«Մենք սերբերին ընկալում ենք որպես ոչ միայն հավատի, այլեւ ճակատագրի եղբայրներ». Արմեն Սարգսյանի հարցազրույցը սերբական «Politika» օրաթերթին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է սերբական «Politika» օրաթերթի հարցերին:
Հարց- Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռի կործանման հետևանքով: Հայաստանում ընդհանրապես ի՞նչ գիտեն Սերբիայի մասին, և ո՞րն է Ձեր առաջին միտքը Սերբիայի մասին:
Նախագահ Սարգսյան– Սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն: Պատմության ընթացքում հանուն ազատության մենք հաճախ ուս-ուսի պայքարել ենք նույն նվաճողի դեմ, 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի մեր ազգային-ազատագրական շարժումները եւ հայդուկային խմբակները սերտորեն համագործակցել են: Այսօր էլ, կարծում եմ, մեր մեջ ընդհանուր է պատմության դրամատիկ ընկալումը, որը բացատրվում է մեր երկու ժողովուրդների վիթխարի կորուստներով եւ ազգային ճակատագրի ընդհանրություններով:
Ասում են՝ ողբերգությունն ավելի է մոտեցնում մարդկանց։ Իսկապես, 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին մեզ օգնություն բերող սերբ օդաչուների ողբերգական մահը, հիշում եմ, խորը խոցեց մեր առանց այդ էլ վիրավոր սրտերը: Նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանը մեզ միշտ հիշեցնում է այն
Սերբիան, որը դեռ խորհրդային տարիներից մեր աչքին ըմբոստության եւ արժանապատվության խորհրդանիշ էր:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր երկու երկրները կանգնել են նույն մարտահրավերների առաջ՝ անվտանգության եւ զարգացման առումով:
Հարց-Միտումներն այնպիսին են, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հեռանում Սերբիայից: Հայ ժողովուրդը հայտնի է մեծ սփյուռքով և ողջ աշխարհում իր հարգարժան ներկայացուցիչներով: Ինչպիսի՞ն են հարաբերությունները մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ի՞նչ դասեր կարող են սերբերը քաղել ձեր փորձառությունից:
Նախագահ Սարգսյան – Հայկական սփյուռքը հին եւ բազմաշերտ է, տարածված մեր սահմանակից երկրներում եւ գրեթե աշխարհի բոլոր ծայրերում: Հին համայնքները ժամանակի ընթացքում իրենց բնակած երկրներում ձեւավորում էին իրենց հոգեւոր-մշակութային կենտրոնները, արհեստավորական եւ առեւտրային ցանցերը, հաճախ հիմնում էին քաղաքներ եւ գյուղեր, ինչպես Սեւ ծովի հյուսիսային ափերից մինչեւ Կարպատներ եւ Տրանսիլվանիա, ուր մինչեւ այսօր դեռ գոյություն ունեն հայկական բնակավայրեր:
Որոշ տեղեր հայերը տեղական ինքնակառավարում ունեին՝ իրենց օրենքներով եւ դատաստանագրքերով, ինչպես, օրինակ, Լեհաստանում եւ Տրանսիլվանիայի հայկական քաղաքներում: Այլ տեղերում ուժեղ էին հոգեւոր ու կրթական կենտրոնները, ինչպես Երուսաղեմի Հակոբյանց միաբանությունը, որը մինչեւ այսօր լատինների եւ հույների կողքին Սուրբ վայրերի պահապաններից է, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որն իր կրթական ցանցն էր տարածել աշխարհով մեկ, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որը հետագայում վերածվեց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, ուր պատրաստում էին դիվանագետներ ու թարգմանիչներ:
Ձեռներեց եւ առեւտրի ու արհեստների մեջ հմուտ հայերն առեւտրական արտոնություններ էին ստանում Միջերկրականի աֆրիկյան եւ եվրոպական ափերից սկսած մինչև Պարսկաստան, Ռուսաստան, Հնդկաստան ու Սինգապուր: Ժամանակին այդ վիթխարի ցամաքային եւ ծովային ճանապարհների վրա հայերը դարձան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտուրի անշրջանցելի գործոն:
Այս ձևով հայկական կյանքը զարգացել է զուգահեռ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:
1918թ. Հայաստանի պետականության վերականգնումից հետո աշխուժացան կապերը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ. հարյուր հազարավոր հայեր 20-ական թվականներին, եւ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սկսեցին վերադառնալ Հայաստան՝ վերաշինելու այն, ինչ 1-ին համաշխարհային պատերազմից հետո մնացել էր մեծ Հայրենիքից: Խորհրդային Հայաստանի համեմատական արագ զարգացումը որոշ առումով պայմանավորված էր դրսից եկած հայերի մասնագիտական բարձր կարողություններով:
Այսօր Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ աշխարհի այլ երկրների ստվար հայ համայնքների հետ կապերը դարձել են ավելի բազմազան ու գործնական: Դրանք մի կողմից ուղղված են Հայաստանի զարգացմանը, մյուս կողմից՝ Սփյուռքի կարիքների բավարարմանը՝ հատկապես ինքնության պահպանման ուղղությամբ:
Գիտեմ, որ ձեր սփյուռքն էլ հայրենասեր է եւ կապված Սերբիայի հետ: Ի դեպ, շատ երկրներում սերբական սփյուռքը պաշտպանում է հայկական սփյուռքին, հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին, որի համար մենք երախտապարտ ենք նրան:
Երկուսս էլ կշահենք, եթե հայկական և սերբական սփյուռքյան կառույցները համագործակցության ուղիներ գտնեն, իսկ որոշ ոլորտներում՝ համակարգված աշխատեն: Թե՛ Հայաստանի, թե՛ Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություներն ակտիվ են այս գործում, եւ փորձառության փոխանակումն ու հնարավոր համագործակցությունը կարող են արդյունավետ լինել:
Հարց-Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի մյուս բևեռների հետ: Ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
Նախագահ Սարգսյան- Հայաստանն իսկապես գտնվում է յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, ուր խաչվում են քաղաքակրթություններ եւ շահեր։ Հայաստանը կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում ներգրավվածությունը խորացնելը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը: Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից են միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումները հասկանալի դարձնելը և դրանց համար աջակցություն ապահովելը: Հայաստանը ցանկանում է հաստատել հարաբերություններ՝ հիմնված բաց սահմանների և գործընկերության վրա՝ մշտապես պատրաստ լինելով առողջ երկխոսության:
2015թ. անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ 2017թ. ԵՄ հետ ստորագրելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանը դարձել է եզակի կամուրջ այս երկուսի միջեւ: Սա լավագույնս կարող է օգտակար լինել թե մեզ, թե մեր բարեկամների ու գործընկերների համար։ Մենք սա բացատրել ենք երկու կողմի մեր գործընկերներին, և այս հարցում կարծես կա ընդհանուր ըմբռնում:
Հարց- Հայ բանաստեղծ և մշակութային ակտիվիստ Բաբկեն Սիմոնյանը սերբերին և հայերին անվանել է տառապանքի եղբայրներ: Նորին Սրբություն պատրիարք Իրինեյը, խոսելով Խորվաթիայում սերբերի ջարդերի մասին, ասել է, որ միայն հայերը, հրեաներն ու սերբերն են նմանօրինակ հետապնդումների ենթարկվել: Այս ամենն ունենալով պատմական հիշողության մեջ՝ ինչպե՞ս են հայերն ապրում այսօր:
Նախագահ Սարգսյան – Եթե Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է Եվրոպայի համար, այն բաց վերք է մնում հայերիս համար: Մեր կորուստը վիթխարի էր. այդ պատերազմի յուրաքանչյուր տասներորդ զոհը հայ էր: Բայց մարդկային կյանքերի կորստից անդին շատ ավելի մեծ էր պատմական Հայրենիքի կորուստը: Հայերը գրեթե ամբողջությամբ քշվեցին այն տարածքներից, ուր նրանք ապրել էին հազարամյակներով եւ ստեղծել յուրահատուկ քաղաքակրթություն: Առանց վերադարձի իրավունքի մեզնից խլվեցին մեր տները, կալվածքները, եկեղեցիները, դպրոցները, մեր ողջ ունեցվածքը: Հետագա տասնամյակների ընթացքում մեր իսկ հայրենիքում հետեւողականորեն ոչնչացվեցին հայկական քաղաքակրթության հետքերը, այսօր այնտեղ մնացել են սոսկ հատուկենտ ավերակներ: Սփյուռքում ապրող հայերի համար, որոնց մեծ մասը 1915թ. ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, ինչպես նաեւ Հայաստանում ապրողներիս համար, դա խորը եւ անբուժելի տրավմա է եւ այդպիսին կմնա այնքան, քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունը մնում է անպատիժ:
Սակայն մենք փյունիկի պես ենք՝ մոխրանում ու կրկին հառնում ենք, այդ պատճառով էլ գոյություն ունենք անհիշելի ժամանակներից մինչեւ այսօր: Վկան՝ մեր այսօրվա պատմությունը, առաջ շարժվելու, զարգանալու, մեր ինքնությանը հավատարիմ մնալու հաստատակամությունն է՝ ուր էլ լինենք՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։
Նույնը՝ ձեր դեպքում. սերբ ժողովրդի կամքն ու ոգին եղել և մնում են ձեր հուսալի ապագայի գրավականը։
Հարց – Սերբ Մեծ Սուրբ և սերբական Սուրբ Սավա ուղղափառ եկեղեցու առաջին արքեպիսկոպոսը, ով 1218 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան, տպավորվել է հայկական եկեղեցիներով ու վանքերով և հրավիրել հայ ճարտարապետներին ու շինարարներին Սերբիա՝ մասնակցելու սերբական վանքերի և եկեղեցիների կառուցմանը, ինչը և նրանք արել էին: Վանքերի քարերի վրա արված սերբերեն ու հայերեն գրառումները ևս վկայությունն են այն բանի, որ սերբերն ու հայերը 13-րդ դարից ի վեր փոխադարձ բարեկամություն են ունեցել: Քանի որ շատ սերբեր հայերին դիտարկում են որպես քրիստոնյա եղբայրներ՝ կարո՞ղ եք մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպե՞ս է հայ ժողովուրդն ընդունում նրանց որպես հեռավոր, բայց հոգևոր առումով մոտ ժողովուրդ:
Նախագահ Սարգսյան– Հոգևոր կապն ավելի զորեղ է, քան տարածքը՝ լինի հեռու, թե մոտիկ: Հակառակ պատմության վայրիվերումների, մեր հոգևոր եղբայրությունը դարերով անքակտելի է մնացել հույների, ռուսների, պարսիկների, վրացիների եւ այլ հավատակից ու ոչ հավատակից ժողովուրդների հետ: Հայերի ու սերբերի պարագայում էլ դրանք բավականին հին ու խորն են։ Բելգրադում և Սերբիայի այլ վայրերում ժամանակին եղել են հայկական եկեղեցիներ, որոնք ավելի ուշ՝ 18-րդ դարում ավերվել են թուրքերի կողմից: Այդ եկեղեցիները նաև գրչության կենտրոններ են եղել, ուր գրվել են հայկական ձեռագրեր: Բելգրադում 1688-ին գրված «Տաղարանը» այսօր գտնվում է Նյուրնբերգի ազգային գրադարանում:
Իրենց հերթին, սերբ շատ գրողներ ու գիտության գործիչներ, մասնավորապես սերբական գրական նոր լեզվի հիմնադիր Վուկ Կարաջիչը, իրենց գրքերը տպագրել են Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության տպարանում, սերտ կապեր են հաստատել նրանց հետ: Մխիթարյան տպարանում է առաջին անգամ տպագրվել Վուկ Կարաջիչի հանրահայտ «Սերբական բառարանը» (1818թ.):
Այս կապերը խորը հետք են թողել երկու ժողովուրդների հիշողության մեջ: Այսօր մենք սերբերին իսկապես ընկալում ենք որպես եղբայրներ՝ ոչ միայն հավատի, այլեւ ճակատագրի:
Հոգեւոր եւ պատմական կապերի պահպանումը մշտական ուշադրություն է պահանջում, այլապես դրանք մնում են սոսկ հիշողություն: Այսօր մենք անհրաժեշտություն ունենք միմյանց ավելի լավ ճանաչել: Դրա ամենակարճ ճանապարհը մշակութային եւ գիտակրթական փոխանակումներն են, տուրիզմի զարգացումը, որոնց մասին ես կխոսեմ իմ հանդիպումների ընթացքում:
Հարց-Դուք այս օրերին այցով Սերբիայում եք: Որո՞նք են լինելու մեր պետական այրերի հետ հանդիպումներում քննարկվելիք հիմնական թեմաները:
Նախագահ Սարգսյան – Մեր ժողովուրդների պատմական կապերը եւ մեր առջեւ կանգնած ընդհանուր մարտահրավերները պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամությունը։
Իմ այցը բավականին հագեցած է. նախագահ Վուչիչի հետ մենք հնարավորություն կունենանք քննարկել հարցերի լայն շրջանակ եւ ձեռք բերել պայմանավորվածություններ: Հանդիպելու եմ նաեւ վարչապետ Անա
Բրնաբիչի եւ Խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Այցելելու եմ Բելգրադի Գիտական-տեխնոլոգիական պարկ, Գիտությունների ակադեմիա եւ այլն: Հուսով եմ՝ այդ հանդիպումների ընթացքում կուրվագծվի տարբեր ոլորտներում հայ-սերբական համագործակցության հագեցած օրակարգ:
Հայաստանում դեռ խորհրդային տարիներից զարգացած էին գիտատեխնիկական ոլորտը, մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը: Այսօր մեր երկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարն է տարածաշրջանում: Քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացած է նաեւ Սերբիայում, ես կարծում եմ, որ մեր օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի երկու երկրների համապատասխան ձեռնարկությունների միջեւ նոր տեխնոլոգիաների, մեծ քանակի տեղեկատվության կառավարման ծավալների ու արհեստական բանականության ոլորտներում համագործակցության սերտացումը:
Ես ձգտում եմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար: Դրան է ուղղված նախագահական նոր նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագիրը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել «Վաղվա թանգարան», գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, որոնց հետ նախապատրաստվում ենք համագործակցության փաստաթղթեր ստորագրել:
Այն աննախադեպ քաղաքական փոփոխությունների համատեքստում, որոնք կատարվեցին Հայաստանում ավելի քան մեկ տարի առաջ, եւ որոնք աշխարհում հայտնի են որպես թավշյա հեղափոխություն, ես համարում եմ, որ մեր երկրի կարևորագույն առավելությունը երիտասարդական ու նորարական ոգին է: Մեր երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում: