«Հետագա մեր աշխատանքը նվիրվելու է օնլայն մեդիայի կարգավորումներին»․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
16.10.2019 | 19:37Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, որի առիթով Factor TV-ի եթերում զրուցում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ և նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում մամուլի ազատության վիճակը Հայաստանում։
-Շնորհակալ եմ առիթի համար, նախ շնորհավորում եմ նախկին ու ներկա գործընկերներին։ Ներկայիս մամուլի ազատության վիճակը ոչ միայն ես, այլև միջագզային գործընկերները, որ արդեն մինչև տարեվերջ մամուլի ազատության ինդեքսով մամուլի ազատության վերաբերյալ իրենց կարծիքներով միջազգային կառույցներն էլ կարձանագրեն, իմ խորին համոզմամբ դրական տենդենց կլինի։ Ես կարծում եմ, որ այո, այսօր իսկապես մամուլը ազատ է։ Այլ հարց է, որ ազատ մամուլը դեռ այնքան էլ անկախ չէ։
-Ըստ Ձեզ, մամուլն ավելի շատ վնասու՞մ է նոր Հայաստանի կայացմանը, թե՞ օգնում։
-Էս հարցի վերաբերյալ թերևս տարբեր են կարծիքները, չեմ թաքցնի՝ իշխանության մեջ էլ կան տարբեր կարծիքներ, պատգամավորների մոտ։ Լինելով նախկին լրագրող կարող եմ ասել, որ երբեմն, այո, իսկ հիմնականում ապատեղեկատվությունը մարդուն կաշկանդում է․․․
-Մարդուն ասելով նկատի ունեք ընթերցողի՞ն, թե՞ պաշտոնյաներին․․․
-Պաշտոնյաներին, որոնց մոտ ստեղծվում է հոգեվիճակ, որ այո, երբեմն քո արած գործերը չի արժևորվում, տեսնում ես մամուլում ու քո մոտ ընկճվածություն է առաջանում։ Բայց ես որդեգրել եմ մի սկզբունք՝ ինձ համար ապատեղեկատվության, մանիպուլյացիաների դեմ լավագույն միջոցը կրկնակի եռանդով աշխատանքն է։ Միայն աշխատանքով հասարակությանը կարող ես ապացուցել, որ այն, ինչ լուսաբանում է մամուլը, իրականության հետ այնքան էլ աղերս չունի։ Ամեն դեպքում վատ ինֆորմացիան և՛ պաշտոնյաների, և՛ հասարակության մոտ որոշակի նստվածք տալիս է։ Ես ամենևին դեմ չեմ սուր, կոշտ քննադատությանը։ Մի բան է մտահոգում՝ չճշտված տեղեկատվությունը։ Եվ հատկապես, որ էդ չճշտված տեղեկությունն արտացոլվում է հատկապես վերնագրերում։ Մամուլը ինքը պետք է գիտակցի, որ ինքը պետք է լինի մամուլ և երբ լինի կայացած՝ ինքը կօգտվի պաշտպանության միջոցներից։ Օրինակ՝ «Հայելիի» դեպքը։ Մենք գործ ունենք մամուլի հետ։
-Լրագրողական 9 կազմակերպություն դատապարտեց «Հայելի» ակումբի վրա ձվերով հարձակումը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-ին։ Ըստ Ձեզ ի՞նչ պետք է արվի, որ սա լինի վերջին հարձակումը մամուլի դեմ։
-Ես չեմ կարող ասել, թե ինչ պետք է անել, որ այլևս չկրկնվի, որովհետև ես ինքս չեմ հավատում, որ հնարավոր է այնպես անել, որ այլևս չկրկնվի։ Նմանատիպ իրավիճակներ կարող են լինել եվրոպական զարգացած երկրներում, որտեղ մամուլը հայաստանյան մամուլից ավելի պաշտպանված է, բայց նման դեպքեր լինում են։ Ինձ համար կարևորը ոչ այնքան նմանատիպ դեպքերը բացառելն է՝ հասկանալով, որ չենք կարող բացառել նման դեպքերը, այլ օրենքի տառին համապատասխան պատժիչ միջոցառումներ իրականացնելը։ Տվյալ դեպքում քրեական գործը հարուցված է, սա լավագույն միջոցն է, որ մյուս քաղաքացիները տեսնեն, որ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն։
-Պարոն Գաբրիելյան, ըստ Ձեզ ո՞րն է նոր Հայաստանի մամուլի առաջին մարտահրավերը։
-Ամենաառաջինն այն է, որ ինքը նախ պետք է փորձի ձգտել կայանալ որպես ԶԼՄ։ Որովհետև ըստ էության երբ մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ մեզ մոտ այնպես չէ, որ օրենքները կամ պաշտպանության միջոցները նվազ են, քան ժողովրդավարական շատ երկրներում։ Ավելին, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան այնպիսի նոր սահմանափակումներ են ընդունում ֆեյքնյուզերի դեմ, որ դու հասկանում ես, որ մենք դեռ մի բան էլ ավելի լիբերալ ենք այս հարցում։ Բայց իրենք հասկացել են, որ կա մի շեմ, որը վտանգում է ազգային անվտանգությունը։ Իրենք հասկացել են, որ մի կետի է հասել մամուլը, որ ֆեյքնյուզ ասվածը չի դասակարգվում որպես մամուլ։ Կա նաև տեսակետ, որ ինքնակարգավորման որոշակի մարմիններ պետք է ստեղծել, այսինքն՝ իշխանությունը զերծ մնա ներգործության միջոցներից, որովհետև ամեն դեպքում մեծ է վտանգը, որ դա կարող է ինչ-որ պահի որոշակի գրաքննության տարրեր պարունակի։
-Ինչպես հասկանալ՝ ո՞րն է մամուլ, որը՝ ոչ, օրենսդրական կարգավորումներ պե՞տք է լինեն։
-Օրենսդրական կարգավորումներ կան։ Մենք գիտենք, որ 2000-ականների սկզբին է ԶԼՄ օրենքն ընդունվել։ Այնտեղ օնլայն մեդիայի վերաբերյալ կարգավորումները բացակայում են։ 20 տարվա ընթացքում համացանց է զարգացել, ամենատարբեր հաղորդակցության միջոցներով ինֆորմացիա է փոխանցվում, որոնք օրենքի տեսանկյունից ԶԼՄ-ներ չեն համարվում։ Օրինակ, Տելեգրամի տարբեր ալիքներ կան, որոնք տեղեկատվություն են փոխանցում, կամ նույն ինտերնետային կայքերը, որոնք հաշվի առնելով էդ օրենքը, որն ավելի վաղ է ընդունվել, հիմա նախ և առաջ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու օնլայն մեդիան, որովհետև իրենք դուրս են մնացել։ Հետագա մեր աշխատանքը նվիրվելու է օնլայն մեդիայի կարգավորումներին։
Մհեր Արշակյան
Մանրամասները՝ տեսանյութում: