադիտարկման մարմիններին ձեռնարկել կանխարգելիչ բոլոր միջոցները և պահպանել «մի՛ վնասիր» սկզբունքը:

Հաշվի առնելով գործնական դժվարությունները, որոնց հետ այցերի ընթացքում առնչվում են մշտադիտարկման մարմինները, պետությունները պետք է թափանցիկություն ապահովելու լրացուցիչ պարտականություն ստանձնեն անազատության մեջ գտնվողների, նրանց ընտանիքների և հասարակության առջև: Նման բախտորոշ ժամանակաշրջանում բանտերը չեն կարող լինել անթափանց աշխարհ: Թափանցիկության այս ընդլայնված պարտականության սահմանումը դուրս է այս փաստաթղթի շրջանակից: Սակայն, երբ այն կիրառվում է վարակման վտանգից ազատազրկվածների կյանքն ու առողջությունը պաշտպանելու պարտականությունից ելնելով, այն` որպես հետևանք, պարտավորեցնում է պետություններին կանոնավոր հաղորդել զանազան տվյալներ, օրինակ` հայնտնաբերված դեպքերի և մահվան դեպքերի քանակը, ներառյալ` աշխատակիցների կազմում: Պետությունները պետք է նաև մանրամասն տեղեկություններ տրամադրեն կանխարգելիչ բժշկության, բուժօգնության և բանտարկյալների ռեժիմի առումով ձեռնարկված միջոցառումների մասին: Նման թափանցիկությունը բխում է բոլորի շահերից` սկսած հենց իշխանություններից, որոնք դրանով ցույց կտան իրենց հոգատարությունը հասարակության խոցելի ներկայացուցիչների հանդեպ:

**********

Դատարանը նշել է, որ արդարադատությունը չի կարող կանգնեցվել բանտի դարպասներին (Քեմպբելը և Ֆելն ընդդեմ Միացյալ Թագավորության): COVID-19-ը կանգ չի առնում բանտի դարպասներին: Ազատազրկման վայրում գտնվող անձինք չունեն այլ տարբերակ, քան դնել հույսն իրենց առողջությունը պաշտպանելու համար իշխանությունների ձեռնարկած միջոցների վրա: Պետությունը չունի այլընտրանք, քանի որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները սահմանում են ազատազրկվածների հանդեպ պետության հստակ պարտականությունները: Պետությունը չի կարող չձեռնարկել պատշաճ գործողություններ: Առանց հապաղելու։

Մայտե դը Ղյուն Բաց հասարակության հիմնադրամների Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատուն է և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին 1-ին փոխնախագահը

 

Աղբյուրը՝  Strasbourg Observer