Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով
Քաղաքականություն
17.11.2019 | 18:33Մի քանի հազար մարդ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, հանրահավաքի է դուրս եկել՝ պահանջելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ համամասնական ընտրակարգով. փոխանցում է ТАСС -ը:
«Արդեն 16-րդ տարի է, ինչ մենք կանգնած ենք Ռուսթավելի պողոտայում և իշխանություններից և ոչ մեկը չի հասկացել, որ չի կարելի Վրաստանում ավտորիտար ռեժիմ հաստատել: Դա անհնար է: Այսօր մենք հավաքվել ենք, քանի որ վերջերս աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. իշխանությունը տապալել է համամասնական համակարգի անցնելու սահմանադրական բարեփոխումը: Մեզ դա խոստացել էին, սակայն 5 ամիս անց իշխանությունն ասաց, որ զղջացել է»,- հայտարարել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Անզոր Բիցաձեն:
Ռուսթավելի պողոտան շարունակում է փակ մնալ: Այնտեղ հինգշաբթի օրվանից վրաններ են տեղակայված, որտեղ մարդիկ գիշերում են, խարույկներ են վառում երկաթե տակառներում, նրանք անվճար սուրճ և թեյ են բաժանում: Հանրահավաքի անցկացման վայրում ուժեղացվել է անվտանգության հսկողությունը: