«Սերժ Սարգսյանի խոսելուց հետո ատելության խոսքի նոր ալիք է բարձրանալու, սև ու սպիտակի նոր բաժանում»․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.11.2019 | 19:30Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը
-ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման նոր առաջարկներով է հանդես եկել․․․
-Կներեք, եկեք հարցը կանխեմ, ՍԴ-ում չկա ճգնաժամ, անցնենք հաջորդ հարցին։
-Նա նկատի ունի, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, հետագայում նրա համար դժվար է լինելու ընտրական վեճ լուծելը։
-Ազգային ժողովն ընդունել է ՍԴ լեգիտիմությունը այն պահին, երբ դիմել է ՍԴ, որպեսզի նա որոշում կայացնի Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հետագա ճակատագրի հետ կապված։ Հետևաբար էս ամբողջ դիսկուրսը Վահե Գրիգորյանի կողմից սկսած և շարունակվող, ընդամենը աբսուրդ է, չեղած տեղից բաժակում փոթորիկ առաջացնել, որովհետև միշտ կարելի է հորինել խնդիր, ճգնաժամ, հետո փորձել այն քաջաբար հաղթահարել, ինչպես դա անում էր Դոն Կիխոտը հողմաղացների դեմ կռվելով։ Էս դեպքում ավելի տխուր պատմության հետ գործ ունենք, մարդը ուղղակի ուզում է դառնալ ՍԴ նախագահ, ինչն առաջին հերթին անընդունելի է, երկրորդ հերթին՝ նրա որևէ կերպ չմասնակցելը ՍԴ նիստերին պետք է առաջին հերթին որևէ արձագանքի արժանանա էն քաղաքական ուժի կողմից, որը նրան գործուղել է ՍԴ, որովհետև բացի ՍԴ-ն քայքայելուց նա այլ գործով զբաղված չէ։
-Ի դեպ, Վահե Գրիգորյանն անդրադարձել է նաև ԱԺ-ին, ասելով, որ ԱԺ-ն պետք է հանգուցալուծի այն խնդիրը, որ կա ՍԴ-ում։
-Միգուցե նաև նշե՞լ է ոնց։
-Նա ասել է, որ ԱԺ-ն կարող է դատավորներ ընտրել։
-Կրկին անդրադառնում ենք հին անհեթեթ եզրույթին, որ անդամը դատավոր չէ, դատավորն անդամ չէ, որը մեր խմբակցությունը որակել է անհեթեթություն:
-Պարոն Գրիգորյանն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի ներսում և դրա շուրջ ճգնաժամից դուրս գալու նախապայման է ՍԴ նախորդ ողջ ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականը։ Այդ գնահատականը Վահե Գրիգորյանը սպասում է խորհրդարանից։
-Մենք հիմա շատ վատ տեղ կմտնենք, եթե տվյալ անձնավորության հորդորներին հետևենք։ Դա նշանակում է, որ մենք Հայաստանի մինչհեղափոխական գոյությունը պետք է դնենք կասկածի տակ։ Եթե մենք դրա սահմանադրական ինստիտուտները սկսում ենք վիճարկել, թե ինչքանով են լեգիտիմ․․․ Դրանք եղել են և վերջ։ ՀՀ-ն որպես պետություն եղել է և վերջ։ Եթե մենք հիմա դրա բաղադրիչներն սկսում ենք քանդել և վիճարկել՝ դրանք եղել են, թե՝ չէ, մենք ՀՀ գոյությունն սկսում ենք վիճարկել։ Ես պնդում եմ, որ դա ոչ մի տեղ տանող դիսկուրս է։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ տվյալ անձնավորությունն արդեն ադեկվատության հետ խնդիր ունի։
-Պարոն Գրիգորյանն անդրադարձել է նաև իր աշխատավարձ ստանալուն և ասել, որ հրաժարվել է ծառայողական մեքենայից և այլ օրենքով հասանելի արտոնություններից, սակայն աշխատավարձ ստանում է, որովհետև ժամանակը չի օգտագործում որևէ մասնավոր կամ այլ նպատակի համար։ Ձեզ այս բացատրությունը բավարարու՞մ է։
-Նա ստանում է աշխատավարձ, որպեսզի աշխատի ՍԴ դատավոր կամ անդամ։ Եթե նա չի իրականացնում այդ գործառույթը, ուրեմն ստանում է ապօրինի գումար, անաշխատ գումար։ Նա որպես ՍԴ դատավոր-անդամ չի գործում, որևէ գործառույթ չի իրականացնում։ Հետևաբար հանրությունը և Գրիգորյանին ՍԴ գործուղած քաղաքական ուժը սրանից պետք է հետևություն անի և հետո ցանկացած դեպքում երբ ուզում ես գործ չանել, հազար ու մի պատճառ կգտնես։ Եթե այլընտրանքային կարծիք լինելու համար է ԱԺ-ն գործուղել ՍԴ, ուրեմն պետք է գոնե էդ գործառույթն իրականացնի։
-Իսկ եթե ԱԺ-ն նույնպես համաձայն է Վահե Գրիգորյանի հետ, և ԱԺ-ն նույնպես ելքեր է ման գալիս, որպեսզի հանգուցալուծի այս խնդիրը։
-Ես պնդում եմ, որ վերջին ելքը սահմանադրական ճանապարհով, այն էր, ինչ իրենք օգտագործել են։ Եվ դրանից հետո ուղղակի պետք է նստել, հաշտվել այդ մտքի հետ և շարունակել աշխատել։ Եթե մենք էդպես ենք գտնում, որ ինչը հին է, դա վատն է, ուրեմն մենք պետք է շատ ու շատ հարցեր բարձրացնենք՝ Դատախազությունից, ԿԲ-ից, Մարդու իրավունքների պաշտպանից, տարբեր գյուղապետերից ու քաղաքապետերից։ Վանաձորի տարբեր խնդիրներով ընտրված քաղաքապետը դարձել է «Իմ քայլի» մոլի երկրպագու և «Իմ քայլը» ամեն գնով պաշտպանում է նրան։ Ինչի՞, որտեղի՞ց էս երկակի ստանդարտները։ Ինչու ԿԲ նախագահը հանկարծ լավը դուրս եկավ, նա եկավ Նիկոլ Փաշինյանին ասեց՝ ես քո ծառան եմ, ինչ ասես կանեմ, դրա համա՞ր, իսկ Հրայր Թովմասյանը չասեց, նա վա՞տն է։ Էդպես չի լինում։ Կամ կարմիր գիծ ենք քաշում և ասում, որ ով օրենքը խախտեց, անպայման պատժվելու է կամ եթե գնում ենք ամեն ինչ քանդելու ճանապարհով, եկեք ամեն ինչ քանդենք։ Եթե բոլոր նախկինները վատն են, ուրեմն բոլոր նախկինները վատն են։
-Պարոն Գորգիսյան, օրերս Սերժ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների ասել է, որ շուտով կխոսի։ Ըստ Ձեզ ինչո՞ւ է նա որոշել խոսել։
-Տեսնես ի՞նչ ունի ասելու։ Չեմ կարող ասել՝ ինչու է որոշել խոսել, բայց էնպես, ինչպես մեր հասարակությունը նրան ճանապարհեց, նա պիտի որ այլևս ասելիք չունենա։ Որովհետև իր ասելու և անելու համար բավականին երկար ժամանակ էր տրված նրան։ Հիմա գիտե՞ք՝ երբեմն ճիշտ ժամանակին հեռանալը պահանջում է քաջություն, խիզխություն և կամք։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է օգտվեր այդ հնարավորությունից, հեռանար և այլևս իր մասին չհիշատակեր։ Հիմա նոր ալիք է բարձրանալու, ատելության խոսքի նոր դրսևորումներ, սև ու սպիտակի բաժանում, նոր հակադրություններ և այլն։ Ինձ թվում է էդ էջերը պիտի փակենք, և նրանք, որոնք պիտի հեռանան, պիտի հեռանան։ Եթե ՀՀԿ-ն կարծում է, որ ասելիք ունի, դա պետք է արվի նոր մարդկանցով, նոր թիմով։ Ի վերջո, էդ կուսակցությունը ստեղծվել է նժդեհական գաղափարախոսության հիման վրա, գլուխ էին գովում, որ ունեն երիտթև։ Ես հիշում եմ՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մարդիկ շամպայն էին բացում, խորոված էին անում։
Մհեր Արշակյան
Մանրամասները՝ տեսանյութում: